Երեկ հայրենի գործադիրում պաշտոնանկությունների շքերթ էր:
Հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
– Պարո՛ն Բադալյան, Ձեր կարծիքով ի՞նչն է պաշտոնանկությունների շքերթի պատճառը: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը այն էլ ոչ աշխատանքային օրով նման որոշումներ կայացրեց, ընդ որում՝ կարեւոր հաստիքներ զբաղեցնող պաշտոնյաներ հեռացվեցին:
-Որպեսզի օրակարգ լրացնի, որպեսզի լրագրողները ոչ թե հարցնեն, թե հաջորդ բյուջեով սահմանված ինչ զարգացումներ են լինելու, ինչո՞ւ է աշխատավարձ բարձրանալու կամ չբարձրանալու, այլ սկսեն հարցնել, թե ինչու կիրակի օրով ազատվեցին պաշտոնյաները, չէ՞ր կարող արդյոք գնալ Վատիկան գալ, հետո ազատումներն անել: Բայց խնդիրն այն էր, որ այդ ամենին պետք է ինտրիգային բնույթ տրվեր. սափրվեց, նոր իմիջ ստեղծեց՝ ազատվելով հնից, իր ելույթում նշեց, որ ինչ-որ համակարգային խնդիրներ են առաջացել՝ կարծես թե այդ համակարգը լրիվ այլ մարդ է կառուցել եւ ինքը դրա հետ ո՛չ մի առնչություն չունի: Կարծես մոռանում է, կամ մոռանալու է տալիս՝ մտածելով, թե լրագրողներն իրեն տեսնելիս չեն հարցնելու, թե համակարգը, որը խնդիրներ ուներ, դուք այդ համակարգի ճարտարապետն էիք: Վեց տարի կառուցում էիք, չտեսաք խնդիրները, հիմա՞ տեսաք: Դուք ղեկավարն եք, նրանք կատարողներն էին՝ պարզապես ներկարարները, խողովակ դնողները՝ կառուցողները, սակայն հիմնական կառուցողն ու ճարտարապետը դուք եք եղել:
Հենց այս հարցերից խուսափելու համար էր այդ ինտրիգային իրավիճակը:
Սա առաջին հերթին օրակարգ ձեւավորելու գործընթաց է՝ հատկապես, որ խաղաղության պայմանագիրը տեղից չի շարժվում եւ Հայաստանում օրակարգ չկա, չկա տնտեսական զարգացում, կամ որեւէ նվաճում որեւէ բնագավառում: Պետք էր պարզապես օրակարգ ստեղծել՝ ձեռքի հետ մի քանի հարց լուծելով եւ շահել ժամանակ՝ մինչեւ տեսնենք, թե Թրամփը Հարավային Կովկասի հետ կապված ինչ քաղաքականություն է մշակելու:
Երկրորդը՝ իմիջի ռեբրենդինգ անելու քայլ էր, միգուցե որոշներն ասեն. «այ իրենք վատ մարդիկ էին, տեսեք՝ գնացին»:
– Կարծում եք, որ դժգոհ չէ՞ր վերոնշյալ պաշտոնյաներից, զուտ օրակարգ լցնելու համար դա արե՞ց:
-Ես չեմ կարող ասել դժգոհ էր, թե ոչ: Չեմ կարծում, թե իր ասածով պետք է շարժվեր. նա այն մարդն է, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ: Ինքը այսպես երկու հարց է լուծում՝ ձեւավորել օրակարգ՝ մինչեւ Թրամփի քաղաքական դիրքորոշման հստակեցումը Հարավային Կովկասի մասով եւ իմիջային ռեբրենդինգ է անում՝ տատանվողներից մի քանի տոկոսին իր կողմ քաշելու համար:
– Պարո’ն Բադալյան, մեկ ամիս չէին կարողանում Արդարադատության նախարար ընտրել, հիմա ինչպե՞ս են համալրելու այս պաշտոնները:
-Մտահոգվելու հարց չկա, կադրեր շատ ունեն և կնշանակեն: Մեկնումեկին կդնեն՝ անձնապես վարչապետին նվիրված մարդկանց, էական չի լինի կուսակցական կամ պրոֆեսիոնալ լինելը:
Քրիստինե Մուշեղյան