«ՏԱՇԻՐ»-ԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՏՆՕՐԵՆԻՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԴԱՐՁՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը առողջապահության նախարարության փոխնախարար է նշանակվել, ինչը ՔՊ-ական «սկզբունքները» հարցականի տակ է դնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունը սկսել է ակտիվ քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսահպատակ մեծահարուստ Սամվել Կարապետյանից` «Տաշիր Գրուպից» խլելու հարցը։ Սրա ապացույցը եղան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանի պաշտոնանկությունները. վերջինս համակարգում էր էներգետիկ ոլորտը։

Սակայն այս իրողությանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում կայացրեց Լեւոն Հակոբյանին նշանակել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Հակոբյանը 2016-2019 թվականներին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում, վերջում` որպես տնօրեն:

«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ն եւս պատկանում է ռուսաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։ Արդյոք Լեւոն Հակոբյանի կենսագրությունը դիտարկելիս Անահիտ Ավանեսյանը հաշվի առե՞լ է այս հանգամանքը:

Հարկ է նշել եւ հիշեցնել, որ առողջապահության ոլորտը համակարգող նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ, փոխնախարարը եւս բժիշկ չէ, եւ շատ մասնագետներ աղաղակում են, որ ոլորտը տապալվում է:

Այս նախարարությունում պետականության գիտակցում ունեցողների ակնհայտ դեֆիցիտ կա. փոխնախարար Լենա Նանուշյանն իր որդուն ազատել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից, Ավանեսյանը որեւէ պատիժ չկրեց Աբովյանի դիահերձարանի հատակին լցված մեր հերոսների մարմինների հետ նման վերաբերմունքի համար:

Կարճ ասած` ամենաթողություն է այս համակարգում:

 

Նոր ոլորտներ նվաճելու բազմապրոֆիլ գործունեությամբ օժտված հատուկենտ անձինք կան։ Դիցուք՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Վահե Աղազարյանը, համաշխարհային գիտության օրրան Ֆիզիկայի ինստիտուտին մատակարարում է 845 հազար դրամի Ա 4 ֆորմատի թուղթ: Այո՛, «Ժողովուրդ» օրաթերթը այս տվյալները վերցրել է բաց աղբյուրներից: Նույն Վահե Աղազարյանը միաժամանակ ՀՀ ԿԱ պետգույքի կոմիտեի ավտոմոբիլներն է աստղաբաշխական գնով վերանորոգում: Օրինակ՝ 2013 թվականին «Տոյոտայի» յուղն է փոխում 1.2 միլիոն դրամով (տե՛ս փաստաթուղթը «Արմլուր» լրատվական կայքում)։ Հեղափոխությամբ ծնված նորօրյա բիզնեսմենները գուցե ավելի արագ մոտեցնեն ծնողների քաղաքական վախճանը, քան ընդդիմության միտինգների առաջնորդները։ Արգիշտի Քյարամյանին, թերեւս, չէր խանգարի հաճախ մամուլ ընթերցել, իրականության հետ առերեսվել եւ Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն դարձած որդիներին մոտիկից ծանոթացնել տարբեր օրենսգրքերի:

 

 

Ավարտական փուլում է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը, ու առաջիկայում նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի: Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։ ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ. երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են: Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը չի ընդունում մեղադրանքը, եւ այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում:

 

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը։ Իշխանական պատգամավորը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքի համաձայն 3-6 տարի է, երկարեցվի՝ ընդհուպ 15 տարի։ ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասում է՝ թմրանյութերի շրջանառության համար նախատեսված 3-6 տարի պատիժն անհամաչափ է. «Պետք է լինի սպանության կամ սպանության փորձի պատժի չափով, օրինակ՝ մինչեւ 15 տարի»։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ լսումների ժամանակ հայտարարեց, որ դատարանից դատավորը գրավի դիմաց բաց է թողնում տվյալ արարքը կատարողին, քանի որ դա ծանր հանցագործություն չի համարվում, պետք է համարվի ծանր հանցագործություն, որպեսզի դատավորը, ով ստորագրությամբ բաց է թողնում, իմանա, որ չենք թողնելու»,- ասաց նա։ Իսկ ե՞րբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ. Սարգսյանն ասաց, որ նախագիծը դեռ մշակման փուլում է. «Խմբակցությունում պետք է քննարկենք, հետո` կառավարության մեր գործընկերների հետ եւ նոր դնենք շրջանառության մեջ։ Ճիշտ է, երկար կտեւի, բայց կարեւոր է սրա մասին խոսելը, որպեսզի թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող մարդիկ իմանան՝ խիստ պատժվելու են»,- ասաց Սարգսյանը: Թերեւս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեծ դիմադրություն չցուցաբերի այս նախագծի մասով՝ հաշվի առնելով անցյալում նրա ունեցած առնչությունը թմրանյութերի գործով:

 




Լրահոս