«Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան շարժմանը»՝ ասելով. «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է», «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել:

Համաձայն 2023 թվականի նրա հայտարարագրի՝ Արուսյակ Ջուլհակյանի հետ համատեղ բնակվում են 2 անձինք, որոնք աշխատում են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս եւ լաբորատորիայի վարիչ. վերջիններս ՔՊ-ական պատգամավորի ծնողներն են։ Պատգամավորը անշարժ գույք եւ տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Սակայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ջուլհակյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն 933 հազար դրամ: Բնակարանը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց փողոցում, որի մայր գումարը մարելու համար ՔՊ-ական պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 71 հազար դրամ։

Ջուլհակյանի պարտքային եւ այլ արժեթղթերը կազմել են 20 մլն 10 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 9 հազար ԱՄՆ դոլարից դարձել են 7 հազար դրամ, այն դեպքում, երբ պատգամավորը որեւէ ծախս սեփական հայտարարագրում չի ներկայացրել։

Նշենք, որ տարվա ընթացքում պետական կամ այլ միջոցներով ամենաշատը ճամփորդած Ջուլհակյանը թեեւ ծախս չի արել 1 տարվա ընթացքում, բայց տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ, որից միայն 10 մլն 480 հազարը ԱԺ աշխատակազմի կողմից տրված աշխատանքի վարձատրություն է։

Եկամտի գրեթե 9 մլն դրամը պարզապես վարկեր են «Արմսվիսբանկ»-ից, «Հայէկոնոմբանկ»-ից եւ «Ինեկոբանկ»-ից։

Անհասկանալի է, թե Արուսյակ Ջուլհակյանը, ով գրեթե իրեն պատկանող ոչ մի գույք չունի, ինչի՞ համար է այսքան վարկեր վերցրել։

Հավելենք նաեւ, որ թեեւ Արուսյակ Ջուլհակյանի հայտարարագրում փաստ չկա, սակայն նա ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի քաղաքացիական կինն է:

Իսկ Ավետ Պողոսյանը, ով ազատվեց նախարարի տեղակալի պաշտոնից եւ, լրագրության ոլորտում հեղինակություն չունենալով, ՔՊ պատգամավորների ընտրությամբ դարձավ ՀՌՀ անդամ, տապալել էր մի ողջ տիեզերական զարգացման ռազմավարություն։ Մասնավորապես, Պողոսյանը ձախողել էր հայկական արբանյակի թռիչքի եւ արդյունքների ապահովման գործընթացը, թեեւ հրապարակավ հերքում է դա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս