COP-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) միջազգային հանդիպում է, որը կենտրոնանում է կլիմայի վրա:
COP-ը ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հիմնական որոշումներ կայացնող մարմինն է: Այն ներառում է բոլոր «Կուսակցությունների» ներկայացուցիչներին, այսինքն՝ երկրներ, որոնք համաձայնել են մասնակցել եւ պարտավորված են ներկա գտնվել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային:
ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի COP-ը տեղի է ունենում ամեն տարի եւ հնարավորություն է բանակցելու նոր միջոցառումների շուրջ եւ վերանայելու Կողմերի առաջընթացը՝ ընդդեմ Կլիմայի փոփոխությունը սահմանափակելու ընդհանուր նպատակի:
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր COP համաձայնում է հայտարարության կամ պարտադիր համաձայնագրի հետ, որը հրապարակվում է համաժողովի վերջում: 2023 թվականին COP28-ում Կողմերը համաձայնել են ԱՄԷ-ի կոնսենսուսին:
Այնուամենայնիվ, COP-ը կարող է անդրադառնալ նաեւ պայմանագրային այլ մարմինների կառավարման ժողովներին: Բացի ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի COP29-ից, կան նաեւ երկու այլ կարեւոր բնապահպանական COP-եր, որոնք տեղի են ունենում 2024 թվականին Բաքվում։
Հայաստանը, համաձայն 2015 թվականին ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի տրամադրած տվյալների՝ ամեն տարի միջինում կլիմայի փոփոխության արդյունքում ունենում է 66,42 մլն ԱՄՆ դոլարի կորուստ։
Ասիայում կլիմայի փոփոխության պատճառով ամենաշատ կորուստները գրանցում է Պակիստանը 1 մլրդ 327 մլն ԱՄՆ դոլարի չափով, ապա հաջորդում է Ղազախստանը՝ 865.07 մլն ԱՄՆ դոլար։
Վերակառուցման եւ զարգացման բանկի տվյալներով՝ դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր լինելով՝ Հայաստանը կլիմայի փոփոխության տեսանկյունից ամենախոցելի երկրների շարքում է։ Հայաստանի համար կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունները, օրինակ` երաշտները, սողանքները, սելավները, եղանակային ծայրահեղ պայմանները, նշանակում են, որ կլիմայի փոփոխության հարմարվողականությունը երկրի համար առաջնահերթություն է։
Այս տարի, ինչպես նշեցինք արդեն, COP29-ը նշվելու է Բաքվում։ Հայաստանի իշխանությունների կողմից դեռ հստակ պատասխան չկա, թե համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նաեւ հստակ չէ արդյոք առհասարակ կմասնակցե՞ն, թե՞ ոչ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՇՆԱՆԱՑԱՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱՆԵԼ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետեւ, նրա խոսքով, դրանից Հայաստանը ստացել է «պետական սահման, խաղաղություն ու անվտանգություն, բայց փոքր հատվածում»: Կիրանցում բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայատարել է «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վա՜յ, էս ի՞նչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան ա…»: Կիրանցի բնակիչներին հարցրինք, թե իրենք սահմանի այդ հատվածում «խաղաղություն, անվտանգություն» զգո՞ւմ են։ Բնակիչներն ասացին, որ իրենք անհանգստություն եւ վտանգներ են զգում, քանզի ամեն օր տեսնում են Ադրբեջանին հանձնված տարածքում կանգնեցված Ադրբեջանի դրոշը, տեսնում են, թե այնտեղ ադրբեջանցի զինվորականներ են հայտնվում, ադրբեջանցիներն այդ տարածքում քեֆեր են անում։ Սահման դարձած պատի կողքին ապրող Կիրանցի բնակիչ Մհեր Ավալյանի ընտանիքն ամեն օր անհանգստությամբ է նայում սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տարածքում կատարվողին։ Ադրբեջանին հանձնված 64 հեկտար վարելահողերում, ի տարբերություն նախորդ տարվա՝ Կիրանցի բնակիչները ադրբեջանական 2 հենակետերի արանքում հայտնված տարածքում ընդհանրապես աշնանացան չեն արել։ Այս ամառ ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ այդ տարածքում մոտ 14 հեկտար հացահատիկը հնձելու համար Խերմիլի գյուղի միջով կոմբայն անցկացնեն, կոմբայնն այլ կերպ են անցկացրել: Ադրբեջանցիները իրենք են հնձել Խերմիլի գյուդի մոտակա տարածքում Կիրանցի բնակիչների ցանած մի քանի հեկտար ցորենի արտերը։ Սահմանազատումից, տարածքները հանձնելուց հետո Կիրանցում շատ քիչ թվով խոշոր եղջերավոր անասուններ են մնացել, մինչդեռ գյուղում թվով 14 կով պահողներ կային։ Քանի որ գյուղի արոտավայրերը հանձնվել են Ադրբեջանին, անցյալ տարի Սեւքարի անտառտնտեսությունը փշալարով փակել է Կիրանցից Ոսկեպար հատվածում գտնվող անտառը, Կիրանցը մնացել է առանց արոտավայրի:
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Դիլիջան քաղաքի բնակիչները հայտնեցին՝ երբ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի հետ կապված ինչ-որ գործարք են կատարում,Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, սեփականատերերից, բացի, կադաստրից տրված սեփականության վկայականը, պահանջում է հողամասի վերաբերյալ դատարանի վճիռ։ Բնակիչները զարմացած են օրենքից ՔՊ-ական համայնքապետի նման անտեղյակությունից։ Դավիթ Սարգսյանը նախկինում բենզալցակայանում լիցքավորող, նաեւ իր ավտոմեքենայով պատվիրատուներին ավազ ու ցեմենտ մատակարարող է եղել, նա ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ