ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են:
Փառատոնի ամփոփիչ միջոցառմանն ազդարարվել են մրցութային ծրագրերի հաղթողները: «ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էին 41 ավարտական, 59 կարճամետրաժ եւ 8 լիամետրաժ մրցութային ֆիլմեր։
Ավարտական ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման է արժանացել Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «8-րդ օրը». հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։
Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի մրցանակը ստացել է Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը», իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում՝ Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»:
Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։
«ՌեԱ» փառատոնն այս տարի եւս հագեցած էր բազմաբնույթ ծրագրերով։ Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 250-ից ավելի ֆիլմեր, որոնց թվում էին Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի եւ Բեռլինի հայտնի անիմացիոն կինոփառատոներում ցուցադրված ֆիլմերը:
Փառատոնի շրջանակում Հայաստան էին ժամանել 20-ից ավելի մասնագետներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքով եւ գնահատելու հայ անիմատորների եւ երիտասարդ ստեղծագործողների տաղանդը։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակում իրականացվել է նաեւ ReA Comics Art ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը։ Մրցույթում 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը, 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը՝ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը, իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա:
Փառատոնի մյուս կարեւոր բաղադրիչի՝ MarAni անիմացիոն շուկայի CoReAct համարտադրության հարթակն այս տարի հյուրընկալել է 17 հայաստանյան նախագիծ։ Հարթակի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Այծեմնիկ» նախագիծը (ռեժիսոր/պրոդյուսեր` Էլինա Երկատյան):
1-ին տեղի մրցանակը շնորհվել է «Տատիկն ու ստվերը» նախագծին (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գեւորգյան եւ Seagull Production), 2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն է (ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյան), իսկ 3-րդ տեղում՝ «Քուլ Դաուն» նախագիծնը (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան եւ Zrah Studio)։
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի փառատոնն այս տարի նվիրված էր Հայկական անիմացիայի 85 եւ Հայ կինոյի 100-ամյակներին: Գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետարանն էր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՏԱՆԻՔԱՇԵՐՏՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ Է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։
Մասնավորապես, ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաեւ հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում՝ տեղադրվել է ջրամեկուսիչ եւ պաշտպանիչ շերտ, վերանորոգվել ու թարմացվել են նաեւ տանիքի այդ հատվածի ջրահեռացման համակարգերը:
Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո տեղացած անձրեւների ժամանակ որեւէ խնդիր չի առաջացել:
Տանիքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են պետական բյուջեի միջոցներով: Շուրջ 1200 քմ մակերեսով տանիքային հատվածի վերանորոգումը տեւել է 6-7 ամիս:
ԱՅԼԵՆ ՊՐԻՏՉԻՆԸ ՋՈՒԹԱԿԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա ջութակահար Այլեն Պրիտչինի մենահամերգը։ Երեւանյան համերգի ընթացքում Այլեն Պրիտչինը հանդես կգա մենանվագ ջութակի համար գրված ստեղծագործությունների կատամամբ։ Կհնչեն Յ. Ս. Բախի, Է. Իզայիի, Բ. Բարտոկի, Ա. Խաչատրյանի մենանվագ սոնատները։
«Ակնհայտ է, որ նա հատուկ ասելիք ունի եւ օժտված է բացառիկ երաժշտական տաղանդով, որը գերազանցում է կատարողական հմտության սահմանները» – այսպես է արտահայտվել ջութակահարի մասին Բրունո Մոնսենժոնը:
Այլեն Պրիտչինը Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է, Չայկովսկու, Կրեյսլերի եւ Վենյավսկու անվան միջազգային մրցույթների դափնեկիր, Մարգարիտ Լոնգ եւ Ժակ Տիբո մրցույթի առաջին մրցանակինիր։ Համարվում է իր սերնդի ամենավառ կատարողներից մեկը։ Որպես մենակատար եւ կամերային երաժիշտ՝ ակտիվ հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում:
Ելույթներ է ունեցել այնպիսի երաժիշտների եւ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Թեոդոր Կուրենտզիսը, Դավիթ Գերինգասը, Ալեքսանդր Մելնիկովը, MusicAeterna նվագախումբը, Մարիինյան թատրոնի նվագախումբը, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Թայվանի, Օսակայի եւ Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։
Կամերային երաժշտության բնագավառում Պրիտչինի մշտական գործընկերների թվում են Լուկաս Գենիուշասը եւ Յուրի Ֆավորինը, որոնց հետ լույս են ընծայել մի քանի սկավառակներ։ 2019-2020 թթ. Ad Vitam եւ Aparte լեյբլները թողարկել են Պրիտչինի կատարմամբ Պրոկոֆեւի, Բարտոկի, Բրամսի ստեղծագործություններով ձայնասկավառակներ։
2020 թվականից երաժիշտը Բրյուսելի եւ Անտվերպենի կոնսերվատորիաների պրոֆեսոր է։