ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության եւ այս թունավոր պաշտոնում` իբրեւ ամենաերկարը դիմացած ղեկավար». իսկ այժմ ԲԴԽ-ն ունի նախագահի հավանական թեկնածու՝  ԲԴԽ անդամ եւ Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը։

Արթուր Աթաբեկյանը 2004 թվականին աշխատել է Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ։ 20 տարի անց առաջին կարգի մասնագետից դարձել է դատավոր եւ ԲԴԽ անդամ։

Հեղափոխությունը Աթաբեկյանի կյանքում եւս արգասաբեր եղավ. ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նա նշանակվեց Սնանկության դատարանի դատավոր:

2022 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, իսկ 2023 թվականին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:  2024 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

Այժմ ուսումնասիրենք, թե ինչ ունեցվածք ունի Արթուր Աթաբեկյանը: Համաձայն դատավորի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս, 1 ավտոկայանատեղի։ Գույքերը գտնվում են Երեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Սարիգյուղում։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը գնվել է 2022 թվականին։

Արթուր Աթաբեկյանը հայտարարագրել է նաեւ մեկ TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 355 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 6 մլն 700 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 979 հազար դրամ, որից 16 մլն 194 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։

 

 

Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հովանավորչության նոր ձեւ է հասունացել ՔՊ-ի օրոք։ Դիցուք՝ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սննդամթերքի կոնկրետ տեսակների ու ճյուղերի մագնատ դարձած Երեմյանները, թերեւս ՀՀ  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օբյեկտիվ հսկողությունից խուսափելու համար, գտել են «հանճարեղ» լուծում, այն է` ՀՀ սննդամթերքի անվտանգության  տեսչական մարմնի՝ վերջերս աշխատանքից ազատված ղեկավար Արմեն Հայրապետյանի կնոջը` Լուսինե Հակոբյանին, ընդունել են «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում աշխատանքի, որի արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի ընտանիք արդեն աշխատավարձ է մուտք գործում։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Լուսինե Հակոբյանը, ըստ իր հայտարարագրի տվյալների համադրության, Երեմյանների ՍՊԸ-ում աշխատել է հենց ամուսնու վերջին պաշտոնի օրոք, եւ ոչ թե մինչեւ պաշտոնին նշանակվելը։ Նկատենք նաեւ, որ Հայրապետյանի կինը մի քանի տարի է աշխատում է սննդից տրամագծորեն հեռու ոլորտում` ՀԴՄ սարքերի սպասարկմամբ եւ վաճառքով զբաղվող «Իննթեք» ՍՊԸ-ում։

 

 

 

 

 

Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կգումարի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ժրաջան» իշխանությունները, սակայն, որոշել են մինչեւ Ամանոր պարապուրդի չմատնվել եւ արտահերթ նիստեր կհրավիրեն. «Մեկ նիստը քիչ է, հավանաբար երկու արտահերթ կլինի»,- ասաց մեր ՔՊ-ական զրուցակիցը: Իշխանությունները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունեն. ուստի մինչեւ տարեվերջ պետք է սպառեն օրակարգը, ապա գնան Նոր տարին նշելու:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե եւ կհարցաքննվի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու ներգրավմամբ քննվող քրեական գործով: Իսկ ինչո՞ւ. «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ Արգիշտի Քյարամյանը իր հարցաքննության ժամանակ նախաքննական մարմնում պատմել էր, որ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ, որը անօրինականություն է. հենց դրա համար են Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում արգելանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ երկու անգամ Աղազարյանի որդու գործով դիմում է ուղղվել ՀՀ քննչական կոմիտե, եւ երկու անգամ էլ դիմողը եղել է հենց ինքը` Հովիկ Աղազարյանը: Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, առաջին անգամ դիմել է գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ համոզելով նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից: Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ գործը քննող քննիչը Աղազարյանի դիմումը փոխանցել է իր վերադասին, վերադասը հայտնել է Արգիշտի Քյարամյանին, իսկ Քյարամյանն էլ մերժել է: Երկրոդ անգամ, երբ Աղազարյանը դիմել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, վերջինս այդ մասին տեղյակ է պահել Արգիշտի Քյարամյանին ու կրկին ստացել է մերժում: Այս իրավիճակում Աղազարյանը, ենթադրաբար, խախտել է նախ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի 3-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը սահմանում են. «Պատգամավորի լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը՝ ի շահ իրեն կամ այլ անձի»: Բացի դրանից՝ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասի երկու դրվագով սահմանված է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու եւ խոչընդոտելու արգելքը: Իսկ Աղազարյանն իր դիմումով ենթադրաբար փորձել է խոչընդոտել եւ ազդեցություն ունենալ նախաքննության վրա: Այսպիսով՝ Հովիկ Աղազարյանը, բացի կաշառքի վարույթից, որն արդեն նախաձեռնված է, նաեւ երկու այլ ենթադրյալ օրինախախտումներ է թույլ տվել, ինչի համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի պառլամենտի միջոցով՝ հարուցելով մեղադրանքներ նրա նկատմամբ:

 




Լրահոս