ԻՆՉՈ՞Ւ Է ՓՈԽՎԵԼ Ա. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012), 2016 եւ 2024 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2020 եւ մեդալակիր Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019), ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն էր, սակայն իշխանության ներկայացուցիչներից եւ պետական մարմիններից եւ ոչ մեկը չշնորհավորեց չեմպիոնին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն, ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանը, որը պատեհ-անպատեհ առիթներով շնորհավորանքներ է հղում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կամ որևէ այլ իշխանավոր չհիշեց նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկի ծննդյան տարեդարձը:

 

Ինչո՞վ է վերջին օրերին զբաղված եղել ՀՀ իշխանությունը սպորտի ոլորտում:

Ժողովներ, ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողով, հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, «Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար եւ անընդհատ կրկնվող հեծանվարշավներ՝ երկրի վարչապետի գլխավորությամբ. ինչ խոսք, բավականին խիտ եւ հագեցած աշխատանքային շաբաթներ են եղել ԿԳՄՍ նախարարության եւ վարչապետի համար: Սակայն, արդյոք դա արդարացնո՞ւմ է այն, որ կարելի է մոռանալ Հայաստանին համաշխարհային սպորտային որորտում ամենաշատը համբավ բերած մարզիկներից մեկի ծննդյան տարեդարձը:

Ի՞նչ է ստացվում. փաստորեն, Հայաստանի այսօրվա իշխանությունների համար հեծանվարշավները, «Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարն ու գործընկերների հետ հանդիպումները շատ ավելի առաջնային են, քան երկրին պատիվ ու համբավ բերող մարզիկների հանդեպ հարգանքն ու վերաբերմունքը:

Ո՞վ է Արթուր Ալեքսանյանն ու ինչու պիտի պետական մակարդակով միշտ հիշվեն ու դրական վերաբերմունքի արժանանան այն մարդիկ, ովքեր ձեւավորում են մեր երկրի մասին միջազգային կարծիքը:

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։

2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր եւ աշխարհի չեմպիոն պատանիների 84 կգ քաշային կարգում։

2012 թվականի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալը։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթել է 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի՝ 2014 եւ 2015 թթ. լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:

2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը: 2017 թվականի օգոստոսին էլ Ալեքսանյանը Փարիզում կայացած ԱԱ-ում հռչակվել է չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է, 2011 թվականին արժանացել է նաեւ ՀՀ սպորտի վարպետի կոչման, մեկ տարի անց արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, իսկ 2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ




Լրահոս