Մերձավոր Արևելքում լարվածությունը չի մարում՝ օջախներն են փոխվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արևելքում թվում էր, թե հարաբերական անդորր է և լիբանանյան ճգնաժամը կարող է հանգուցալուծում ստանալ: Հակառակ հրադադարի ռեժիմի մասին հայտարարությանը Լիբանանը պնդել է, որ Իսրայելը խախտել է ռեժիմը:

Միևնույն ժամանակ հրադադարի մասին քննարկումները չեն դադարում Գազայի շուրջ: ՀԱՄԱՍ-ը, ամենայն հավանականությամբ, որոշակի զիջումների կգնա՝ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու համար: ՀԱՄԱՍ-ի առաջնորդները դիտարկում են հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հնարավորությունը` կարծես թե պատրաստ լինելով հրաժարվելու Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման վերաբերյալ պահանջից:

Հնարավոր խախաղությանը սակայն, փոխարինում է նոր լարվածությունը Սիրիայում:

Սիրիայի արաբական հանրապետությունում տեղակայված իսլամիստական ​​խմբավորումները, այդ թվում՝ ահաբեկչական թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը, Հալեպ քաղաքից արևմուտք լայնածավալ հարձակում են սկսել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: Այս դիրքերը վերահսկում են նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ բանակային զորքերն ու նրա դաշնակից իրանամետ ուժերը:

Հալեպի արվարձաններում թուրքամետ ուժերը փորձել են առաջխաղացում գրանցել և գրավել Անադանին, որը համարվում է Ասադի զորքերի պաշտպանական գծի կարևոր հանգույցներից մեկը։

Իսլամիստները ավիահարվածներ են հասցրել Հալեպին և շրջակայքին. թիրախավորվել է նաև երկրի պետական համալսարանի Հալեպի մասնաճյուղը, որի հետևանքով զոհվել է 4 մարդ: Միաժամանակ հակահարձակման է անցել նաև Սիրիայի բանակը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իսլամիստական խմբավորումները գրավել են բանակի վերահսկողության տակ գտնվող մոտ 50 գյուղ և ավան:

Սա Սիրիական հակամարտության վերջին տարիների ընթացքում կարող է լինել ամենաթեժ սրացումը:

Մերձավոր Արևելքում լարվածությունը, կարծես թե, չի թուլանալու. այստեղ պարզապես օջախներն են փոխվում: Միջազգային ուժերի համար այս տարածաշրջանը ակտիվ պահելը, կարծես, կարևոր է՝ վերահսկողությունը չկորցնելու և տարածաշրջանում ազդեցության լծակները պահելու տեսանկյունից:

ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը դժվար թե զգալի ճնշում գործադրի Նեթանյահուի կամ իսրայելցի զինվորականների վրա՝ սպառնալով դադարեցնել ռազմական օգնությունը. այս պարագայում պետք է հաշվի առնել նաև Թրամփ-Նեթանյահուի անձնական մտերմիկ հարաբերությունները և քաղաքական նպատակների որոշակի համակարծությունը:

Իրանն իր հերթին արձագանքել է Սիրայում իսլամիստենրի գործողություններին՝ նշելով, որ պետք է համախմբվել՝ գործողությունները դադարեցնելու նպատակով:

Պետք է նշել նաև, որ մի շարք քաղաքական վերլուծաբանների կարծիքով, թուրքամետ ուժերի առաջխաղացման պատճառներից մեկը ռուսական զորքի դուրսբերումն ու ուկրաինական ճակատ տեղափոխումն է:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս