ԻՆՉՊԵՍ ԿԸՀ-Ն ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով անհրաժեշտ 60 հազար ստորագրությունը հավաքվել է. այն արդեն հանձնվել է ԿԸՀ:

 

ԿԸՀ-ն պետք է ստուգի ստորագրությունները, որից հետո ստորագրահավաք նախաձեռնողները դրանք պետք է հանձնեն ԱԺ:

Ի՞նչ է սպասվում հաջորդիվ:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հայաստանի «Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ:

-Պարո՛ն Խզմալյան, փաստաթղթերն արդեն հանձնել եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, ի՞նչ է սպասվում հաջորդիվ, ե՞րբ պատրաստ կլինի պատասխանը:

-Ստորագրությունները մեկ շաբաթից ավելի է ինչ ԿԸՀ-ում են: Մենք սպասում ենք՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգի մեր փոխանցած ստորագրությունների իսկությունը, վավերացնի, վերադարձնի մեզ, որպեսզի այն հանձնենք Ազգային ժողով:

-Իսկ ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի ԿԸՀ-ն արձագանքի:

-Մեզ դժվարացան հստակ թիվ ասել, սակայն մոտավորապես 2 շաբաթ են ժամկետները: Ստորագրությունները թեպետ էլեկտրոնային ենք ներկայացրել, բայց դրանց ստուգումը որոշակի ժամանակ կպահանջի:

-Այսինքն՝ հավանաբար մինչեւ այս ամսվա վերջ ստորագրությունները կհանձնվե՞ն ԱԺ:

-Ամենայն հավանականությամբ մինչեւ նոյեմբերի վերջ մենք կունենանք այն:

-Պարո՛ն Խզմալյան, Ազգային ժողովից ի՞նչ սպասումներ ունեք, քանի որ իշխանությունները այդքան էլ տրամադրված չեն ԵՄ անդամակցության հանրաքվե անելու: Որպես նախաձեռնող՝  ի՞նչ կասեք:

-Իշխանությունները չէին թաքցնում իրենց դժգոհությունը: Նրանք մեր այս նախաձեռնությունը արկածախնդրություն էին համարում, համարում էին ազգային ազատագրական պայքար, չգիտես ինչու՝ հեգնանքով: Այնպես որ, ես չգիտեմ՝ որքանով է պաշտոնական անհամաձայնության այդ տեսակետը, բայց այն կիսում են ՔՊ անդամ պատգամավորները:

Երկու դաշինքները, որոնք որպես ընդդիմություն են ներկայանում, ռուսական գործակալներ են եւ ակնհայտորեն դեմ կլինեն:

Եթե դեմ լինեն ինչպես իշխանությունները, ապա ինքնըստինքյան կփաստվի այն միտքը, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ գաղափարական տարբերություն չկա: Իսկ եթե օգտագործեն այն հնարավորությունը, որը ընձեռել ենք, ապա կգործեն ավելի հստակ:

Մենք ձգտում ենք որոշակիության եւ հստակության:

-Պարո՛ն Խզմալյան, եթե ամեն դեպքում այնպես լինի, որ իշխանականները դեմ քվեարկեն, եւ կարիք լինի  300.000 ստորագրության, ի՞նչ կանեք:

-Մենք 60.000 քաղաքացիների քվեները ջուրը չենք գցի: Ի սկզբանե նշել էինք, որ մինչեւ վերջ գնալու ենք մեր նպատակի համար, եւ այդպես էլ կանենք:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ՊՊԾ ՊԵՏ

2024 թվականի մարտի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ նշանակվեց Արթուր Գասպարյանը, ով նախկինում եղել է «Մետրոպոլ» ՍՊԸ-ին պատկանող Մետրոպոլ հյուրանոցի անվտանգության աշխատակից։

2005 թվականից մինչեւ 2023 թվականը ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների պետական պահպանության ծառայությունում եւ զբաղեցրել սպայից մինչեւ գնդի հրամանատարի պաշտոնները։ 2023 թվականի մայիսի 2-ից ստանձնել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը, ապա սեպտեմբերի 9-ից պետի պարտականությունները կատարող, իսկ 2024 թվականի մարտի 4-ից՝ ՊՊԾ պետ։

Իսկ ինչ է հայտարարագրել 2024 թվականի համար իր՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրում Արթուր Գասպարյանը։

Գասպարյանը հայտարարագիր ներկայացրել է որպես ՊՊԾ պետի տեղակալ։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք ՊՊԾ այժմյան պետը հայտարարագրել է 2 բնակարան, բազմաբնակարան շենքում բաժնային եւ միանձնյա սեփականության իրավունքով։ Հայտարարագրել է մեկ ավտոտնակ Երեւանում եւ 2 հողամաս Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ 2023 թվականի ընթացքում ՊՊԾ պետը որեւէ գույք չի հայտարարագրել։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց Արթուր Գասպարյանը հայտարարագրել է MITSUBISHI մակնիշի մեքենա 2002 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2017 թվականին։

ՊՊԾ պետի կանխիկ դրամական միջոցները 2023 թվականի հայտարարագրի համաձայն կազմել են 4,8 մլն դրամ, 6 հազար ԱՄՆ դոլար եւ 1 հազար 800 դոլար։ Բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտը կազմել է  15 մլն 957 հազար դրամ, որից 11 մլն 593 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պետական պահպանության ծառայությունից, իսկ 3 մլն դրամը ՀՀ ՊՊԾ-ից, սակայն ոչ թե որպես աշխատանքի վարձատրություն, այլ որպես «այլ եկամուտ»։

Արթուր Գասպարյանը որպես կենսաթոշակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է 1 մլն 352 հազար դրամ եկամուտ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 710 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս