Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր պայման է լինելու կա՛մ 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կա՛մ ՔյուԱր կոդի առկայությունը, որով հնարավոր կլինի վճարում իրականացնել։
Իհարկե, այս ամենը հասարակական տրանսպորտից օգտվող անձանց լիարժեք գոհունակությանը չի արժանացել, քանի որ, շատերի կարծիքով, այս ամենը խառնաշփոթ է առաջացնելու, անգամ՝ հերթեր, ինչպիսիք, օրինակ, եղան մետրոյում ժետոնների փոխարինումից հետո։
Այս թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի հետ։
-100 դրամանոցով կամ ՔյուԱր կոդով երթեւեկելը կբարելավի՞ տրանսպորտային համակարգը։ Ի՞նչ կտա այդ փոփոխությունը։
-Այս որոշման պատճառն այն է, որ քաղաքապետարանը ստեղծել է նոր մոնոպոլիա այն վճարահաշվարկային կազմակերպության համար, որը պետք է սպասարկի տրանսպորտային համակարգի վճարումները, եւ այսքան ժամանակ մարդիկ հրաժարվել են օգտվել այդ ՔյուԱր կոդերից, այն է թե՝ գնել տվյալ կազմակերպությունից։ Հիմա, քանի որ այդ կազմակերպության մուտքերը, ըստ ամենայնի, չեն ապահովվել այնքանով որքանով քաղաքապետարանը կամ առանձին պաշտոնյաներ ակնկալում էին, որոշում է կայացվել այնպես անել, որ ավելացվեն այդ մուտքերը։ Մետրոյում առաջին քայլով ժետոնները հանեցին՝ թողնելով, որ մարդիկ ստիպված լինեն գնալ եւ այդ ՔյուԱրով ձեռք բերել տոմս, հիմա նմանատիպ քայլ իրականացնում են ավտոբուսների համար։ Սա է այդ մոնոպոլիան, որովհետեւ այլ կազմակերպությունից, փաստացի, տրանսպորտի տոմս գնել հնարավոր չի լինելու։ Բնականաբար, սա տրանսպորտի բարելավման կամ միասնական տոմսային համակարգի ներդրման համար չէ։
-ՔյուԱր կոդով երթեւեկելը դժվարություն չի՞ առաջացնի մեծահասակների համար:
-Ես կարծում եմ՝ ՔյուԱր կոդից օգտվելը խնդիր կառաջացնի, բայց, եկեք նկատի ունենանք հետեւյալը. երբ մրցույթը կայանում էր այդ միասնական տոմսային համակարգի, ՔյուԱրը ընդամենը տարբերակներից մեկն էր, պետք է լիներ քարտային համակարգ։ Առ այս պահը մյուս մնացյալ կետերը, որոնք մրցույթի պարտադիր պայման էին, չեն իրականացվել, պայմանագրի ժամկետները խախտված են։ Քաղաքապետարանի պաշտոնյաները պարզապես աչք են փակում այդ հանգամանքի վրա՝ տպավորություն ստեղծելով, թե ի սկզբանե միայն ՔյուԱրը պետք է լիներ, ինչն այդպես չէ։ Բայց, քանի որ ՔյուԱրն էլ իր հերթին ձախողվեց եւ մարդիկ սկսեցին չօգտագործել, հիմա ասում են՝ 100 դրամանոց ունեցեք, կամ ՔյուԱր ձեռք բերեք, ինչը, իհարկե, աբսուրդի ժանրից է։
-Ընդհանուր առմամբ ի՞նչ է պետք անել տրանսպորտային համակարգի իրավիճակը ավելի լավը դարձնելու համար, որ այն չվատթարանա։
-Անհրաժեշտ է սպասարկող կազմակերպության օպերատորի ներգրավում, ինչը հիմա իրականացնում է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն, ակնհայտորեն իրականացնում է ոչ բարվոք իրավիճակում, իսկ եթե խոսում ենք հենց միասնական տոմսային համակարգի մասին, ապա պետք է ասենք, որ գործող պայմանագիրը եւ այն, ինչը մատուցում է շահած կազմակերպությունը, իրարից շատ հեռու են, եւ ցանկացած այլ նորմալ դեպքում սա պետք է արժանանար քաղաքապետարանի կողմից պայմանագրի լուծման, իսկ դա տեղի չունենալու դեպքում՝ պետք է հետաքրքրվեին, թե ինչու է քաղաքապետարանը աչք փակում մրցույթով նախատեսված պայմանների չիրականացմանը։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ