Երեկ` ապրիլի 2-ին, Երևանի Հրաչյա-Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում 44-ամյա Արտեմ Մարտիրոսյանն ինքնահրկիզվել էր:
Այրվածքաբանության կենտրոնից Armlur.am-ին հայտնեցին, որ Մարտիրոսյանը դուրս է եկել շոկային վիճակից, և այս պահին նրա վիճակը միջին ծանրության է:
Տուժողի կինը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց իր վրդովմունքի ու վիրավորված լինելու մասին այն լրատվամիջոցների հանդեպ, որոնք շատ արագ տարածել են ինֆորմացիան՝ առանց ճշտելու և իրական հանգամանքներին ծանոթանալու: Անգամ իր հետ չեն խոսել` կատարվածը նման կերպ հրապարակելու իրավունք ստանալու համար:
«Ես դեռ չէի իմացել դեպքի մասին, երբ արդեն ամբողջ ինտերնետում այդ լուրն էր տարածվել: Ու դրա պատճառով հիմա անգամ ամաչում եմ դուրս գալ տնից: Մի հատ գային, խոսեին մարդու հետ, իմանային՝ ընտանիքը հոգեբանորեն պատրա՞ստ ա դրան, որ հրապարակեն:
Վառվել-վառվել ա, իրանց ի՞նչ: Հիմա ո՞վ ա գնալու հիվանդանոցում իրեն կես ժամ խնամի: Ո՛չ մեկ: Այ սե՜նց կուշտ ենք մենք էս պետությունից, այ սե՜նց: Ստեղ չկա պետություն, գոյություն չունի ոչ մի բան: Ես իմ բնավորությամբ պայքարող ու պատրաստակամ մարդ եմ, և չէի պատկերացնում, որ ամուսինս կարող էր նման քայլի գնալ»,- ասաց Մարտիրոսյանի կինը` միաժամանակ նշելով, որ իրենք երբեք ոչ մեկից օգնություն չեն խնդրել, քանի որ հույս չեն ունեցել ո՛չ իշխանությունների հետ կապված, ո՛չ մեկ ուրիշի:
Տուժողի կինն Armlur.am-ին պատմեց, որ իրենք նյութապես ապահովված են, ինքն ու ամուսինն առևտրով են զբաղվում, սակայն իրենց վրդովմունքն այն է, թե ինչու չեն կարողանում վաստակել այնքան, որպեսզի միայն «ստամոքսի խնդիրները» չլուծվեն:
Նշենք նաև, որ Մարտիրոսյանն իրավապահ մարմիններին հայտնել էր, որ ինքնահրկիզման քայլին է դիմել առողջական խնդիրներ ունեցող դստերը` 13-ամյա Հասմիկին, օգնել չկարողանալու պատճառով:
(Նկարում՝ Արտեմ Մարտիրոսյանի դուստրը, Armlur.am)
«Ինքն անըդհատ նեղվում էր, Հասիկոյին ասում էր՝ բալես խոսա, ինչի՞ մի բան չես ասում: Էս պետություն չի, որ մենք ենք ապրում: Ինչո՞ւ չկա նորմալ աշխատանք, որպեսզի կարողանայինք վաստակել այնքան, որ էրեխուս կարողանայինք բուժել: Բայց խնդիրը մենակ Հասիկոն չի, որ իրան հասցրել ա էտ վիճակին: Փոքր տղուս, դեռ անչափահաս, տարան բանտարկեցին, որ ի՞նչ: Ինչ-որ աննշան բանի համա՞ր: Չեն հասկանում, որ տենց ավելի վատ կլինի էրեխուս համար: Էն միջավայրում, որտեղ հիմա էրեխես ա, ո՞նց պիտի սովորի սխալներն ուղղել»,- վրդովված արդարադատության համակարգից և երկրի իշխանություններից՝ ասաց Մարտիրոսյանի կինը` հավելելով, որ անարդարություններն այնքան են շատացել, որ իրենք անգամ Վերաքննիչից հետո, Վճռաբեկ դատարան դիմելու իմաստ չեն տեսնում:
«Ես հասկանում եմ, որ միակ կինը չեմ, ով հիվանդ երեխա ունի, ու հասկանում եմ, որ միակ ընտանիքը չենք, որ խնդիրներ ունի, բայց անհուսությունից ու անկարողությունից, մանավանդ երբ հույսդ ոչ մեկի վրա չես կարողանում դնել, մարդ ամեն քայլի ընդունակ է դառնում: Հասմիկս էլ ինքնուրույն գրեթե ոչինչ չի կարողանում անել: Իսկ ես աշխատում եմ ու ամեն վայրկյան իրա կողքը լինել չեմ կարող: Սոված չեն մնում, հագնելու խնդիր չեն ունենում էրեխեքս, փա՛ռք Աստծո: Գիտե՞ք, հայ ծնողներն ամենավերջին բանն էլ անում, միայն իրենց էրեխեքը լավ լինեն: Բայց կյանքը մենակ «ստամոքս լցնելո՞ւ» համար է: Բա երկիրն էնպիսին չլինի՞, որ կարողանաս այնքան վաստակել, որ ուրիշ հարցեր էլ լուծես»,- իր վրդովմունքը շարունակեց հայտնել ինքնահրկիզվածի կինը:
Վերջինս հայտնեց նաև, որ դստեր խնդիրը գլխի հետ է կապված, իսկ բուժումներն իրականացնել հնարավոր է միայն արտասահմանում: Իսկ բուժման համար, կնոջ փոխանցմամբ, անհրաժեշտ է 90 հազար եվրո:
Հ.Գ. Վերջերս ինքնահրկիզման դեպքերը Հանրապետությունում գնալով շատանում են: Դրանց մասին խոսվում է, լավագույն դեպքում, մեկ օր, հետո մոռացվում է, և բոլորը շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Սակայն ինքնավնասում արած մարդու ընտանիքում կյանքն այլևս բնականոն հունով ընթանալ չի կարող: Եվ որքան էլ բոլորն անխտիր, այդ թվում` իշխանությունները, միաբերան կրկնեն, որ դա իրենց խնդիրն է, դա մեզ չի վերաբերում և այլն, հարցն այդ կերպ չի լուծվի. ոչ ոք ապահովագրված չէ:
Տաթև Հարությունյան