«Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց տարածաշրջանում, քանի որ Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ռուս մոդել Իրինա Զախարովան, սակայն ամեն բան այդքան էլ հարթ չընթացավ, ինչպես հնարավոր է, որ սպասում էին շատերը։
Հոկտեմբերի 23-ին պարզ դարձավ, որ ազգությամբ ռուս մոդել Իրինա Զախարովան չի ներկայացնելու Հայաստանը գեղեցկության մրցույթում, քանի որ մրցույթի կազմակերպիչների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջներին: Ըստ այդ կետի՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:
«Միսս Երեւան փրոդաքշըն»-ի գործադիր տնօրեն Արմինե Մուրադյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ, այո, Զախարովան Հայաստանի քաղաքացիություն չունի։
«Մեր ունեցած տեղեկությամբ՝ նա Հայաստանի քաղաքացիություն չի ունեցել եւ ազգությամբ էլ հայ չէ, իսկ «Միսս տիեզերք»-ի հստակ կանոններից է, որ անպայման տվյալ երկրի քաղաքացիություն ունենա մասնակիցը։ Ով այս տարի «Միսս տիեզերք»-ի լիցենզիա է ձեռք բերել, մենք իրենց հետ կապ ենք հաստատել եւ ասել ենք, որ այս պահին մենք ունենք մասնակից, որը Miss Grand International մրցույթին է մասնակցում, եւ անմիջապես՝ վերադառնալուց հետո, մենք պատրաստ ենք ամբողջովին վճարել «Միսս տիեզերք»-ի լիցենզիայի համար:
Ամենակարեւորը՝ այստեղ պետության անունն է դրված. մեզ համար դա էր ամենամեծ խնդիրը, որ մեր պետությունից գոնե հայ մասնակից գնար։ Մենք միակն էինք Հայաստանում, որ ունեինք «պատրաստի» մասնակից, որը լիարժեք կարող էր վերադառնալ եւ հաջորդ օրը մեկնել Մեքսիկա։ Նույնիսկ վիզայի հարցերն ենք լուծել, այսինքն՝ մեր բոլոր ռեսուրսները օգտագործել էինք դրա համար, միայն թե Հայաստանից ազգությամբ հայ մասնակից ներկայացնեինք, խայտառակություն չլիներ։ Յուլիա Պավլիկովան լիցենզիա ձեռք բերած ռուս մասնակցին եւս չի ներկայացրել մրցույթի օրենքների մասին։ Ինքը, միեւնույնն է, չի կարող գնալ, որովհետեւ խնդիր կա։ Իմ ոչ հավաստի աղբյուրներից կարող եմ ասել, որ Զախարովան, ով պետք է մասնակցեր մրցույթին, նույնիսկ պատրաստվում է դատի տալ եւ, կարծեմ, արդեն դատի է տվել այդ Յուլիային։ Այստեղ ե՛ւ մենք ենք տուժել, ե՛ւ պետության անունն է տուժել, ե՛ւ ռուս մասնակիցն է տուժել։ Ռուս մասնակիցը շատ լավ պատրաստված է եղել, մոտ 30-35 հազար դոլարի ծախս է արել։ Ստացվում է այնպես, որ այդ Յուլիան լիցենզիան վերցրել է ու խաբել է բոլորիս։ Այն հովանավորները, որոնք Յուլիային օգնել էին, պատրաստ էին նաեւ մեզ հետ աշխատել, աջակցել, որ միայն թե մրցույթին գնանք։ Բայց այստեղ Յուլիա Պավլիկովայի պատճառով, ստացվում է, որ բոլորիս մատների վրա պտտեցրին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնեց Արմինե Մուրադյանը։
Անդրադառնալով նաեւ նոր մասնակցին՝ Էմմա Ավանեսյանին, ով ներկայացնելու է Հայաստանը գեղեցկության միջազգային մրցույթում, Արմինե Մուրադյանն ասաց, որ «Միսս Երեւան փրոդաքշն»-ից ոչ ոք չի ճանաչում իրեն։
«Ազգությամբ հայուհի է, 32 տարեկան։ Ոչ ոք իրեն չի ճանաչում։ «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթն այս տարի ընդհանրապես ստանդարտներ չունի՝ տարիք, հասակ, ամուսնացած, չամուսնացած, երեխա ունի, չունի, նույնիսկ՝ հղի է թե ոչ։ Բացարձակ ստանդարտներ չկան։ Եթե մեր համաձայնությամբ լիներ ինչ-որ մեկի մասնակցությունը մրցույթին, մենք ոչինչ չէինք ձեռնարկի, նույնիսկ ով ուզեր՝ կգնար, բայց քանի տարի է՝ պայքարում ենք, որ մեր երկիրն այդ մեծ հարթակում լավ մասնակից ներկայացնի։ Մենք Գոհար Հարությունյանի հետ ընտրած թիմ ունենք դեռեւս նախկին մրցույթներից. այսինքն՝ մենք միշտ համագործակցում ենք, փորձում ենք ոլորտը կարգավորել։ Այն, ինչը տեղի է ունեցել եւ իրենք լիցենզիան ձեռք են բերել, անկառավարելի է, ոչինչ չենք կարող անել։ Աուկցիոնով են ձեռք են բերել՝ իրենց ասելով։
Մենք համակերպվենք թե չհամակերպվենք՝ իրենք վճարել են, լիցենզիան ստացել են, դրա վերաբերյալ որեւէ մեկս ոչինչ չենք կարող անել մինչեւ պետությունը այդ խնդրի առթիվ քայլեր չձեռնարկի, որի մասին մենք բազմիցս ենք խոսել։ Պետության կողմից այս ոլորտը ընդհանրապես չի կառավարվում, եւ եթե չի վերահսկվում, ցանկացած մարդ կարող է գնալ մեր երկրի անունից, որն աբսուրդ է ուղղակի»,- զրույցն ավարտելով ասաց «Միսս Երեւան փրոդաքշն»-ի գործադիր տնօրեն Արմինե Մուրադյանը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ 100 ՏՈԿՈՍԻ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին կայացել է Տավուշի մարզի խորհրդի նիստ, որի ընթացքում մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը «ներկայացրեց 10 ամսվա կտրվածքով Տավուշի մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը։ Նշվեց,պոր նոյեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 միլիարդ 431 միլիոն դրամ, որը կազմում է նախատեսվածի 67 տոկոսը։ Առաջարկվեց մինչեւ տարեվերջ հասնել 100 հավաքագրման»։ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանում ոտնահարել է տեղական ինքնակառավարումը, համայնքապետարանների ինքնուրույնությունը։ Առանց մարզպետարանի առաջարկության էլ մարզի համայնքների ղեկավարները գիտակցում են սեփական եկամուտների հավաքագրման կարեւորությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ