ՓԱՇԻՆՅԱՆԸ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ ԱՐԵՑ ԵՎ ԵՐԿՈՒ ՀԱՐՑ ԼՈՒԾԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթիից սկսած՝ հայրենի գործադիրում  պաշտոնանկությունների շքերթ էր:

 

Հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

-Պարո’ն Բադալյան, Ձեր կարծիքով  ի՞նչն է պաշտոնանկությունների շքերթի պատճառը: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, այն էլ ոչ  աշխատանքային օրով, նման որոշումներ կայացրեց. ընդ որում, կարեւոր  հաստիքներ զբաղեցնող պաշտոնյաներ հեռացան:

-Փաշինյանն արեց, որպեսզի օրակարգ լրացնի, որպեսզի լրագրողները ոչ թե հարցնեն, թե հաջորդ բյուջեով սահմանված ի՞նչ զարգացումներ են լինելու, ինչո՞ւ է աշխատավարձը բարձրանալու կամ չբարձրանալու, այլ սկսեն հարցնել, թե ինչո՞ւ կիրակի օրով ազատվեցին պաշտոնյաները, չէ՞ր կարող արդյոք գնալ Վատիկան, գալ, հետո ազատումներն անել: Բայց խնդիրն այն էր, որ այդ ամենին պետք է ինտրիգային բնույթ տրվեր: Սափրվեց, նոր իմիջ ստեղծեց՝ ազատվելով հնից, իր ելույթում նշեց, որ ինչ-որ համակարգային խնդիրներ են առաջացել, կարծես թե այդ համակարգը լրիվ այլ մարդ է կառուցել, եւ ինքը դրա հետ ոչ մի առնչություն չունի: Կարծես մոռանում է, կամ մոռանալու է տալիս՝ մտածելով, թե լրագրողներն իրեն տեսնելիս չեն հարցնելու. «Խնդիրներ ունեցող համակարգի ճարտարապետը Դուք էիք, վեց տարի կառուցում էիք, չտեսա՞ք խնդիրներ այսքան ժամանակ եւ հանկարծ հիմա՞ տեսաք: Դուք ղեկավարն եք, նրանք կատարողներն էին՝ պարզապես ներկարարները, խողովակ դնողները, սակայն հիմնական կառուցողն ու ճարտարապետը Դո՛ւք եք եղել»:

Հենց այս հարցերից խուսափելու համար էր այդ ինտրիգային իրավիճակը:

Սա, առաջին հերթին, օրակարգ ձեւավորելու գործընթաց է՝ հատկապես, որ խաղաղության պայմանագիրը տեղից չի շարժվում եւ Հայաստանում օրակարգ չկա, չկա տնտեսական զարգացում, կամ որեւէ նվաճում որեւէ բնագավառում: Պետք էր պարզապես օրակարգ ստեղծել՝ ձեռքի հետ մի քանի հարց լուծելով, եւ շահել ժամանակ՝ մինչեւ տեսնենք, թե Թրամփը Հարավային Կովկասի հետ կապված ինչ քաղաքականություն է մշակելու:

Երկրորդը՝ իմիջի ռեբրենդինգ անելու քայլ էր: Միգուցե շատերն ասեն՝ ա՛յ, իրենք վատ մարդիկ էին, տեսեք՝ գնացին:

-Կարծում եք, որ դժգոհ չէ՞ր վերոնշյալ պաշտոնյաներից, զուտ օրակարգ ավելացնելու համա՞ր դա արեց:

-Ես չեմ կարող ասել՝ դժգոհ էր, թե ոչ: Չեմ կարծում, թե իր ասածով պետք է շարժվեր: Նա այն մարդն է, որ ասում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Ինքը այսպես երկու հարց է լուծում՝ ձեւավորել օրակարգ՝ մինչեւ Թրամփի քաղաքական դիրքորոշման հստակեցումը Հարավային կովկասի մասով եւ իմիջային ռեբրենդինգ է անում՝ տատանվողներից մի քանի տոկոսին իր կողմ քաշելու համար:

-Պարո’ն Բադալյան, մեկ ամիս չէին կարողանում արդարադատության նախարար ընտրել, հիմա ինչպե՞ս են համալրելու այս պաշտոնները:

-Մտահոգվելու հարց չկա, կադրեր շատ ունեն եւ կնշանակեն: Մեկնումեկին կդնեն՝ անձնապես վարչապետին նվիրված մարդկանցից: Նրանց համար էական չէ  կուսակցական կամ պրոֆեսիոնալ լինելը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ՞

Եվրոպայի խորհրդի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների՝ իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն։

Այս մասին նշված է Եվրախորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Կառույցի փորձագետներն անբավարար են համարել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների  իրավունքների լիարժեք եւ արդյունավետ հավասարությունը երաշխավորելու համար առկա պայմանները։

ԵԽ խորհրդատվական կոմիտեն իր զեկույցում շեշտել է, որ առաջին անգամ է գնահատում իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում եւ ընդգծել ղարաբաղյան հակամարտությանը հաջորդած իրավիճակի լուծման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Նշվում է, որ Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից եւ միջանցքի անսպասելի վերաբացումից հետո ավելի քան 100 հազար հայեր լքել են տարածաշրջանը։

«Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական եւ գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ եւ կայուն վերադարձի համար եւ ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Իշխանություններին նաեւ խրախուսվում է գույքագրել, պաշտպանել եւ պահպանել հայկական բոլոր կրոնական եւ մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաեւ հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմական եւ մշակութային հուշարձանների եւ գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման եւ փոփոխության բոլոր մեղադրանքները», – ասված է հաղորդագրության մեջ։

 

 

ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նոր բացահայտումներ է արել տեղի ունեցած աղմկահարույց պաշտոնանկությունների պատճառների մասին:

Նա հայտարարել է՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկությունը կապված է եղել Շիրակի մարզի Բայանդուր գյուղի ճանապարհի ասֆալտապատման մասին վարչապետին սխալ զեկուցելու հետ, ինչի արդյունքում հենց Փաշինյանն էր հայտնվել քաղաքացիների քննադատությունների թիրախում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ սոցցանցում հրապարակում էր արել՝ հայտնելով, որ Բայանդուր գյուղի ճանապարհը վերանորոգված է, սակայն հենց այդ հրապարակման մեկնաբանություններում քաղաքացիները դժգոհել էին, որ ճանապարհն ամենեւին էլ չի վերանորոգվել։

«Հետո պարզվեց, որ քաղաքացիները ճիշտ էին, ճանապարհը գյուղի հատվածում կառուցված չէ», – հայտարարել է Իոաննիսյանը:

Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը այս ճանապարհի հետ կապված եւս դժգոհություն հայտնել էր, ասելով՝

«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ծրագիրն այնպես էր, որ Արմավիրով գնացինք, եւ մինչեւ մեր առաջին կետը հասնելը ճանապարհը ,կարելի է ասել, գրեթե իդեալական վիճակում էր: Եվ, երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գործընկերներին հարցրի, թե հիմա Արմավիրից մինչեւ Գյումրի էսպե՞ս է ճանապարհը եւ ստացա շատ պինդ դրական պատասխան»:

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՆՈՐ ԱՆԴԱՄ ՈՒՆԻ

Երեւանի ավագանին նոր անդամ ունի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գեւորգյանիին կփոխարինի նոր անդամ Արեգ Գեւորգյանը։

Հիշեցնենք՝ Լուսինե Գեւորգյանը հոկտեմբերի 31-ին նշանակվել էր Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։

 

 

 

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԵԱՀԿ-ՈՒՄ ՀՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի.

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)»,- ասված է հրամանագրում:

 

 

ՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ՝ ԲԱՔՎԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ

Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի` մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին եւ Երեւանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այդ մասին նշված է դատարանի X-ի էջում։

Նշվում է, որ խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։

 

 

ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի 20 տարուց ավելի աշխատանքային փորձ։ Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի եւ մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։ Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում։

 

 




Լրահոս