Հարյուրավոր ցուցարարներ երեկ հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի դիմաց, որտեղ պետք է կայանար նոր խորհրդարանի առաջին նիստը։
Կիրակի՝ երեկոյան, Թբիլիսիում խորհրդարանի շենքի հարակից տարածքներում ոստիկանությունը եւ ներքին զորքերը հատուկ տեխնիկա եւ ուժեր էին կենտրոնացրել՝ ընդդիմադիր ուժերի ակցիան հսկողության տակ պահելու համար։
Նշենք, որ երեկ կայացավ Վրաստանի նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։
Կիրակի՝ ուշ երեկոյան, Վրաստանում ընդդիմությունը վրաններ էր տեղադրել Ազգային ժողովի շենքի մոտ եւ գիշերել այնտեղ։
Օրեր առաջ Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ համալսարանի տարածքը ցուցարարների միայն առաջին կանգառն է, նրանք մտադիր են 24 ժամով փակել ուսումնական հաստատության հարակից փողոցները եւ ամենժամյա տեղեկատվական հայտարարություններ անել իրենց ապագա ծրագրերի մասին, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»:
Հիշեցնենք, որ իրավիճակը Վրաստանում լարվեց խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության շուրջ 54 տոկոս արդյունքով հաղթանակի մասին։ Ընդդիմությունը չի համաձայնել քվեարկության արդյունքներին, եւ հինգ տոկոսանոց շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցություն հայտարարել է նոր խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես հրաժարվել է ճանաչել պաշտոնական արդյունքները՝ Ռուսաստանին մեղադրելով ընտրություններին միջամտելու համար:
Երեկ Վրաստանի վարչապետի թեկնածու Կոբախիձեն հայտնել է կառավարության նոր կազմը: Առաջիկա ժամերին պատգամավորները պետք է վստահության քվե հայտնեն Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։ Կառավարության ձեւավորումից հետո կանխատեսվում է, որ ընդդիմությունը կգնա կոշտ քայլերի եւ նույնիսկ դիմադրության՝ փորձելով ձախողել խորհրդարանի հետագա գործունեությունը։
Ավելի վաղ ArmLur.am կայքը հայտնել էր, որ Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պաշտոնական շրջանառության մեջ էին դրել «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության», կամ ավելի պարզ ասած՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, կրկին չդադարող վեճերի եւ լեզվակռվի ուղեկցությամբ, որի հանգուցալուծումը ընտրական գործընթացն էր եւ դրան հաջորդող իրավիճակը։ Վիճահարույց օրինագծի համաձայն՝ այն բոլոր հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ծագում ունի, պետք է ամեն տարի հունվարին եկամուտների պաշտոնական հայտարարագիր ներկայացնեն։ Դա չանելու դեպքում նրանք ստիպված են լինելու 25 հազար լարի՝ մոտ 10 հազար ամերիկյան դոլար տուգանք վճարել։ Այն պահին, երբ խորհրդարանում իշխանամետ պատգամավորները պաշտոնապես գրանցում էին վիճահարույց այս օրինագիծը, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքում էին, իրենց բնորոշմամբ, «ռուսական ծագում ունեցող» այս օրենքի դեմ։