Բաքվում հաղթանակ են որակել օրեր առաջ Եվրոպական խորհրդարանում COP-29-ի վերաբերյալ տեխնիկական բնույթ ունեցող բանաձեւի ընդունումը, որում, ի դեպ, Եվրոպական խորհրդարանը հերթական անգամ խիստ մտահոգություն է հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ եւ հղում է կատարում մինչ այդ ընդունված բոլոր, այդ թվում՝ վերջին բանաձեւին, որի բովանդակությունը շատ կոշտ ու քննադատական էր։
COP 29-ի վերաբերյալ բանաձեւը եւ դրանում տեղ գտած կետերն Ադրբեջանի փոխդեսպան Անար Շյուքյուրովը խեղաթյուրել է, ապատեղեկատվություն է տարածել դրա վերաբերյալ։ Շյուքյուրովը X-ի իր միկրոբլոգում տարածել է, թե իբր Ֆրանսիան ներկայացնող եվրախոհրդարանական Նատալի Լուազոյի եւ մի շարք այլ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի, Հայաստանի հանդեպ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների վերաբերյալ մերժվել են քվեարկության ժամանակ եւ տեղ չեն գտել բանաձեւում, մինչդեռ այդ առաջարկները լիագումար նիստում չեն քննարկվել եւ քվեարկության չեն դրվել։
Իրականում բանաձեւում տեղ են գտել կետեր, որոնցում հերթական անգամ պատգամավորները մտահոգություն են հայտնում եւ կոչ անում Ադրբեջանին հարգել բոլոր քաղբանտարկյալների, իրավապաշտպանների եւ լրագրողների իրավունքները, անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել նրանց։ Եվրոպական խորհրդարանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ՝ Ադրբեջանի հետ բոլոր գործընկերային համաձայնագրերը պետք է պայմանավորվեն վերոնշյալով եւ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։
Բանաձեւը նաեւ կոչ է արել ԵՄ-ին օգտագործել COP29-ը որպես առիթ, որպեսզի միջազգային հանրությունը հիշեցնի Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին եւ դատապարտի եւ բովանդակալից կերպով անդրադառնա Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին։
COP29-ի վերաբերյալ ընդունված բանաձեւում խիստ մտահոգություն է հայտնվում, որ Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւը, ով մինչեւ նախարար դառնալը 26 տարի աշխատել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունում, նշանակվել է COP29-ի նախագահ։
Բանաձեւը չի անտեսել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ նա շարունակելու է պաշտպանել հանածո վառելիքով հարուստ երկրների շահերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու, որ COP-ի առաջիկա նախագահությունները զերծ լինեն շահերի բախումից։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՆՉՈՒ ԲԱԴԱՍՅԱՆԸ ՀԵՌԱՑՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ
Երկուշաբթիից սկսած պաշտոնանկություններից ամենաանսպասելին թերեւս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանինն էր:
Նիկոլ Փաշինյանը հաճախ է դժգոհել իրավապահ համակարգից, բայց երբեւէ հրապարակավ դժգոհություն չի հայտնել Ռուստամ Բադասյանի գլխավորած ՊԵԿ-ի աշխատանքից: Մեկ գիշերվա մեջ, սակայն, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով նա պաշտոնանկ արեց Բադասյանին:
Իսկ ո՞րն է եղել այս անակնկալ պաշտոնանկության պատճառը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ռուստամ Բադասյանի նշանակման առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը նրա առջեւ խնդիր է դրել՝ հարկերի, տուգանքների, դատական ակտերի միջոցով «պետբյուջե լցնել»:
ՊԵԿ նախագահը, սակայն, Փաշինյանի այս առաջադրանքը չի կարողացել նրա սրտով կատարել:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հարկային մուտքերի մասով դժգոհություններ է հնչեցրել, նաեւ մեղադրել է Բադասյանին, որ որեւէ նախկին պաշտոնյայից չի կարողացել գումար հետ վերցնել: Ռուստամ Բադասյանն էլ, իր հերթին, պատճառաբանել է, որ սոցիալական նման պայմաններում չի կարող այդքան բարձր հարկեր ու տուգանքներ կիրառել:
Արի ու տես, որ Փաշինյանին սա չի բավարարել ու որոշել է պաշտոնանկ անել Ռուստամ Բադասյանին։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՇԽԱՏԵՑ ԸՆԴԱՄԵՆԸ 1,5 ԱՄԻՍ
Ազգային ժողովը շուրջ 30 հազար դոլար հատկացրեց ԱԺ սրճարան-բարին, որը անգամ 2 ամիս չկարողացավ ծառայել նպատակին։
Ազգային ժողովի բակում սրճարանի կառուցման մասին խոսակցություններ կային դեռ 2021 թվականի օգոստոսին։ Հաջորդ տարի՝ 2022-ի դեկտեմբերին, «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ շուրջ 4,7 մլն դրամի պայմանագիր կնքվեց, որով ընկերությունը պարտավորվել էր 20 աշխատանքային օրում բակում սալիկապատման աշխատանքներն ավարտել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը արձանագրել էր, որ ԱԺ աշխատակազմի հրահանգով՝ ձմռանը՝ շինարարության համար ոչ նպաստավոր եղանակին, սալիկապատվում էր բակը։
2023 թվականի սեպտեմբերին աշխատանքների 2-րդ փուլի մրցույթ է հայտարարվել։ Ինչպես «Հետքը» գրել էր, մրցույթին մասնակցել է նաեւ «Հիպերնովա» ՍՊԸ-ն, սակայն հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն՝ «Լիդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն. կնքվել էր շուրջ 1,9 մլն դրամի պայմանագիր։
Ազգային ժողովի եւ «Լիդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծարել է. ըստ տեխնիկական բնութագրի եւ օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պիտի ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծարելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։
Ազգային ժողովը, սրճարանի կառուցման խոչընդոտներն ու բարիկադները մի կերպ հաղթահարելով, հայտարարեց 3-րդ մրցույթը, եւ արդյունքում «Մարիամ Պետրոսյան Խաչատուրի» ԱՁ-ի հետ 2,3 մլն դրամի պայմանագիր կնքվեց։
Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11,5 մլն դրամ՝ մոտ 30 հազար դոլար արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ՝ սրճարան կառուցելու նպատակով։
30 հազար դոլար արժողությամբ այս սրճարանը անգամ 2 ամիս չգործեց։ Սրճարանը, թեեւ նախատեսված էր բոլորի համար, սակայն քչերը հասցրին լինել այնտեղ։
Հենց սրճարանի բացման եւ ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկին «Ժողովուրդ» օրաթերթը հարցումների շարք էր արել, որտեղ պատգամավորները գոհունակություն էին հայտնում, թե որքան լավ է ԱԺ-ում բացօթյա սրճարան ունենալը։ ՔՊ-ականներից շատերն էլ հավաստիացնում էին, որ սրճարանում «Կասկադի գները չեն»։ Սակայն այս վայելքը երկար չտեւեց։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հաստատել է երկրում արտակարգ դրություն մտցնելու եւ անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրի իրագործման մասին տեղեկությունը
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Դոնալդ Թրամփը «Truth Social» կայքէջում արձագանքելով Judicial Watch պահպանողական կազմակերպության ղեկավար Թոմ Ֆիթոնի հրապարակած համապատասխան տեղեկությանը, հաստատել է այն։
Թոմ Ֆիթոնը մասնավորապես հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է արտակարգ դրություն մտցնել եւ կօգտագործի ռազմական միջոցներ զանգվածային արտաքսման համար։