ՖՈՏՈ․ Գույքահարկը քաղաքացուց գումար «քերթելու» միջոց է․ Թադևոս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին Ազգային ժողովում արտահերթ ռեժիմով ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կատարվեց գույքահարկի գործող դրույքաչափերի փոփոխություններ, որը դարձավ հակասական դժգոհությունների պատճառ:
«Գույքահարկի մասին» օրենքի համաձայն՝ շենքերի, շինությունների կադաստրային գնահատումն իրականացվում է երեք տարին մեկ անգամ` հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:

Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ գույքահարկի ավելի բարձր դրույքաչափերի անցնելու ժամկետը սահմանվել է վեց տարի: Այսպիսով, անշարժ գույքի սեփականատերերն առաջին անգամ գույքահարկի նոր սանդղակով վճարում կկատարեն 2021 թվականի դեկտեմբերին՝ գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը։


Այս տկոսային հարաբերակցությունը հասկանալու համար կարող ենք սահմանել հետևյալ օրինակը՝ վերցնելով գույքահարկի համար մինիմալ արժեք 20 հազար դրամ։ Գրաֆիկին նայելով՝ կարող եք հասկանալ, թե ինչ փոփոխության է ենթարկվել գույքահարկը՝ թանկանալով գրեթե 4 անգամ։

Համաձայն որոշ տնտեսագետների՝ սա արվում է մեկ նպատակով։ Քանի որ իշխանությունները որոշում են կայացրել պետական բյուջեից ֆինանսներ չհատկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կայուն եկամուտ ՏԻՄ գործունեությունը ապահովվելու և համայնքի կարիքները հոգալու համար։
Որքան էլ շատ են բողոքները, որ ՀՀ-ում գույքահարկը դարձել է 100%, այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի նախատեսում դրանք կրկին վերանայել։ Իսկ հարկային օրենսգրքի նոր փոփոխությունները գույքահարկի մասին որևէ տեղ չեն պարունակում։

Գույքահարկից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.
2) ջրամբարները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները։4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը.
5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով և այլոք։

Առաջին հայացքից ամեն բան կարգին է և ոչինչ չկա մտահոգվելու, սակայն ArmLur.am-ը, զրուցելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ, առանձնացրել է կետեր՝ ինչ թիրախներ կան այս օրենքի շառավղում։

«Գույքահարկի ավելացման փաթեթավորումը, որ բերեցին, ասում էին մենք փորձում ենք գույքահարկով մեղմել սոցիալական անարդարությունը, որը գալիս էր եկամտային հարկի համահարթեցումից։ Փորձեցին պրոգրեսիվ հարկման անվան տակ բարձրացնել գույքահարկի դրույքաչափը։ Սա հիմնականում ոչ թե հարստության հարկման տարր ունի, այլ իրականում հարկ «քերթելու» դասական դրսևորում է, որովհետև հիմնական բեռը թողնում են միջին ու ցածր եկամուտ ունեցող խավի վրա»,- ասում է Ավետիսյանը։

Պատգամավորն օրինակներ է բերում նաև, թե ինչպես է օգտագործվում Երևանում վճարված գույքահարկը և ինչպիսի անհիմն ծախսերում է ներառվում։

«Օրինակ՝ Կետրոնում իր հայրական տանը բնակվող թոշակառուն  իր ամբողջ թոշակը պետք է վճարի որպես գույքահարկ, այն էլ չի բավականացնելու։ Այսինքն, պետք է վաճառեն։ Եվ իշխանությունն էլ է ասում վաճառեք, գնացել գյուղում տուն գնեք կամ մեկ այլ տեղում, որտեղ գույքահարկն ավելի քիչ է։ Սա անարդար է»։

Երկրորդ կարևոր կետով, ըստ Թադևոս Ավետիսյանի, իշխանությունն ասում է՝ օրենքով բարձրացրել ենք գույքահարկը համայնքներում, գնացեք մարդ «քերթեք», պետությունից գումար չուզեք և ձեր գլուխն ինքներդ պահեք։

Այսինքն, վարկածը, որ գույքահարկի նոր օրենքով պետությունը միայնակ է թողնում ՏԻՄ-երին սեփական ծախսերի հետ, միանշանակ է։

Երրորդ կարևոր հարցը․Անդրադառնալով Երևանում գույքահարկի միջոցով կատարած ծախսերին՝ Ավետիսյանն ընդգծում է․

«Այդ գույքահարկը, որ «քերթում եք»՝ դա անում եք միայնակ թոշակառուից տունը խլելով։ Օբյեկտիվ հարց է առաջանում․ այդ փողը, որ հավաքում եք Երևանի քաղաքապետարան, ինչ եք անում այդ գումարը։ Պարգևատրումներ եք անում, հասկացանք, աշխատավարձեր եք ստանում, հասկացանք, էլեկտրոմոբիլներ եք գնում, հասկացանք, այդ թվում՝ օրինակ, Տրանսպորտի վարչության պետը։ Հետաքրքիր է նա էլետրոմոբիլով է պտտվում և այդպես է տեղեկանում տրանսպորտային խնդիրներից»։

Հավաքագրված գույքահարկի ծախսերը անխնա ծախսելու մեկ այլ դրսևորում Երևանի քաղաքապետարանի կողմից, Ավետիսյանը նկատում է, որ Նոր Նորքի ասֆալտապատումն է։ Նրա խոսքով տարին մի քանի անգամ ասֆալտապատում է իրականացվում՝ փոսեր փորելով ավելի խորը, քան սահմանային խրամատները։ Այս գործընթացն էլ ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով, քանի որ ասֆալտապատող ընկերությունները հաճախ փոխկապակցված են լինում իշխանականների հետ։

Որպես եզրակացություն՝ կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացու հաշվին երկիրը պահելու պատճառով է Նիկոլ Փաշինյանը հարկատու քաղաքացուն անվանում հերոս։ Այո՛, գուցե հերոս են, որ այսքան հարկային պարտավորություններ մտցնելուց հետո, դեռ գոյատևում են։

Էմմա Միքայելյան




Լրահոս