Ուկրաինաական վերջին իրադարձություններից հետո, կարծես թե, մինչ այդ առկա աշխարհաքաղաքական ստատուս քվոն խարխլվում է: Դրա ազդանշանները տեսանելի են հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ ձգձգվող սիրիական ճգնաժամն անցած օրերին նոր զարգացումներ ունեցավ` ի դեմս թուրքիական զինուժի` Քեսաբի և հարակից բնակավայրերի վրա հարձակման: Այլևս ակնհայտ է դառնում, որ մեր բարդագույն տարածաշրջանում հետզհետե ավելի ու ավելի է սրվում երկբևեռ աշխարհում ռազմաքաղաքական հստակ կողմնորոշման խնդիրը:
Երբ անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ ռուսական ռազմաբազայում կտրուկ ավելացվելու է ռուս սահմանապահների թիվը, իսկ ռազմաբազան էլ նոր զինատեսակների լրջագույն համալրում է ստանալու, փորձագետներից շատերը դա պայմանավորեցին բացառապես հայ-ադրբեջանական հակամարտությամբ: Մինչդեռ այսօր արդեն տեսանելի է դառնում, որ Հայաստանում ռուսական զինուժի ներկայության մեծացումը պայմանավորված է ավելի մեծ` աշխարհաքաղաքական զարգացումներով:
Նաև դրանով է պայմանավորված առաջիկայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր ռազմական համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է միմյանց ուղղակի ռազմական օգնության տրամադրում` կողմերից մեկին դիմելու դեպքում:
Նշենք, որ նախորդ` 2010թ. թուրք-ադրբեջանական ռազմական համաձայնագրում երկկողմ ռազմական օգնության մասին խոսք չկար: Եվ դա նաև պայմանավորված էր այն հանգամանքով, որ նման փոխգործակցությանը դեմ էր հանդես գալիս ՆԱՏՕ-ն: Սակայն ուկրաինական զարգացումներից հետո, փորձագետների գնահատմամբ, ՆԱՏՕ-ն ոչ միայն այլևս չի ձգտում զսպել Թուրքիայի` տարածաշրջանում ռազմական ազդեցության ընդլայնման փորձերը, այլև աջակցում է դրանց: Ավելին, Թուրքիայում անգամ քննարկվում է այդ ռազմական համաձայնագիրը ոչ թե երկու, այլ երեք երկրի` Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կնքելու տարբերակը: Ու թեև առայժմ Վրաստանին ներգրավելու ծրագիրն ընդամենը խոսակցությունների մակարդակում է, չի բացառվում, որ առաջիկայում այն իրականանա, առավել ևս, եթե Ռուսաստանն իր կայսերապաշտական նկրտումներում առաջիկայում փորձի ավելի հեռուն գնալ և Վրաստանի հետ կապված նոր ագրեսիա նախաձեռնել:
Իսկ որ նման սցենարը չի կարելի բացառել, այսօր քչերն են պատրաստ վիճարկել: Ուստի՝ դեպի ՆԱՏՕ ձգտող Վրաստանն անելու է ամեն ինչ` իրեն հնարավորինս ապահովագրելու համար ռուսական ագրեսիայից:
Ամեն դեպքում, եթե անգամ նշված պայմանագիրը կնքվի առանց Վրաստանի, միայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև, դա արդեն իսկ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, որի միակ հույսը դարձյալ ու վերստին մնում է Ռուսաստանը: Այն Ռուսաստանը, որն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայկական գործոնը դարձնում է շահարկման առարկա` սեփական խաղերում: Վերջին օրինակը քեսաբահայության «սպանությունների» մասին ռուսների ծրագրված ապատեղեկատվությունն էր: