ArmLur.am-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության նախկին ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:
Նրա հետ քննարկել ենք մասնավորապես Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները եւ դրա հետեւանքով առաջացած իրավիճակը:
-Պարո՛ն Զուրաբյան, Վրաստանի ընտրությունների ընթացքում Դուք որպես դիտորդ ներկա եք եղել, եւ այժմ տեսնում ենք, որ այնտեղ թեժանում է իրավիճակը. ընտրությունները թեպետ ավարտվել են, բայց կրքերը չեն հանդարտվում: Որպես ականատես՝ ի՞նչ կարող եք նշել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ, ի՞նչ էր կատարվում այնտեղ:
-Ես ամբողջական պատկերը չէի ընդհանրացնի միայն իմ տեսածով, բայց մի բան կարող եմ ասել. մենք եղանք մի քանի տեղամասերում՝ Թիֆլիսի Դիղոնի արվարձանում, ասորական երկու գյուղում, Ցխետայում, եղանք մի ավանում, որը 2008 թվականին էր ստեղծվել եւ էլի մի քանի ընտրատեղամասերում, որոնք մոտավորապես 12-ն էին, եւ այն, ինչին ականատես ենք եղել, եղել է շատ օրինական, քաղաքակիրթ եւ լավ կազմակերպված գործընթաց, որտեղ ամեն բան շատ հստակ էր: Բոլորի անվանաքարտերը մեծ եւ տեսանելի էին, այսինքն՝ տեսնում էինք, թե տեղամասում ով է միջազգային կամ տեղական դիտորդ, ով որեւէ կուսակցությունից է, ինչով են նրանք զբաղված եւ այլն: Հատկապես հետաքրքիր էր քվեաթերթիկների հաշվառման գործընթացը. դա սովորական քվեատուփ չէր, այլ կազմակերպված էր այնպես, որ քվեաթերթիկը ձգվեր հատուկ սարքի կողմից դեպի տուփը, եւ անմիջապես հաշվարկվեր թե ում օգտին է անցել ձայնը: Այսինքն՝ քվեարկության վերջում միանգամից կար արդյունք: Բայց այնպես չէր, որ միայն մեքենային էր վստահված հաշվելը. տեխնիկական փուլի ավարտից հետո նաեւ ձեռքով էին հաշվվում քվեաթերթիկները, եւ եթե այս երկու արդյունքները համընկնում էին, հաստատվում էր, որ քվեարկությունն անցել է թափանցիկ: Իհարկե, կային նաեւ որոշակի խնդիրներ. օրինակ՝ նշածս ասորական գյուղերում մենք նկատեցինք կուտակումներ տեղամասերի առաջ, եւ ակնհայտ էր, որ այնտեղ ինչ-որ ինտենսիվ գործողություններ են տեղի ունենում, քանզի այդ մարդիկ անմիջապես ցրվեցին, երբ տեսան միջազգային դիտորդներ են մոտենում, սակայն եթե ամփոփեմ, այն ինչ տեսել ենք, կարող եմ ասել, որ ավելի լավ ընտրություններ էին, քան 2017 թվականի հայաստանյան ընտրությունները, քանզի այդ ժամանակ ե՛ւ քաոսն էր ընտրատեղամասերում մեծ, ե՛ւ դրսում բաժանվող ընտրակաշառքն էր առկա. Վրաստանում խնդիրների նույն մասշտաբը չէր: Հետեւաբար հարց է ծագում նաեւ. այն ընտրությունները միջազգային հանրությունը հեշտ օրինականացրեց, իսկ այս ընտրությունները չի օրինականացնում, ու այստեղ ակնհայտ է, որ ոչ թե օբյեկտիվ գնահատականի հետ գործ ունենք, այլ աշխարհաքաղաքական գործընթացի, որտեղ երեւում է, որ Արեւմուտքը ոչ թե գնահատում է ընտրության գործընթացի որակը, այլ գնահատում է՝ արդյոք այս գործընթացի արդյունքում Վրաստանը հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանի հետ, թե ոչ: Սա տխուր է, իհարկե, եւ ամենատխուրն այն է, որ իսկապես լարված իրավիճակ է ստեղծվել Վրաստանում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԻՇԵԼՈՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ անցած տարի մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ազգային ժողովի հերթական ներկայացուցչական ծախսերի համար մեկ շաբաթում պետական բյուջեից հատկացվել է 3 միլիոն դրամ։
3 միլիոնից 1 միլիոն 900 հազար դրամով ԱԺ աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել AWI բրենդային ժամացույցների խանութ-սրահի հետ եւ ձեռք է բերել 32 ժամացույց՝ 25 հազարից մինչեւ 96 հազար դրամ արժողությամբ։
ԱԺ աշխատակազմի կնքած պայմանագրի համաձայն՝ ժամացույցները նախատեսված են արտասահմանյան պատվիրակների համար։
Ազգային ժողովի աշխատակազմը մեկ այլ եւ դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ի հետ, որը «Ռամադա» հյուրանոցում 1 միլիոն դրամով հյուրանոցային ծառայություններ է մատուցել Ազգային ժողով այցելած պատվիրակություններին։
Նշենք, որ «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հենց այս ՍՊԸ-ից էր 2019 թվականին տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը։
Ի դեպ, 2019 թվականին այս ընկերությունը ստացած մոտ 10 միլիոն դրամի դիմաց ազատվել էր ավելացված արժեքի հարկից, որովհետեւ 2019 թվականի դրությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ բարեգործական էր որակվել Գալյանի ամուսնու հետ առնչություն ունեցող ընկերության եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը։ Ըստ Ավինյանի որոշման՝ «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ն 9,616,250 դրամի հյուրանոցային ծառայություններ էր մատուցել՝ առանց ավելացված արժեքի հարկ վճարելու։
Ո՞Վ Է ԴԻՄԵԼ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՑՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստելու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար եւ նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել իրեն դիմողները:
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ վեճ էր ծագել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից շփվել։
Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»:
«Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին», – ասել էր Քյարամյանը։
Այս հայտարարության հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը:
Ասել է թե՝ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է պարզի՝ ովքեր են եղել այն երկու անձինք, որոնք զանգահարել են Արգիշտի Քյարամյանին ու գործի քննությանը միջամտել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականների շրջանում հետաքննություն է իրականացրել։
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ