Երեք օր առաջ՝ հոկտեմբերի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:
Նշենք նաեւ, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը եւս ստորագրել էր «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Այս թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
-Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ են ենթադրում սահմանազատման վերաբերյալ տեղի ունեցած վերջին դեպքերը։
-Ադրբեջանը պատճառ չուներ չստորագրելու այդ փաստաթուղթը, որովհետեւ այն բովանդակային առումով խոցելի է Հայաստանի համար։ Ադրբեջանն ուժեղ կողմ է եւ որեւէ խնդիր չունի՝ այդ փաստաթուղթը ստորագրելու, այստեղ այլ հարցեր են առաջանում. դա տեղի ունեցավ Կազանի հանդիպումից անմիջապես հետո, հետեւաբար հարց է ծագում՝ ինչի՞ դիմաց, արդյոք ինչ-որ բանի դիմա՞ց Ալիեւը ստորագրեց, այսինքն՝ ստացե՞լ է ինչ-որ բան Փաշինյանից, որ դա ստորագրել է, թե ոչ: Սա՝ մեկ, երկրորդ հարցը հետեւյալն է. փատաթուղթ ստորագրելը մի բան է, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը շարունակելն այլ բան է։ Մենք ընդամենը ստորագրության փաստը գիտենք եւ, օրինակ, տեղեկացված էլ չենք հաջորդ սահմանագոտին որն է, որտեղ պետք է այդ գործընթացը շարունակվի։
-Ընդհանուր առմամբ, ի՞նչ վտանգներ է այս ամենը պարունակում։
-Այդ կանոնակարգը, որը վավերացվեել է նաեւ Հայաստանի խորհրդարանի կողմից, չունի քարտեզային նկարագիր։ Երբ փաստաթուղթը քարտեզային նկարագիր չունի, միշտ հնարավորություն է տալու, որպեսզի տարբեր սահմանահատվածներում Ադրբեջանը կամայական մոտեցումներ ցուցաբերի, պահանջներ դնի Հայաստանի առաջ։ Ամեանառարկայական վտանգը դա է։ Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը, անընդհատ ինչ-որ բան անելու դիմաց՝ ինչ-որ բաներ է կորզելու Հայաստանից։ Ընդհանուր վտանգները սրանք են։
-Հայաստանը կրկին կգնա՞ զիջումներ անելու քայլին, ի՞նչ եք կարծում։
-Հետպատերազմյան ամբողջ վիճակն ինչի՞ մասին է… Ցավոք սրտի, հենց դրա մասին է, որ Հայաստանն անընդհատ ինչ-որ բան զիջել է։
-Կարծում եք՝ այս անգա՞մ էլ միակողմանի կլինեն զիջումները, թե՞ ամեն դեպքում Ադրբեջանն էլ, հնարավոր է, որոշ զիջումներ անի։
-Ադրբեջանի դեպքում ես որեւէ բան զիջելու պատրաստակամություն չեմ տեսնում։ Օրերս Հաջիեւը էլի խոսել է այդ մասին, որ Հայաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի առաջին պատերազմի, իրենց բառերով ասեմ, «հանցագործներին»։ Ցավոք, իրենց բառապաշարի մեջ չեմ տեսնում զիջելու պատրաստակամություն։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
2025թ. պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Երեկ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախատեսվում է, որ 2025թ. կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,6 տոկոսը, որը 2024թ. պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024թ. սպասվող ծախսերի համեմատ շատ է 0,6 տոկոսով։
ՀՀ ՊԱՐՏՔԸ 12 ՄԼՐԴ Է, ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է՝ 1 ՄԼՐԴ-ՈՎ ԿԱՎԵԼԱՑՎԻ
Կառավարությունը կանխատեսում է, որ 2024-ի վերջում պետական պարտքը կկազմի մոտ 49.8 տոկոս, իսկ հաջորդ տարի այն կաճի՝ հասնելով 53.5 տոկոսի: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
«Կանխատեսում ենք, որ 2024-ի վերջում կունենանք 50 տոկոսին մոտ՝ մոտավորապես 49.8 տոկոս պետական պարտք: 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53.5 տոկոսի, նոմինալ առումով կլինի 5 տրլն 914 մլրդ դրամ: Այսինքն՝ 5 տրլն 37 մլրդ-ից կաճի մինչեւ 5 տրլն 914 մլրդ դրամ»,-ասաց Հովհաննիսյանը՝ սա պայմանավորելով 2025-ին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով:
Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Զրույցի ընթացքում ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ այս իշխանությունների օրոք երկրի տնտեսությունը չի գործում եւ տնտեսական աճի թվերը, որոնք գրվում են առնչություն չունեն ՀՀ իշխանությունների հետ, այլ պարզապես կապված են ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաների հետ, քանի որ վերարտահանվում է ՌԴ-ից գնվածը եւ դա մեր տնտեսական զարգացման ցուցանիշ չէ:
«Քանի որ մոտենում ենք ընտրություններին, պետք է ամբոխահաճո ծախսեր անել, եւ դրա միակ տարբերակը պետական պարտքն է, ինչի համար էլ այն հասել է աստղաբաշխական՝ 12 միլիարդի, եւ նախատեսում են ավելացնել եւս մեկ միլիարդով», – նշեց Արթուր Խաչատրյանը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։
Տեղեկությունը հաստատել է քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ 2021 թվականի նոյեմբերին Գյումրիու 4-րդ քաղաքապետ ընտրված «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու։
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանը հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, արտահերթ նիստ կգումարի։
Օրակարգում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է։
Հեղինակները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանն են։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ