Արգիշտի Քյարամյանի հայտարարությունն Աղազարյանի մասով պետք է իրավապահների ուշադրությանն արժանանա. ԱԱԾ նախկին տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ Ազգային Ժողովում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջադեպի, Կոմիտեի նախագահի հասցեին հնչած «ռեպլիկի» եւ այդ դեպքից հետո ծավալված իրադարձությունների մասին։

ՀԱՐՑ 1. Պարոն Համբարձումյան, Դուք որպես բարձրաստիճան սպա, ով ղեկավարել է կարևորագույն կառույցը, որը ղեկավարել է Արգիշտի Քյարամյանը, կխնդրեի գնահատել նրա վարքն օրենսդիր մարմնում։

Պատասխան – 2020 թվականի մայիսին ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում, երբ նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, իմ ղեկավարման ներքո գտնվող կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության 5-րդ դեպարտամենտի աշխատանքների կոորդինացումը վերապահվեց նրան։ Ես Քյարամյանին չեմ ճանաչել և իր հետ աշխատելու առիթ նախկինում չեմ ունեցել։ Չնայած համակարգում նոր մարդ լինելուն` կարճ ժամանակում նա ընկալեց իրավիճակը, դիրքավորվեց և, թույլատրելիի սահմաններում իր ինքնուրույնությունը պահպանելով, կարողացավ գործողություններ իրականացնել։ Քյարամյանի հետ աշխատանքս հեշտ է ստացվել, կար փոխադարձ վստահություն: Ես տեսնում էի, որ նա վախկոտ չէ, հնարավոր ձախողումներից ավելորդ չի ապահովագրում իրեն, մեզ հարվածի տակ դնելով, չի փորձում քծնանքով, ձևական ջանասիրությամբ հաճոյանալ վարչապետին, նրա մերձավոր թիմակիցներին։ Փոխադարձ վստահության արդյունքում 5-րդ դեպարտամենտի աշխատանքը նոր թափ ստացավ, չնայած եղել են նաև գործեր՝ հատկապես ներքին անվտանգությանն առնչվող, որոնցով, իմ կարծիքով մենք չպետք է զբաղվեինք։ Վարչապետի քաղաքական կամ մերձավոր թիմից նշանակումը նշված պաշտոնում, համենայն դեպս Քյարամյանին ես այդպիսին եմ համարել, հույս տվեց, որ ԱԱԾ-ն զերծ կմնա ավելորդ անվստահությունից, կառուցվածքային անհարկի ցնցումներից, ինչն այդ ժամանակահատվածում իսկապես այդպես էլ եղավ։

Այլ կերպ ասած՝ Արգիշտի Քյարամյանն ինքնուրույնություն, իր դեմքն ունեցող մարդ է՝ գաղափարով ու մոտեցումներով նվիրված վարչապետին։ Ընդհանրապես, կա մարդու տեսակ, ով անհարմար է դառնում շրջապատին, քանի որ չի հայտնվում ազդեցության տակ, ենթարկվում է բացառապես իր անմիջական ղեկավարին, դրանով իսկ լոկալ մնալով իր գործառույթների շրջանակներում։

Նկատի ունեցեք, որ «իր եսը» չունեցող, բոլորին հաճոյանալու պատրաստ ղեկավարը թուլացնում է կառույցը, խախտում նրա տեղն ու դերը իրավապահ համակարգի հիերարխիայում, որի ականատեսը, ցավոք, եղել եմ ոչ վաղ անցյալում՝ այլ ղեկավարի օրոք։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, կարծում եմ՝ այն տևական ժամանակ կողմերի միջև ձևավորված լարվածության հետևանք էր, որն այս կերպ դրսևորում ստացավ։ Ես հիշում եմ, որ մինչ այդ, մամուլում Քյարամյանին առնչվող մի շարք հրապարակումներ եղան, թե իբր նա է պատգամավորների հաջորդ թիրախը՝ Գրիգոր Մինասյանից հետո։ Անխոս, Քյարամյանը պետք է իրեն հավասարակշռված ու զուսպ պահեր, բայց չմոռանանք, որ ԱԺ-ում մենք ականատես ենք եղել շատ ավելի վատ ու պախարակելի, նույնիսկ խուլիգանական իրադարձությունների, ինչը չի ունեցել որևէ հետևանք ու այսօր մոռացության է մատնվել։

ՀԱՐՑ 2 . Արդյո՞ք Վանեցյանին նկատի ունեք ԱԱԾ նախկի ղեկավարներից, ով, «իր եսը» չունենալով, թուլացրել է կառույցը։

Պատասխան – Բացարձակապես, ես միշտ ասել եմ, որ Վանեցյանի շնորհիվ 2018 թվականի իրադարձություններից հետո ԱԱԾ-ն զերծ մնաց ցնցումներից, կառուցվածքային փոփոխություններից, օպերատիվ և ղեկավար կազմի «ջարդից»։ Նա նպաստեց նոր իրողությունում ԱԱԾ աշխատանքի կազմակերպմանը և հասարակության կողմից դրական գնահատականի արժանանալուն։ Նշածս պաշտոնյայի վերաբերյալ այլ մեկնաբանություն տալ չեմ ցանկանում, կարծում եմ՝ այսքանն էլ բավարար էր։

ՀԱՐՑ 3․ Նիստ հրավիրողը «տղայական պահվածք» բնութագրեց Քյարամյանի պահվածքը, Դուք կարծես չեք կիսում այդ կարծիքը։

Պատասխան – Ես զերծ կմնամ Քյարամյանի պահվածքը տղայական կամ տղամարդկային բնութագրելուց, քանի որ կրկնում եմ՝ Քյարամյանը պետք է իրեն հավասարակշռված ու զուսպ պահեր, անկախ պատճառներից ու դրան նախորդած իրադարձություններից, նրան դա պարտավորեցնում է զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքը։ Ընդհանրապես, քաղաքական իշխանության կողմից ուժային կառույցների կամայականությունների հանդուրժումը հանգեցնում է ամենակարողության, անպատժելիության թյուր պատրանքի, այս դեպքում՝ գուցե նաև դրա ականատեսն էինք։

ՀԱՐՑ 4 . Ըստ Ձեզ՝ բայց ինչպես կարելի էր միայն բարկացնելուց հետո կոռուպցիոն բացահայտում անել, ինչու մինչ այդ Աղազարյանի կոռուպցիոն ոտնձգությունների մասով վարույթ չի հարուցվել։

Պատասխան – Քրեական գործերին վերաբերող ամեն խոսակցություն, նույնիսկ միջամտության փորձ չէ, որ կարելի է դիտարկել որպես կոռուպցիոն երևույթ։ Չպետք է իրականությունից կտրված նման գնահատական հնչեցնել։ Բոլորս հասկանում ենք, որ պաշտոնյայի հետ կարող են տարբեր իրավիճակներում, տարբեր հարցերի հետ կապված քննարկումներ լինել, նույնիսկ՝ օգնության, օբյեկտիվության խնդրանքներ հնչեցվել։ Այստեղ կարևորն այն է, որ դա շարունակություն, հետևանք չունենա, օրինակ՝ կաշառքի գումարի շրջանառության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման իմաստով՝ իր բոլոր հետևանքներով։ Ամեն դեպքում, Քյարամյանի հայտարարությունը պատգամավոր Աղազարյանի մասով պետք է իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանա և դրանով քրեաիրավական գնահատական տրվի։ Ընդ որում, պետք է անդրադառնան նաև խնդրո առարկա քրեական գործի քննության օբյեկտիվությանը, քանի որ Աղազարյանը Քյարամյանի շահագրգռվածության մասով կասկած հնչեցրեց։

ՀԱՐՑ 5. Ինչո՞ւ եք փորձում արդարացումներ գտնել, ի վերջո սպան իրավունք ունե՞ր, ներողություն, «կուրաժիտ» լինել, որի մասով դահլիճից ռեպլիկ հնչեց։

Պատասխան – Քյարամյանի վարքագիծն արդարացնելու կամ մեղմելու որևէ միտում, ցանկություն չունեմ, նրա անձի բնութագիրը տալիս եմ օբյեկտիվ, ինչպես որ տեսել ու հասկացել եմ, անկախ այն բանից, թե ում կարող է դա դուր գալ կամ չգալ, ի վերջո՝ չպետք է խուսափել ճշմարտությունից ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար։

ՀԱՐՑ 6. Պարոն Համբարձումյան, ԱԱԾ-ից հրաժարական տալուց հետո Քյարամյանի հետ կապ ունե՞ք, շարունակո՞ւմ եք շփվել։

Պատասխան – Բացարձակապես, Քյարամյանի հետ վերջին անգամ շփում ունեցել եմ 2020 թվականի նոյեմբերի սկզբին, ավելի կոնկրետ՝ պաշտոնավարմանս վերջին օրը։ Դրանից հետո մինչև առ այսօր ես անձամբ կամ միջնորդավորված կոնտակտ չեմ ունեցել նրա հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ մի քանի տարբեր առիթներով հարցաքննության եմ հրավիրվել Քննչական կոմիտե։

ՀԱՐՑ 7. Տեղեկացանք, որ փաստաբանական գրասենյակ եք հիմնել, մասնագիտական ի՞նչ ուղղվածություն եք որդեգրել։ Բոլոր նախկին պաշտոնյաները՝ իրավաբանները, ի վերջո փաստաբանությամբ են զբաղվում։

Պատասխան – Այո, օրեր առաջ հիմնադրվել է «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ՍՊ ընկերությունը՝ քրեական, քաղաքացիական, վարչական ուղղություններով իրավաբանական ծառայություններ մատուցելու համար։ Իհարկե խորհրդատվություն է տրամադրվելու նաև անվտանգային, օպերատիվ խնդիրներին առնչվող հարցերով։ Հուսամ, կուտակածս փորձը, գիտելիքները կկարողանամ փոխանցել երիտասարդ փաստաբան գործընկերներիս արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար, բացի այդ՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միության իմ գործընկերների հնարավորությունները ևս կօգտագործվեն փաստաբանական գործառույթների շրջանակներում, հավատացեք՝ նման հնարավորություն, առավելություն փաստաբանական գործունեությամբ զբաղվող մեր մյուս գործընկերները պարզապես չունեն։

Դրական եմ համարում, որ իրավաբանի մասնագիտություն ունեցող նախկին պաշտոնյաները զբաղվում են փաստաբանական ծառայություններով, նրանց փորձը շատ կարևոր է այս ոլորտում։ Ես ընդհանրապես աշխատանքում չեմ խուսափել ոլորտային փոփոխություններից, չնայած՝ հեշտ է նույն տեղում, նույն գործն անելը։ Այդպես եղել է, երբ 2015 թվականի կեսերին ինձ առաջարկվեց զբաղեցնել ԱԱԾ ամենակարևոր ստորաբաժանումներից մեկի՝ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի պաշտոնը, որը չիրականացավ, քանի որ ղեկավարությունը նպատակահարմար գտավ նշանակել և ծառայությունս շարունակել քննչական դեպարտամենտի պետի պաշտոնոում, այդպես եղել է նաև 2018 թվականին, երբ ինձ վստահվեց կոռուպցիայի հակազդման և տնտեսական անվտանգության 5-րդ դեպարտամենտի պաշտոնը։

Քնար Մանուկյան




Լրահոս