Կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ նիստ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիստի ընթացքում քննարկվելու է ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի պահվածքի հարցը։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կուսակցության անդամների հետ, ներկա են եղել նաեւ իշխանական բոլոր պատգամավորները։
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։
Մեր տեղեկություններով՝ հանդիպման հիմնական օրակարգը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքն է եղել հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ, երբ վերջինս վիրավորեց ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստին շուրջ 40 ՔՊ-ական ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանի եւ Հովիկ Աղազարյանի վարքի հետ կապված։
ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանին պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանը տեւական ժամանակ է՝ տհաճ արտահայտություններ է հնչեցնում իր թիմակիցների վերաբերյալ, մշտապես կոնֆլիկտներ է ստեղծում, բոլորի հետ բղավելով է խոսում եւ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին մեղսագրում է կոռուպցիայի մեջ թաթախված լինելու կամ անբարոյականության մեջ։
ՔՊ նիստի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին ասել են, որ Անդրանիկ Քոչարյանը, լինելով այդ կարեւոր հանձնաժողովի նախագահ, փոխարենը զսպվածություն ցուցաբերի՝ մշտապես կոնֆլիկտների մեջ է մտնում թե՛ իր թիմակիցների, թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների հետ։
Ահա, այս բողոքները ներկայացնելուց հետո, ՔՊ-ականները նշել են, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է պաշտոնանկ արվի։
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ պաշտոնանկության նախաձեռնողները ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն են։
Նշենք նաեւ, որ Անդրանիկ Քոչարյանը չի սպասել, որ թիմակիցներն իր դեմ դուրս կգան, իսկ նման դժգոհություններն իր հասցեին լսելուց հետո՝ նա պապանձվել է, որեւէ կերպ չի արձագանքել։
ՔՊ նիստին նաեւ խստորեն քննադատել են Հովիկ Աղազարյանին, որ վերջինս իրավապահ ու ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումները վերածել է անձնական հարցերը լուծելու ժողովի։
Հովիկ Աղազարյանը եւս իրեն շատ վատ է զգացել ու չի իմացել՝ ինչ խոսի։
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցել՝ այս ամենը շատ բարկացրել է Նիկոլ Փաշինյանին, ու նա ասել է՝ շատ տհաճ է, որ իր քաղաքական ուժի ներսում նման միջադեպեր են լինում, իսկ ինքը տեղյակ չէր եղել։
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը թողնում է պատգամավորների որոշմանը, վերջիններս էլ ասել են, որ իրենք խմբակցության նիստ կանեն, կորոշեն Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, իսկ Հովիկ Աղազարյանի մասով քանի վարույթ կա հարուցված՝ թող իրավապահ համակարգը որոշի։
Այս շաբաթ, կարելի է ասել, թեժ է լինելու, ՔՊ-ն պետք է այս հարցով խմբակցության նիստ անի, եւ, մեր տեղեկություններով, ՔՊ-ում հակված են հեռացնելու Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս էլ ասել է, որ եթե իրեն պաշտոնանկ անեն, ապա մանդատը վայր է դնելու։
Ք. Մ.
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԶՐԿԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԻՑ
ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը դադարեցրել է «Մեդիահաբ» ՍՊԸ-ին պատկանող MediaHub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է աչքի ընկել։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ նա հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ Վահե Մակարյանը Ալեն Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, սակայն խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել է վիճաբանության, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել են ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չի թքել, եւ նույնիսկ չի հարվածել, այլ միայն բղավել է, հայհոյել եւ փողոցային վարքագիծ դրսեւորել:
Մինչ հրապարակումը «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ դեպքին առնչվող մանրամասներն իմանալու համար։ Ազգային Ժողովից ստացել ենք դեպքի վերաբերյալ հետեւյալ մանրամասները։
««Մեդիահաբ» ՍՊԸ-ին պատկանող MediaHub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանը 31.10.2024 թվականին Ազգային ժողովի տարածքում, մասնավորապես՝ Ազգային ժողովի ճաշարանի նախասրահում եւ դրան հարակից միջանցքում, մոտեցել է Ազգային ժողովի նախագահին. սադրող հարցադրումներ եւ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետի անձի եւ վերջինիս նախկին լրագրողական գործունեության վերաբերյալ։ ԱԺ նախագահը Վահե Մակարյանին հորդորել է չշարունակել խոսակցությունը, պահանջել է չվիրավորել ՀՀ վարչապետին, որին ի պատասխան՝ Վահե Մակարյանը բղավել է, անպարկեշտ արտահայտություններ արել նաեւ ԱԺ նախագահին հասցեագրված»։
ԱԺ աշխատակազմից ուղարկված պատասխանում, հղում անելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րր մասին, ինչպես նաեւ «ՀՀ ԱԺ լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» օրենքի 17-րդ կետի 3-րդ ենթակետով, ՀՀ ԱԺ աշխատակազմը որոշեց դադարեցնել «Մեդիահաբ» ՍՊԸ-ին պատկանող MediaHub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը։
Հետաքրքիրն այն է, որ պատասխանում իրավիճակը ներկայացված է միակողմանի։ Հարցական է՝ ինչու չկա այն դրվագը, որ Ալեն Սիմոնյանը, բացի զսպվածության կոչից, ուրիշ քայլեր է արել։ Լրագրողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ ունեցած զրույցում պատմել էր, որ ԱԺ նախագահը հայհոյել է իրեն եւ դրսեւորել է խուլիգանական պահվածք։ Սրան զուգահեռ ԱԺ պատասխանում դատապարտվում է միայն լրագրողի պահվածքը։
Հարկ է նշել, որ այն խրախուսելի չէ, սակայն, պետք է փաստել, որ ոչ մի իրավապահ կառույց ԱԺ նախագահի պահվածքին չի անդրադառնում։ Ստացվում է, որ անպատժելիությունը դարձել է ՀՀ իշխանությունների «օրակարգը»։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ