ՀՈՂ Է «ԳՆԵԼ» ԼԵՆԿԹԵՄՈՒՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզի մարզպետի տեղակալ է նշանակվել 2022 թվականին, սակայն այստեղ մի զավեշտ կա. չգիտես ինչպես՝ 1350 թվականին դեռեւս նա հողամաս է ձեռք բերել Շիրակի մարզի Առափի համայնքում։

67-ամյա համայնքապետ Ալբերտ Այվազյանը 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին ունեցել է 8 անշարժ գույք՝ 1 անհատական բնակելի տուն, 7 հողամաս։

Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր թվականների՝ 1350, 2000, 2018, 2019։

Թերեւս հարկ է նշել, որ փոխմարզպետը չէր կարող 1350 թվականին՝ 14-րդ դարում, ձեռք բերել հողամաս, քանի որ այդ շրջանում Հայաստանում Լենկթեմուրի արշավանքներն էին։

Հարկ է նշել, որ փոխմարզպետի շահագործման ներքո եւս 15 հողամաս կա, որոնք սեփականության իրավունքով նրան չեն պատկանում։ Բոլոր հողամասերը գտնվում են Առափի համայնքում, որտեղ 1996-2021 թվականներին համայնքապետ է եղել հենց Ալբերտ Այվազյանը։ Այսինքն՝ տարիներ շարունակ օգտվելով պաշտոնի ընձեռած հնարավորություններից՝ բաց չի թողել շանսը եւ հողամասեր է ձեռք բերել։

Ալբերտ Այվազյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել, սակայն հիշեցնենք մի դեպք, որը սկանդալային էր եւ պտտվում էր հենց փոխմարզպետի շուրջ։

Մամուլը դեռ նախորդ տարի գրել էր, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը երթեւեկում է սպիտակ «Լեքսուս RX 350» մեքենայով, որը պատկանում է Ախուրյան խոշորացված համայնքին։  Ըստ ահազանգողի՝ փոխմարզպետն այն օգտագործում էր որպես ծառայողական մեքենա, մինչդեռ Ախուրյան համայնքի ավագանին այն տրամադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Նշենք, որ այդ ընթացքում Ալբերտ Այվազյանը ՔՊ խմբակցության ղեկավարն էր։

Ալբերտ Այվազյանը պարզաբանել էր, որ այդ մեքենան եղել է Առափիի համայնքապետի ծառայողական մեքենան։ Իսկ Առափիի համայնքապետ 31 տարի շարունակ եղել է հենց ինքը, այսինքն՝ այդ մեքենան եղել է իր ծառայողականը։ Համայնքների խոշորացումից հետո այն բնականաբար անցել էր Ախուրյան խոշորացված համայնքին։

Մեքենան Այվազյանից բռնագանձել էին, ապա որոշ ջանքեր գործադրելուց հետո՝ այն վերադարձվել էր։

Ալբերտ Այվազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 650 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը փոխմարզպետի համար «համեստ» թիվ է կազմել՝ 23 մլն 852 հազար դրամ։

Տարեկան եկամտից միայն գրեթե 10,5 մլն դրամն է աշխատանքի վարձատրություն Շիրակի մարզի մարզպետի աշխատակազմից. եկամտից 738 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որը կազմում է ամսական գրեթե 61 հազար դրամ։ 2 մլն 151 հազար դրամը ապահովագրական հատուցում է, 5 մլն 632 հազարը վարկեր են, իսկ 1 մլն 489 հազար դրամը, չգիտես, թե ինչ եկամուտ է՝  ՀՀ Կառավարությունից. նշված է՝ «այլ եկամուտների տեսակ»։

Այվազյանի հայտարարագրի՝  ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 390 հազար դրամ, որից 22 մլն 472 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում: Նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը. վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։ ՔՊ Վարչությունը երկու անգամ նիստ է արել, որպեսզի նոր  նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն,  բոլոր թեկնածուներին մերժել է՝ կարողությունների բացակայության պատճառով: Նախարարի հիմնական թեկնածուները ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանն են եղել, որոնց լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: ՔՊ վարչությունը, սակայն, մերժել էր երկու թեկնածուներին էլ: Հիմա, փաստորեն, ՔՊ-ն նախարար է փնտրում կուսակցությունից դուրս, որպեսզի պրոֆեսիոնալների գտնի:

 

 

 

Հաջորդ շաբաթ գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կգնա խորհրդարան: Երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում կներկայացնի 2025 թվականի բյուջեի նախագիծը: Այնուհետեւ նախարարները, ուժային կառույցների եւ իրավապահ համակարգի ղեկավարները կներկայացնեն ոլորտային համակարգի բյուջեի նախագիծը: Նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ  սեպտեմբերին՝ Կառավարությունում խորհրդակցության ժամանակ, արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը:

 

 

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարծես թե, հ/կ չէ, եւ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու համար ստանում է մեր հարկերից գոյացած աշխատավարձը… Ինչեւէ` անիմաստ հարցադրում։ Ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի հետ համատեղ բնակվող Աշոտ Պողոսյանի՝ նրա հոր հայտարարագիրը՝ փորձում ենք կանխարգելել կոռուպցիան. Աշոտ Պողոսյանը 2021 թվականին հայտարարագրել է «զրո դրամ» եկամուտ եւ դրամական միջոց, որը իրատեսական է, քանզի նա երկար տարիներ է, ինչ չի աշխատում: Պողոսյանն ընդդիմադիր է՝ «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուս»-ի ակտիվ անդամ, սակայն կոմունիստ Աշոտ Պողոսյանը 2022 թվականին միանձնյա ռեժիմով ձեռք է բերել 29.3 միլիոն դրամով բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։ Հավելենք, որ Աշոտ Պողոսյանը 2023 թվականից է սկսել հայտարարագրել ունեցվածքը եւ որեւէ եկամուտ չի ունեցել՝ միայն չնչին կենսաթոշակ։ ՔՊ-ի հետ նիկոլական, կոմունիստների հետ կոմունիստ, այսպես, կոմպլեմենտար եղանակով Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ «թավշյա հեղափոխության» շնորհիվ սկսել է իր կարիերայի վերելքը։ Պատգամավորի օգնականից՝ պատգամավոր:

 




Լրահոս