ՏԱՇՏԱԿԱՋԱՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ թե՛ Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին, թե՛ առավել եւս վարչապետության շրջանում Տիգրան Սարգսյանն ու իր թիմը Հայաստանի տնտեսությունում արձանագրված բացթողումների, անկումների ու ձախողումների  մասին բոլոր քննադատություններին հակադարձում էին միջազգային վարկանիշային  կազմակերպությունների գնահատականներով: Մշտապես վկայակոչվում էին ինչ-որ հեղինակավոր տնտեսական կառույցների նշած ինդիկատորներ, չափորոշիչներ,  ինդեքսներ եւ այլն` փորձելով մեզ ապացուցել, որ իրականում մեր տնտեսությունը զարգանում է, պարզապես «մեր վրա խաբար չկա»: Եւ ահա տակավին երեկ Տ.Սարգսյանը զրկվեց նաեւ ձախողակ տնտեսագետների այս վերջին հանգրվանից. միջազգային  ամենահեղինակավոր վարկանիշային գործակալություններից մեկը`  Moody’s-ը, բառացիորեն պայթեցրեց հայրենի կառավարության ու նաեւ Սերժ Սարգսյանի` ՀՀ տնտեսությունը զարգացնելու մասին խոստումների փուչիկը: Այսպես, Moody’s-ը միանգամից մի քանի չափորոշիչներով Հայաստանը «կայուն» երկրների ցուցակից հանել է եւ դասել «բացասական» ինդեքսներ ունեցող երկրների թվին: Կազմակերպության վերլուծաբանների նման գնահատականների հիմքում ՀՀ բյուջեի դեֆիցիտի բարձրացումն է` ՀՆԱ 11%-ի չափով, եւ պետական պարտքի ավելացումը` ՀՆԱ 35%-ի չափով: Հիշեցնենք, որ այս երկու գործոններն էլ Տ.Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության անմիջական արգասիքն են: Ընդ որում, վերջինը 14%-ից հասավ վտանգավոր 35%-ի` Տ.Սարգսյանի կողմից տնտեսությունը «փրկելու» նպատակով տարբեր երկրներից ու կազմակերպություններից բավականին ոչ շահավետ պայմաններով վերցված մոտ երկու միլիարդ դոլարի վարկերով, որոնք,   դատելով  2012թ. բյուջեի դեֆիցիտի վերը նշված ցուցիչից, պարզապես փոշիացվեցին: Բայց կազմակերպության վերլուծաբաններն իրենց անհանգստությունը պայմանավորում են նաեւ վարչապետի հեղինակած մեկ այլ տնտեսական ձախողմամբ` 2009թ. ռեցեսսիայից հետո վարկային ցուցիչների նվազմամբ, ինչը «նույնպես արգելակում է զարգացումը, քանի որ երկիրը մտնում է տնտեսական սրված  անորոշության նոր փուլ»: Բոլորս հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ 2009-ի մարտի 3-ին, երբ  ամիսներ շարունակ փոշիացնելով պետական դոլարային պահուստները` Տ.Սարգսյանի դիրիժորությամբ մարտի 1-ի տարելիցի հաջորդ իսկ օրը նրա  ջատագոված դրամի արժեւորման փուչիկը պայթեց, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կորցրեց միջինը 3 հազար ԱՄՆ դոլար: Ինչեւէ, Հայաստանի պետական պարտքի սպասարկման հեռանկարները բացասական գնահատած հեղինակավոր այս կազմակերպությունը, անդրադառնալով  ՀՀ` կորցրած վարկանիշային դիրքերը հետ բերելու հնարավորությանը, ըստ էության հայտարարում է, որ Տ.Սարգսյանն իր վարած տնտեսական քաղաքականությամբ  ՀՀ բոլոր քաղաքացիներին թողել է կոտրած տաշտակի առաջ. «Հայաստանը կարող է  հետ բերել նախկին վարկանիշային դիրքերը երկրում ռիսկերի նվազման դեպքում, ինչը, սակայն, կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում ծայրահեղ անհավանական է»:




Լրահոս