Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը տրանսպորտի սակագնի թանկացման փորձը տապալելուց հետո ինչ-որ չափով երկրորդ խոշոր հաղթանակն էր հասարակության, և՛ հերթական սառը ցնցուղը, իսկ ավելի կոնկրետ ` խոր և համապարփակ մանթրաշը իշխանությունների համար:
Ինչո՞ւ ինչ-որ չափով հաղթանակ, քանզի ինչպես նշում են խնդրին քաջատեղյակները, կան որոշակի պարզաբանումներ որոշ ձևակերպումների առնչությամբ:
Ինչևէ, եթե հաշվի առնենք, որ պարտադիր բաղադրիչն ու վիճարկվող դրույթները ճանաչվեցին հակասահմանադրական, ապա ՍԴ-ի որոշումն իրոք կարելի է մեկ քայլ առաջ համարել:
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա վերջիններս ամեն կերպ փորձելու են հերթական անգամ հանդես գալ որպես իրավականության ու օրինականության ջատագով, նշել, որ սա պետության հաղթանակն է:
Թե ինչպես է իշխող կուսակցությունն իրեն նույնացնում պետության հետ, եթե բազմիցս ապացուցել է, որ ինքը որևէ կերպ չի առնչվում ՀՀ-ի շահերի, նրա իղձերի հետ` սկսած ընտրություններից ու վերջացրած ժողովրդի համար չարիք դարձած բազում օրենքներով, հավանաբար, միայն «տոկոս խփող» վերնախավին է հայտնի:
Ինչևէ, փորձենք հասկանալ և ի մի բերել` ինչո՞ւ Սահմանադրական դատարանը 25 տարվա մեջ առաջին անգամ կայացրեց ինչ-որ չափով հանրօգուտ որոշում:
Առաջին և անվիճարկելի փաստակը` հասարակական հզոր քաղաքացիական ընդվզումն էր` ի դեմս «Դեմ եմ» նախաձեռնության, որը ՍԴ-ի` իրենց չբավարարող որոշումից հետո կվերածվեր քաղաքական շարժման` հրաշալի քառյակից վերածվելով հրաշալի հնգյակի:
Երկրորդ ` «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կարողացան կազմակերպված ձևով ծրագրել իրենց քայլերը, որոնցից մեկն էլ սպասվելիք գործադուլներն էին:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախաձեռնության անդամների մեծ մասն աշխատում էր երկրի համար կարևոր, երբեմն էլ նաև ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներում (ատոմակայան, բանկեր, Մետրոպոլիտեն), ակնհայտ է, որ սրանց անգործության դեպքում երկիրը կհայտնվեր կաթվածահար վիճակում:
Հասկանալով և գիտակցելով այս ամենը` իշխանությունը նախ փորձեց ամենաբարձր ` ՀՀԿ ղեկավարի մակարդակով ի լուր հանրությանը «ախմախությունը» չհիմնավորող փաստարկներ ներկայացնել թաքնված մեսիջով, որը ևս հիմք դարձավ ՍԴ նախագահի համար ՝ կառչելու և չկայացնելու ինքնագլուխ որոշումներ (հիշենք նիստերից մեկի ժամանակ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հարցը` պատասխանող կողմին` իշխանությանը:
Ինչպե՞ս եք ընդունում մի որոշում, որին հասարակության 80 տոկոսը դեմ է):
Մեջբերենք ՀՀԿ ղեկավարի հայտարարությունը. «Գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում ՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար»:
Ապա երկրորդ քայլով ՝ «նավսյակի սլուչի», իշխանությունը փորձեց կիրառել իր հերթապահ, միաժամանակ ցանկացած շարժում վարկաբեկող մեթոդներից մեկը ` երկխոսություն կառավարության ղեկավարի մակարդակով ՝ այն էլ ուշացած:
Խայծը չկերան. փորձված աղվեսն էլ երկու ոտքով թակարդն ընկավ: Իսկ թակարդից դուրս գալու «ելքը» մեկն է ` կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի հրաժարականը ՝ հակասահմանադրական որոշումը հասարակության վզին փաթաթելու, իսկ ինչու չէ նաև ժամանակին ՀՀ-ի քաղաքացիներին արտագաղթի ճամփան ցույց տվող իր խորհրդին հետևելու համար:
Թե ի՞նչ քայլեր կձեռնարկի իշխանությունը ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ ՍԴ-ի այսօրվա որոշումը երկրորդ լավ նախադեպը կարող է լինել Տիգրան Սարգսյանի կողմից պարբերաբար շաբլոնի նման հնչող քաղաքացիական հասարակության կայացման ու իրավական պետության կառուցման համար ՝ փաստ է:
Սոնա Դավթյան