Ներդնել և կուտակել մեկ հպումով․ ինչպես կերտել սեփական բարեկեցությունը «Թել-Սել»-ի հետ միասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գրեթե յուրաքանչյուր ոք, ում գրպանում սմարթֆոն է, կարող է զբաղվել թրեյդինգով՝ արժեթղթերի առքուվաճառքով կամ պարզապես ներդրում անել։ Ուղղակի պետք է բացել սմարթֆոնը և տեսնել, թե ինչպես է որոշակի բաժնետոմսն «իրեն պահում» շուկայում։ Ապա՝ հավելվածի մի քանի հպումով դուք դառնում եք բաժնետոմսերի սեփականատեր։ Համաշխարհային միտումը հասել է Հայաստան:

«Թել-Սել» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, այս տարվա սեպտեմբերի 18-ին ազդարարեց սովորական ոչ փաստաթղթային բաժնետոմսերի առաջնային թողարկումը’ 1.54 մլրդ դրամ տեղաբաշխման ծավալով։ Մեկ բաժնետոմսի արժեքը սահմանվել է 400 ՀՀ դրամ, թողարկվել է 3.850 մլն հատ (ընկերության բոլոր բաժնետոմսերի 11%-ը): Այսպիսով, մինչև նոյեմբերի 30-ը (տեղաբաշխման ավարտը) «Բաց մի թողեք հեռանկարը» կարգախոսի ներքո ընկերությունը հնարավորություն է ընձեռնում յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից՝ ֆիզիկական, իրավաբանական անձ է, թե օտարերկրյա ներդրող, դառնալ «Թել-Սել» ընկերության բաժնետեր։ Բաժնետոմսերի ձեռքբերումը պարզ է և արագ. «Telcell Wallet» հավելվածի օգտատերերի համար՝ ընդամենը մի քանի հպումով, կամ՝ կապ հաստատելով տեղաբաշխողի (անդերրայթեր)՝ «Արմբրոկ» ներդրումային ընկերության հետ։ Մասնավորապես, Telcell Wallet-ում կարելի է գնել 1-ից (400 ՀՀ դրամ) մինչև 2250 բաժնետոմս (900,000 ՀՀ դրամ մեկ գործարքի համար), սակայն առաջին գնման դեպքում՝ առնվազն 10 բաժնետոմս: Մինչդեռ 900,001 դրամից ավելի բաժնետոմսեր մինչև 200 մլն․ դրամ (500 հազ բաժնետոմս), հնարավոր է գնել միայն «Արմբրոկ»-ի գրասենյակում։ Տեղաբաշխման ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում թողարկողը դիմելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ բաժնետոմսերը ցուցակելու համար։

«Մեր ընկերությունը 17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել մինչև բաժնետոմսեր թողարկելու որոշում կայացնելը։ Ֆինանսական ցանկացած ներդրումների հիմքում մարդկանց վստահությունն է, և մենք այդ վստահությունն այսօր ուզում ենք փոխանցել՝ նախ և առաջ ցույց տալով մեր անցած ճանապարհը, ընկերության կայուն աճն ու զարգացումը: Եվ սա միայն որպես սկիզբ. մենք մեր նոր բաժնետերերի համար նախատեսում ենք տարեկան շահույթի առնվազն 50%-ի տեղաբաշխում՝ որպես շահաբաժին (դիվիդենտ)»,-թողարկման մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

Երբ համընկնում են բիզնեսի և հանրության շահերը

«Տարեկան շահույթի 50% և ավելի շահաբաժինների (դիվիդենտ) տեղաբաշխում, տարեցտարի ապացուցված եկամտի կայուն աճ», – ահա հիմնական և առաջնահերթ առավելությունները, որ նշում է տեղաբաշխումն իրականացնող «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանում ներդրումների ուղղությունները դեռևս բազմազան չեն՝ հիմնականում գումարներն ուղղվում են անշարժ գույքի ձեռքբերմանը, կամ վստահվում են բանկերին՝ ավանդների տեսքով։ Իսկ սա կարող է դառնալ լավ այլընտրանք միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող անհատների և կազմակերպությունների համար։

«Ընկերությունը նոր չէ․ ունի վստահելի գործընկերոջ համբավ, որը վաստակել է իր 17-ամյա գործունեության արդյունքում։ Կարևոր է, որ ընկերությունն ունի ապագայի զարգացման հստակ տեսլական և թիրախներ։ Եվ, հաշվի առնելով ընկերության լայնածավալ աճը՝ կարող ենք վստահաբար ասել, որ ապագա բաժնետերերը կարող են եկամուտ ստանալ ոչ միայն դիվիդենտների տեսքով, այլև՝ ըստ կանխատեսումների, ակտիվի գնի աճի շնորհիվ (բաժնետոմսի գնի աճ)», – հավելում է նա։

Այսպես, ինչպես նշվում է թողարկման ազդագրում, «Թել-Սել» ԲԲԸ ծառայությունների համար շուկա է հանդիսանում ՀՀ տարածքը։ Ներկայումս ավելի քան 2,3 մլն մարդ օգտվում է ընկերության ծառայություններից, ինչը վկայում է ԲԲԸ-ի՝ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու մասին, իսկ Telcell Wallet հավելվածն ունի ավելի քան 1,9 մլն․ ներբեռնում։ Վերջինս հնարավորություն է տալիս օգտվել 450+ ծառայություններից մեկ հավելվածում։ Ընկերության էկոհամակարգի պրոդուկտների հետ օրական միջինում 220 հազար հպումներ են իրականացվում։ Վերջին 3 տարիների ընթացքում գործընկեր կազմակերպություններից Telcell Wallet-ի միջոցով ստացված սպառողական վարկերի ընդհանուր գումարն աճել է 720%-ով: Ապագայում հավելվածը կլինի բացառիկ ֆինանսական հարթակ՝ բանկային ապրանքների համար, հավաստիացնում են Telcell-ում։

2024-ին, ըստ կանխատեսման, ընկերության շահույթը կհասնի 2,2 մլրդ ՀՀ դրամի: Ընկերությունը կտեղաբաշխի տարեկան շահույթի առնվազն 50%-ը, որպես դիվիդենտ, իսկ մեկ բաժնետոմսի տարեկան եկամտաբերությունը կարող է հասնել 13%-ի (առաջին 7 ամիսների համար՝ 7,5%)։ Եվ այս եկամուտը ազատված է հարկերից։

«Ընկերությունը խոստանում է, որ եթե շահույթ ապահովի, ապա այդ շահույթի առնվազն կեսը կամ, միգուցե ավելին՝ համաձայն բաժնետերերի ժողովի, կվճարվի որպես շահաբաժին։ Հնարավո՞ր է արդյոք, որ շահաբաժին չբաժանվի, հնարավոր է։ Դրա համար պետք է շահույթ չլինի։ Բայց դատելով «Թել-Սել»-ի գործունեությունից, սին են մտավախությունները առ այն, որ այսուհետ ընկերությունը վնասով կաշխատի», – ասում է տեղաբաշխող ընկերության ղեկավարը։

Կմասնակցեն արդյո՞ք նոր բաժնետերերը ընկերության կառավարմանը

Հարցին «Արմբրոկ»-ի ներկայացուցիչը տալիս է միանշանակ պատասխան․ «Ի տարբերություն մի քանի այլ տեղական և համաշխարհային թողարկումների, սրանք սովորական բաժնետոմսեր են և նոր բաժնետերերն ունեն նույն իրավունքները, ինչ հները՝ 1 բաժնետոմս = 1 ձայն սկզբունքով։ Ամեն դեպքում ներկա բաժնետերերը խոստացել են, որ կողմ են քվեարկելու տարեկան շահույթի առնվազն 50%-ի տեղաբաշխմանը՝ դիվիդենտի տեսքով», – ասում է նա։

Անվտանգությունը, որպես առաջնահերթություն

Չնայած ընկերության նպատակն է մեծացնել բաժնետերերի շրջանակը, նրա կողմից սահմանվել են անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր «ֆիլտրացիոն» համակարգեր։ Այսպես, ըստ էության, Telcell բաժնետոմս կարող է գնել ցանկացած անձ, ում գաջետում առկա է Telcell Wallet հավելվածը, և նրանք, ովքեր կարող են մոտենալ «Արմբրոկ»-ի գրասենյակ կամ կապ հաստատել վերջինիս հետ ու հեռակա հաշիվ բացել։ Այնուամենայնիվ, թողարկման հասցեատեր չի կարող դառնալ «Փողերի լվացման մասին» օրենքի համաձայն ընթացակարգով չանցնող անհատը կամ կազմակերպությունը, նրանք, ովքեր չեն ստանում «կանաչ լույս» ավտոմատ ստուգման համակարգի և ապա՝ մասնագետների կողմից։ Այսպիսով, վստահեցնում է Կայֆաջյանը, Telcell ԲԲԸ-ի բաժնետոմսերը չեն կարող հայտնվել «անցանկալի» մարդկանց կամ շրջանակների ձեռքում։

Արամ Կայֆաջյանը վստահ է, որ Telcell ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումը ոչ միայն կարևոր դեր ունի Հայաստանում ներդրումային շուկայի կայացման գործում, այլև նպաստելու է հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Այդ տրամաբանության շրջանակներում սահմանվել է, որ մեկ ներդրողի համար գնման առավելագույն քանակը պետք է սահմանափակվի 500 հազ․ բաժնետոմսով (200 մլն․ ՀՀ դրամ)։ «Եթե մեկ անձը ձեռք բերի տեղաբաշխման ամբողջ ծավալը, դա կբերի երկրորդային շուկայում ընկերության ազատ շրջանառվող բաժնետոմսերի (free-float) անհրաժեշտ քանակի բացակայության: Իսկ դա կարևոր պայման է ընկերության բաժնետոմսերի իրացվելիության, շարժի համար։ Մեզ պետք է, որ բաժնետերն ունենա 100 հազ․ դրամի, 1 կամ 2, 5 կամ 20 մլն դրամի բաժնետոմս, մի օր դրանց մի մասը վաճառի, հետո նորը գնի և այդպես շարունակ։ Դա կապահովի ոչ միայն ընկերության բաժնետոմսերի գործառնությունների աճ, այլ նաև ընդհանուր շարժ շուկայի համար և ներգրավվածություն հասարակության կողմից», – նշում է «Արմբրոկ» ԲԲԸ ղեկավարը։

Տեղաբաշխման դերը ֆինանսական շուկայի զարգացման և համապատասխան մշակույթի ձևավորման տեսանկյունից

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը Հայաստանի ֆինանսական շուկայի համար կարևոր զարգացում է, քանի որ առաջին վճարահաշվարկային կազմակերպությունն է, որ դուրս է գալիս բաժնետոմսերի հրապարակային շուկա», – նշում է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։
ԿԲ ներկայացուցչի խոսքով, բաժնետոմսերի շուկայում զարգացումներն ավելի դանդաղ են ընթանում, թեև օրենքով շահաբաժնի հարկից ազատված են նաև ցուցակված բաժնետոմսերում ներդրողները։ Բացի դա, բաժնետոմսերի թողարկման համար ընկերություններն ավելի հասուն պետք է լինեն։ Այսպիսով, այս թողարկումը, իսկապես կարևոր քայլ է հայաստանյան կապիտալի շուկայում, որտեղ պարտատոմսերի թողարկումներն ավելի տարածված են։

«Պրոֆման» ոչ հրապարակային ներդրումային ֆոնդը կառավարող «Պրոֆման» ՓԲԸ տնօրեն, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Դավիթ Հարությունյանն ընդգծում է, եթե վերջին 15 տարիների ընթացքում պարտքային գործիքների շուկայում մենք տեսնում ենք թողարկողների և թողարկվող պարտատոմսերի ծավալի էական աճ, ապա բաժնային կապիտալի շուկայում բաժնետոմսերի թողարկումը (հատկապես ոչ բանկերի կողմից) կրում է էպիզոդիկ բնույթ։ Այս առումով ՀՀ տնտեսվարողները հաջողված օրինակների կարիք ունեն, իսկ բաժնետոմսերի հաջողված թողարկումները «քաջություն» են հաղորդելու (այդ թվում նաև գործընթացի վերաբերյալ գիտելիքների պակասի լրացման արդյունքում) տարբեր տնտեսվարողներին այսպես կոչված «բացվելու», այսինքն` իրականացնելու բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումներ։

Այսպիսով, այս թողարկման դրական դերը ակնհայտ է թե թողարկողի համար, թե՝ պոտենցիալ ներդրողի։ «Ընկերության տեսանկյունից բաժնետոմսերի թողարկումը թույլ է տալիս նրան ներգրավել կապիտալ՝ առանց լրացուցիչ պարտքային պարտավորություններ ստանձնելու, ինչը կարող է վճռորոշ լինել ԲԲԸ-ի ընդլայնման ֆինանսավորման կամ ռազմավարական այլ նախաձեռնությունների համար: Իսկ Telcell Wallet հավելվածի միջոցով բաժնետոմսեր գնելու հնարավորությունը նաև ավելի մատչելի է դարձնում ներդրումները լայն հանրության համար, ինչը առանցքային նշանակություն ունի ներդրումային մշակույթի զարգացման համար», – նշում է Արտակ Մանուկյանը։

«Եթե երկրի կապիտալի շուկան պասիվ չէ՝ անընդհատ նոր թողարկող է ի հայտ գալիս, դա նախ վկայում է նրա մասին, որ երկրում կան առողջ ընկերություններ, որոնք պատրաստ են գնալ արժեթղթերի տեղաբաշխման, ասել է թե՝ ավելի թափանցիկ և հաշվետու աշխատանքի, մյուս կողմից` դա խոսում է այն փաստի մասին, որ երկրում կա ներդրողների բազա, այսինքն՝ պետությունն աղքատ չէ, այլ ունի արդեն իսկ հարուստ հասարակություն։ Բացի դա, ինչքան շատ ցուցակված ընկերություն, այնքան մեծ հետաքրքրություն արտասահմանյան ներդրողի կողմից», – իր հերթին նշում է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Առքուվաճառք արտաբորսայում․ Խթանող, թե՞ սահմանափակող գործոն

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրենի խոսքով, համաշխարհային պրակտիկայում ընդունված երևույթ է՝ առաջնային տեղաբաշխում, այսինքն՝ առաջին անգամ վաճառքը իրականացնել արտաբորսայում (Over The Counter, ОТС), ապա հետագայում երկրորդային շուկա դուրս գալու համար անցնել ցուցակում բորսայում՝ կարգավորվող մարմնում, որին հասանելիություն ունեն բոլոր բրոկերները, թե տեղական, թե՝ արտասահմանյան։ Բացի դա, երկրորդային շուկան դարձնում է «թուղթը» գրավիչ, քանի որ բորսայում ցուցակվելուց և առևտրի թույլտվություն ստանալուց հետո, ներդրողը կարող է դիմել բրոկերի, հայտը դնել և իր արժեթուղթը վաճառել երկրորդային շուկայում, այլ ոչ թե անձամբ «լծվել» գնորդի փնտրտուքներին։

«Թեև արտաբորսայական առևտուրը թույլ է տալիս ճկունություն ունենալ արժեթղթեր գնելիս և վաճառելիս, ֆոնդային բորսաները շարունակում են մնալ խիստ կարևոր», – նշում է Արտակ Մանուկյանը։ Ֆոնդային բորսաների հիմնական առավելություններն են ավելի բարձր թափանցիկությունը, կարգավորումը և վերահսկողությունը, ինչպես նաև իրացվելիությունը։ Վերջինս նաև ապահովում է առավել կանոնակարգված միջավայր՝ արդար գնագոյացում, ստանդարտացում, և ներդրողների ավելի լայն շրջանակի համար մուտքի դյուրին պայմաններ: Հետևաբար, բորսաները շարունակում և շարունակելու են կարևոր դեր խաղալ ֆինանսական համակարգում, հավելում է նա։
Ամեն դեպքում, ինչպես նշում է «Արմբրոկ» ներդրումային ընկերության ղեկավարը, առաջնային տեղաբաշխման ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում, այսինքն` մինչև ս․թ․-ի ավարտը, թողարկողը, ինչպես և բոլորը, դիմելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ՝ բաժնետոմսերը կարգավորող շուկայում ցուցակվելու համար։ «Ներկա փուլում թողարկումն իրականացվել է արտաբորսայում զուտ հաճախորդների և ներկայիս ենթակառուցվածքների հարմարավետության համար։ Իսկ բորսայում ցուցակվելուց հետո բոլոր բաժնետերերին հնարավորություն կտրվի վաճառել և գնել բաժնետոմսեր երկրորդային շուկայում։ Այլ բան է, որ գնի երաշխիք ոչ ոք և ոչ մի պարագայում չի կարող տալ։ Այսինքն` հետագայում այդ թղթի արժեքը կկազմի 300 դրամ, թե, միգուցե՝ 500 կամ 600 դրամ, կախված է բացառապես ընկերության գործունեության արդյունքներից», – պարզաբանում է Կայֆաջյանը։

Տեղեկացված ես, ուրեմն՝ պաշտպանված ես․ արդյո՞ք բավարար է ֆինանսական գրագիտության մակարդակը

Հայաստանի Ֆոնդային բորսայի ղեկավար Հայկ Եգանյանն ընդգծում է տեղեկացված և ֆինանսապես գրագետ ներդրողի կարևորությունը։ Չկրթված, այլ կերպ ասած, համապատասխան տեղեկատվությունից զուրկ և ասել է թե՝ էմոցիաների հիման վրա որոշում կայացնող ներդրողը շատ ավելի վտանգավոր է, քան ասենք տվյալ պահին դրա սակավությունը, քանի որ, եթե որոշ ժամանակ հետո, ինչ-որ պահի, նրա ակնկալիքները չարդարացվեն՝ շահույթը չլինի սպասվածի չափ, դիվիդենդները տվյալ տարում չվճարվեն, դա կբերի մեծ խնդիրների կապիտալի շուկայի համար՝ հանրության մոտ առաջացնելով թերահավատություն արժեթղթերի շուկայի հանդեպ, ընդհանրապես, և թողարկող ընկերության հանդեպ, մասնավորապես։

Միևնույն ժամանակ AMX գլխավոր տնօրենը դժվարանում է պատասխանել, թե ՀՀ բնակչության քանի տոկոսն է ֆինանսապես գրագետ։ Այդ համատեքստում ապագայում ծրագրում են հիմնել AMX Academy։ «Այդ ծրագրով պետք է գնանք համալսարաններ, բանկեր, բարձր եկամուտ ունեցող մարդկանց մոտ և փորձենք բացատրել, թե ինչ լավ բան է կապիտալի շուկան, ինչքան գումար կարելի է այդտեղ աշխատել․․․ Ամեն ներդրող պետք է լինի ռացիոնալ, այլապես գերադասելի է, որ նա չզբաղվի դրանով», – պնդում է Եգանյանը։

ԿԲ խորհրդի անդամն իր հերթին նշում է, որ ֆինանսական գրագիտության մասով ՀՀ-ում շարունակական ջանքեր են իրականացվում։ Այնուհանդերձ, իր գնահատմամբ, դեռևս առկա են խորքային խնդիրներ, ինչի մասին են վկայում դեպքերը, երբ մարդիկ խարդախությունների զոհ են դառնում։ Ամեն դեպքում, կարծում է Ա․ Մանուկյանը, որպեսզի սպառողների վարքագիծը փոխվի, եւ նրանք բաժնետոմս գնեն, ֆինանսական կրթությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար գործոն է։ «Քաղաքացին պետք է զգա, որ իր ներդրումն ապահով է, այսինքն՝ հետ կստանա իր ներդրած գումարը և ավելի մեծ օգուտ կստանա, քան, օրինակ, ավելի պասիվ ներդրում կատարելիս (ինչպիսին ավանդն է)։ Իհարկե, սա նաև ուղիղ համեմատական է երկրի կենսամակարդակի հետ։ Այն մարդիկ, որոնք դեռեւս չեն ձեւավորել խնայելու մշակույթ, չեն կարող ներդրումային գործունեություն ծավալել։ Իսկ ովքեր արդեն ձեւավորել են այդ մշակույթը, ընկերությունների կողմից պետք է ստանան թափանցիկություն, ապահով ու եկամտաբեր ներդրման հնարավորություն։ Այս քայլերը պետք է իրականացվեն ընկերությունների կողմից. նրանք են արժեք ստեղծողները, իսկ գնողունակ պահանջարկը կարձագանքի այդ քայլերին», – վստահ է Մանուկյանը։

Իսկապես․Իսկ ինչու՞ բաժնետոմս, այլ ոչ թե ավանդ կամ պետական պարտատոմս

«Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենը խոստովանում է, որ եթե պետական պարտատոմսի և բանկային ավանդի դեպքում անհատը գերշոկային, ֆորս մաժորների բացակայության պարագայում կարող է ակնկալել իր գումարը գումարած մոտ 10% եկամուտ, ապա բաժնետոմսերի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել եկամուտի հստակ մեծություն։ Միևնույն ժամանակ, վերջնարդյունքին բաժնետոմս ձեռք բերած անձը կարող է ավելի շահած դուրս գալ։ «Այսինքն՝ պայմանական ասած, եթե «Թել-Սել»-ի շահույթը լինի կանխատեսված 2,2 մլրդ դրամից ավելի՝ 3 կամ 4 մլրդ դրամ, ապա բաժնետերը շահաբաժնի տեսքով կստանա ավելի շատ, քան պարտատոմսի դեպքում է, ենթադրենք 10, 15%։ Բացի դա, դեռ դրա կեսն էլ հավելյալ կկուտակվի ընկերության կապիտալում, իսկ ինչքան շատ կուտակվի ընկերության մեջ, այնքան շատ շահույթ կլինի հաջորդ տարի», – պարզաբանում է նա։

Տեղեկանք

«Թել-Սել» ԲԲԸ-ի ծառայությունների համար շուկա է հանդիսանում ՀՀ տարածքը։ Ներկայումս ավելի քան 2,3 մլն մարդ օգտվում է ընկերության ծառայություններից, ինչը վկայում է ԲԲԸ-ի՝ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու մասին, իսկ Telcell Wallet հավելվածն ունի ավելի քան 1,9 մլն․ ներբեռնում։ Վերջինս հնարավորություն է տալիս վճարել 450+ ծառայությունների դիմց մեկ հավելվածում։ Ընկերության էկոհամակարգի պրոդուկտների հետ օրական միջինում 220 հազար հպումներ են իրականացվում։ Վերջին 3 տարիների ընթացքում գործընկեր կազմակերպություններից Telcell Wallet-ի միջոցով ստացված սպառողական վարկերի ընդհանուր գումարն աճել է 720%-ով: Ապագայում հավելվածը կլինի բացառիկ ֆինանսական հարթակ՝ բանկային պրոդուկտների համար, հավաստիացնում են Telcell-ում։




Լրահոս