Նոյեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշում են բուսակերության ու բուսակերների օրը: Այս մարդիկ իրենց սննդակարգից և ոչ միայն սննդակարգից, բացառել են կենդանական ծագման ցանկացած արտադրանք. միս, կաթ, ձուկ, ձու, մեղր: Առանձնապես կարևոր է հիշել, որ կենդանական ծագման արտադրանք ասելով նկատի ունենք նաև կենդանու մորթուց, կաշվից պատրաստված հագուստ:
Այս հիշարժան օրվա առիթով BBC-ն 5 հետաքրքիր փաստ է առանձնացրել, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել վեգանների փիլիսոփայությյան մասին:
Եվ այսպես.
«Վեգան» տերմինն առաջին անգամ սկսել է շրջանառվել 20-րդ դարի կեսերին՝ 1944 թվականին, երբ բրիտանացի Դոնալդ Ուոթսոնն այդ գաղափարն առաջ բերեց՝ բարձրաձայնելով ու առանձնացնելով կաթից ու ձվից հրաժարված մարդկանց մասին: Հաղորդվում է, որ նման գաղափարի առաջքաշման պատճառներից մեկն էլ եղել է կաթի մատակարարմամբ զբաղվող գործարաններում կենդանիների հանդեպ վատ վերաբերմունքը: Աղբյուրը հատուկ ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ կենդանական մթերքից հրաժարվելու գաղափարը սկիզբ է առել դեռևս մի քանի հարյուր դար առաջ՝ Հնդկաստանի տարածքում: Նշվում է, որ այստեղ կենդանական սննդից սկսել էին հրաժարվել մեզնից դեռևս 2500 տարի առաջ: Սա, բնականաբար, կապված էր այդ երկրում ընդունված կրոնի գաղափարախոսության՝ կովերի սրբացման ու հոգիների փոխակերպման գաղափարախոսության հետ: Իսկ Եվրոպայի ներկայիս տարածքում հայտնի բուսակերներից է եղել ազգությամբ հույն մաթեմատիկոս ու փիլիսոփա Պյութագորասը:
«Մինթալ» ընկերության կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բուսակերների շուրջ կեսն այդպիսի կենսակերպ է սկսում որդեգրել, երբ տեղեկանում է առողջական խնդիրների առաջացման վտանգի մասին: Մասնավորապես, պարզվել է, որ տևական ժամանակ կարմիր մսի, օրինակ, տավարի մսի, վերամշակված մսամթերքի՝ երշիկի, նրբերշիկի օգտագործման դեպքում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Իսկ արդյո՞ք ճիշտ է այն տեսակետը, որ բուսակերները մսակերներից ավելի առողջ են լինում: Այո, բայց, այդուհանդերձ, շատերն են այն կարծիքին, որ դրանից նրանց կյանքը չի երկարում:
Որքան էլ զարմանալի է՝ պարզվում է, որ որքան աշխարհի տարբեր երկրներում մեծանում է բուսակերության գաղափարախոսության քարոզչության մասշտաբն, այնքան աստիճանաբար զարգացող երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, մեծանում է մսային սննդամթերք օգտագործողների թիվը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե սննդամթերքի տեսակի ընտրությունը շարունակվի այս տարբերակով, և եթե մինչև 2050թ․ մոտ 70 տոկոսով սննդի արտադրության ծավալները չմեծանան, ապա աշխարհում սննդամթերքը գրեթե կսպառվի:
Global Data Report-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում, միայն անցած 3 տարիների ընթացքում, բուսակերների թիվը 600 տոկոս աճ է գրանցել: Մեծ Բրիտանիայում անցած 10 տարիների ընթացքում բուսակերների թիվը 400 տոկոսով աճել է:
Բուսակերության խթանման գործընթացը նաև բիզնեսի յուրօրինակ տեսակ է դարձել: Հաղորդվում է, որ անցած մի քանի տարիների ընթացքում, ոչ մսային սննդատեսակների պահանջարկը մի քանի անգամ ավելացել է, իսկ նշանակվող դիետաների զգալի մասը կազմում է հենց բուսական ծագմամբ սննդատեսակների ընդունումը:
Վերջում աղբյուրն անդրադառնում է նաև բուսակերության բացասական կողմերին՝ նշելով, որ այն երբեմն քաոսային իրավիճակի պատճառ կարող է դառնալ: Եթե նախկինում բուսակերությունն ընկալվում էր որպես մսային սննդամթերք չընդունելու ցանկություն, ապա այժմ այն ինչ-որ առումով փոխել է իր իմաստը, ու մոլեռանդ բուսակերների մի մասը սկսում է հանդես գալ որպես կենդանապաշտպան: Մասնավորապես՝ բարձրացվում է հատկապես այդ պատճառով ֆերմերների կրած վնասների մասին: Որպես պատճառ նշվում է այն, որ մոլեռանդ կենդանապաշտպանները շատ ճահախ մուտք են գործում մսի վաճառակետեր ու մեծ վնաս հասցնում դրա տիրոջը՝ վնասելով ամբողջ մթերքը կամ խոչընդոտելով այդ կառույցի աշխատանքը: