Փոքր Սարիարում 17 տուն կողպած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքում տարիներ առաջ ապրել է 62 ընտանիք, որից 17-ը  ներկայումս  այլեւս  գյուղում չէ: Արտագնա աշխատանքի մեկնողներ գյուղից մշտապես  եղել են, սակայն վերջին երեք տարիներին  նրանց թիվը շեշտակիորեն ավելացել է:

-ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման արդյունքում վիզայի հետ կապված հարցեր, դժվարություններ չե՞ն ունենում   Ձեր գյուղացիները:

-Նորմալ է, դեպորտ չունենք: Չնայած վերջին երեք տարիներին ավելացել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:

-Հիմնականում երիտասարդնե՞րն են մեկնում:

-Մինչեւ 30-35 տարեկան տղամարդիկ: Խեղճերը չեն էլ կարողանում ամուսնանալ: Ամուսնանան  ի՞նչ անեն, իրենց գլուխը չեն կարողանում պահել այս գյուղում, ուր մնաց ` հարսներին:

-Դժվա՞ր է ապրել Ձեր գյուղում:

-Տո, բա՞ ինչ է: Կտրված գյուղ է, անասնապահությամբ են միայն զբաղվում:

-Գոնե եկամտաբե՞ր է:

-Այսօր եկամտի մասին խոսելն ավելորդ է: Դուք ինձանից լավ գիտեք: Անասունն արժեք չունի, միսը՝ նույնպես: Մարդիկ երկու կով են պահում, որ յոլա գնան, իրենց գոյությունը պաշտպանեն, էսպես ասեմ՝ չեն ապրում, ապրել հասկացությունն ուրիշ է, իսկ գոյությունը պահելը՝ ուրիշ:

-Մսի մեկ կիլոգրամն ինչքանո՞վ են վաճառում:

-Մսավաճառները ցուլիկի մսի 1կգ-ը 1700 դրամով են մեզանից գնում, իսկ կովինը՝ 1200 դրամով հազիվ են տանում: Բայց այդ նույն միսը, որը 1700-ով են ձեռքբերում, հենց նույն մսավաճառները շուկայում 3 հազար դրամով են վաճառում:

-Իսկ ինչո՞ւ հենց իրենք` գյուղացիները  չեն վաճառում իրենց ցուլիկի միսը:

-Թե մեր գյուղացին միսը տարավ այդ շուկա` կմոլորվի, որովհետեւ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ հնարավոր չէ միս վաճառել: Ո՞վ է տեղ տվողը, հարմարություն ստեղծողը, հազար խնդիրներ կան, էլի:

-Իսկ հողագործությամբ չե՞ք զբաղվում:

-Չէ, չենք զբաղվում, քանի որ գյուղը բարձրադիր լեռներում է գտնվում: Համապատասխան տեխնիկա չունենք, խնդիր է:

-Եթե տեխնիկա լինի, կլուծվի՞ այդ խնդիրը:

-Չեմ ասի համատարած, բայց գոնե տասը մարդ կօգտվի դրանից: Թե չէ ալյուրն էլ,  ամեն ինչն էլ գնում են:

-Ինչի՞ց են շատ դժգոհում փոքրսարիարցիները:

-Հայաստանում ինչի՞ց կդժգոհեն: Երկրի վիճակից, քանի որ բոլորն էլ աշխատող են, բայց աշխատանք չունեն, կամ որտե՞ղ աշխատեն, ի՞նչ անեն մարդիկ: Գնաճից են շատ դժգոհում: Մի մարդ, որ եկամուտ չունենա, երկու-երեք կովով ոնց պետք է ապրի:

-Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներից դժգոհո՞ւմ են:

– Էդ մի փորձանքից լավ են փրկվել: Գազաֆիկացված չէ, իսկ էլեկտրաէներգիայի վարձերի հետ մի կերպ հարմարվում ենք:

-Այս պահին գյուղը քանի՞ բնակիչ ունի:

-62 ընտանիք, որից 17-ն այստեղ չէ: 17 տուն դատարկ է, դռներն էլ կողպած: Գնում են հիմնականում Երեւան եւ  Ռուսաստանի Դաշնություն: Իսկ գյուղի 90 տոկոսն էլ վարկառու է:

-Երկու-երեք անասունով ինչպե՞ս են մարում այդ վարկերը:

-Մեկը մեկով: Տարիներով տալիս են: Մի ուրիշ կազմակերպությունից վերցնում են` էն մյուսինն են վճարում: Այդպես:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս