«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԳ նախարար Արման Մելիքյանը մանրամասներ է հայտնել՝ ինչ էր կատարվում Արցախում, արդյոք Արցախում տեղի ունեցած վերջին ընտրությունը ազդեց հայաթափմանը:
Արցախի նախկին արտգործնախարարը նաեւ խոսել է արցախահայերի վերադարձի հավանականության մասին։
-Պարո՛ն Մելիքյան, տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցություններ են վարում, սակայն այդպես էլ մինչ օրս որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, հակառակ նրան, որ գործընթացը սկսվել է 44-օրյա պատերազմի ավարտին: Ավելին՝ Հայաստանի վարչապետն ասում է. «Ստորագրենք այն կետերը, որոնց շուրջ արդեն համաձայնություն կա», իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը մի քանի օր առաջ նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ՀՀ վարչապետի այդ առաջարկն անիրատեսական է եւ պետք է բոլոր կետերը համաձայնեցվեն: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, որեւէ փաստաթուղթ ստորագրելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք:
-«Խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին խոսելը, կարծում եմ, վաղ է: Լավագույն դեպքում՝ գուցե կարողանան ստորագրել մի արձանագրություն՝ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու նպատակահարմարության վերաբերյալ: Դա էլ միայն նրա համար, որ արդարացվի գործընթացի առկայությունը, որպեսզի ցույց տան, որ դեռեւս լիարժեք համաձայնություն չկա, սակայն կողմերը նպատակադրված են համաձայնություն ձեռք բերելուն: Մոտակա ժամանակներում դժվար թե խաղաղության պայմանագիր ստորագրվի:
-Գիտենք, որ այս օրերին, գործընթացին զուգահեռ, տարբեր երկրներ, միջազգային դերակատարներ հայտարարում են այն մասին, որ «Խաղաղության պայմանագրում» պետք է տեղ գտնի նաեւ արցախցիների վերադարձի հարցը: Անգամ ամերիկյան կողմն է նման հայտարարություն արել: Իսկ հայկական կողմը հակառակը՝ փակ է համարում վերադարձի թեման: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարել է, որ անիրատեսական է արդեն արցախցիների վերադարձը Արցախ: Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու է հայկական կողմը նման դիրքորոշում արտահայտել եւ արդյոք վերադարձի նախադրյալներ տեսնում եք:
-Նախադրյալներ արհրաժեշտ է ստեղծել, ձեւավորել: Այդ ուղղությամբ աշխատանք է պետք տանել: Հայաստանի գործող իշխանությունը այլ դիրքորոշում ունի. նա Արցախը չի համարում ինքնորոշվող միավոր, իսկ արցախահայությանը դիտարկում է որպես վտարանդի եւ փախստական: Ելնելով ՀՀ իշխանության դիրքորոշումից՝ կարելի է ենթադրել, որ Արցախի հայության ճակատագիրը լիովին թողել է Ադրբեջանին, դիտարկում է, որպես Ադրբեջանի ներքին հարց: Ադրբեջանն էլ իր հեթին Արցախի կարգավիճակի հարցը համարում է փակված հարց, իսկ արցախահայության վերադարձը կապում է Ադրբեջանի քաղաքացի դառնալու նախապայմանի հետ, ինչը արցախահայության համար անընդունելի է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՊԱՀՎԱԾՔԸ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած անախորժությանը։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ ընդհարում տեղի ունեցավ, նրանք սկսեցին միմյանց վիրավորել ու քաշքշել:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում Արգիշտի Քյարամյանի արձագանքին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ, ԱԺ-ն ներկայացուցչական ամենաբարձր մարմինն է, ինչ ասես՝ կարող են խոսել: Դուք ինձ ինչքա՞ն սուր հարցադրումներ եք անում, կամ ընդդիմադիրները… ԱԺ-ն հարցեր բարձրացնելու տեղ է»,-ասաց նա եւ հավելեց. «Աղազարյանը նաեւ տարիքով է մեծ։ Աղազարյանն էլ մեզ է առավոտից երեկո միշտ անհարմար վիճակների մեջ դնում, այդպես լիներ՝ պետք է բոլորս դանակն առնեինք ու Աղազարյանի հետեւից ընկնեինք, բայց այդպես չի լինում։ Պատգամավորն իր կարծիքն է արտահայտում, բայց երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման՝ իր տղայի հետ կապված քրեական հոդվածների լեզվով։ Ինձ համար դա ընդունելի չէ։ Պառլամենտն է մեր երկրի կայունություն ապահովողը»։
Նա նկատեց, որ խմբակցությունում այս հարցով քննարկում չի եղել, բայց այս հարցերին անպայման անդրադարձ կլինի։