Երկրում տիրող խառնաշփոթի ժամանակ շատ արվեստագետներ, դերասաններ, անգամ ոճաբաններ լուռ են մնում, բայց կան նաեւ բացառություններ։
Օրինակ՝ դիզայներ Արամ Նիկոլյանն այն եզակիներից մեկն է, որը չի համակերպվում, արտահայտում է իր կարծիքն ու անգամ մասնակցում բողոքի ակցիաների։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ոճաբան Արամ Նիկոլյանի հետ։
-Արա՛մ, նորաձեւության ինդուստրիայից դուրս Դուք բավականին ըմբոստ քաղաքացի եք, մասնակցում եք տարբեր բողոքի ակցիաների, չեք լռում, սակայն նույն ոլորտի շատ այլ ներկայացուցիչներ շարունակում են լռել: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է նրանց լռության պատճառը:
-Պատճառ նշել չեմ կարող: Բայց կարող եմ նշել, որ ես խոսում եմ թեմաներից, որոնք ինձ համար կարեւոր են, մոտ են իմ հոգուն եւ ազգայինի լինելիության խնդիր են: Միգուցե հաճախ որոշ ակցիաների չեմ մասնակցում, օրինակ՝ տրանսպորտի թանկացման հարցով բողոքի ակցիաներին, բայց երբ պետականության եւ արժեհամակարգային լուրջ խնդիրներ եւ հարցեր կան, միանշանակ, լուռ չեմ մնում:
-Ի՞նչ եք կարծում, մյուսներին այդ թեմաները չե՞ն հուզում:
-Կարող են հուզել այդ հարցերը, կարող են վախենալ, կարող են չցանկանալ ասոցացվել: Շատ դժվար է, գրեթե անհնար՝ ուրիշի փոխարեն պատասխանելը: Ես կարող եմ իմ կարծիքն ասել, որ կան կատարվելիք որոշ բաներ, որոնց հետ հաշտ չեմ եւ այդ հարցում ունեմ իմ առանձին կարծիքը, ինչի համար որեւէ քաղաքական ուժի հարելու կարիք չկա: Կարիք չկա ինչ-որ «ական» լինել, ինչպես հաճախ ասվում է: Պետք է սիրես քո երկիրը, սիրես քո արժեքները եւ, առհասարակ, գնահատես այն, ինչ ունես:
-«Արցախի ձայներ» նախագիծը աջակցության խնդրանքով դիմել էր գործընկերներին, եւ ոչ միայն: Կոչին արձագանքել են բազմաթիվ հայտնիներ, այդ թվում եւ Դուք: Ինչո՞ւ նման որոշման հանգեցիք եւ ինչպե՞ս եք պատկերացնում այդ աջակցությունը:
-Ցանկացած պարագայում, լինելով նաեւ ՀՀ քաղաքացի եւ կայացած մասնագետ, իմ աջակցությունը բացառապես իմ մասնագիտության միջոցով է: Դեռ վաղուց աշխատել եմ նախագծի հիմնադրի հետ, ում հետ վաղեմի ընկերներ ենք, եւ ինչպես եղել եմ նրանց կողքին, այդպես էլ հիմա կամ եւ սատարում եմ:
-Ապրիլի 15-ին՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, Դուք այրեցիք Ադրբեջանի դրոշը, ինչը մեծ քննարկում առաջացրեց եւ Ձեզ դուրս հրավիրեցին դահլիճից: Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո Ձեր կյանքում: Կարծես թե իշխանությունները տրամադրված են Ձեր անձի դեմ:
-Դուրս չհրավիրեցին, ձերբակալեցին. դա ֆիքսենք: Այդ օրը կատարվում էր մի բան, որի հետ համաձայն չէի: Մի քանի օր առաջ սահմանին կրկին զոհեր էինք ունեցել, եւ այդ օրը զոհված տղաների թաղումն էր Եռաբլուրում. ինձ համար անընդունելի էր տվյալ պահին այդ դրոշը տեսնել Եռաբլուրից մի քանի մետր հեռավորության վրա: Դա էր իմ բողոքի ակցիայի նպատակը եւ պատճառը: Այդ շրջանում շրջափակման մեջ էր նաեւ Արցախը, դա նաեւ խոսք էր Արցախի լռության դեմ: Իրականացվածն ակցիա էր, որն արվում է տարբեր միջոցառումների ժամանակ: Լայն հասարակության ընկալումն ու արձագանքը ինձ համար ցավոտ էր, քանի որ արարքիս մեջ չէի գտնում մի բան, որը կարող էր հասարակությունը բաժանել երկու մասի: Դա այն խնդիրը չէր, որի համար պետք էր հանրությունն այդքան չարանար, առավել եւս պետության կամ պետական այրերի կողմից ճնշումներն էին տարօրինակ: Ոչ ոք իմ արարքի սխալ լինելը մինչ օրս չի բացատրել ինձ, եւ իմ կյանքում ոչինչ չի փոխվել. շարունակում եմ աշխատել իմ մասնագիտությամբ:
-Ձեր դեմ տրամադրվա՞ծ են:
-Միգուցե, բայց ես ապրում եւ աշխատում եմ ինչպես առաջ:
-Նախկինում վարչապետի տիկնոջ հագուստներն էիք մոդելավորում, իսկ հիմա՞:
-Մոդելավորմամբ չեմ զբաղվել: Վարչապետի տիկինը, ինչպես բոլորը, հնարավորություն է ունեցել դիմելու ինձ, ես էլ, ինչպես ցանկացած հաճախորդի, սպասարկել եմ, ինչպես նաեւ վարչապետի համար եմ կոստյումեր կարել մի քանի անգամ. ծառայել եմ իմ երկրին, որում խնդիր չեմ տեսնում:
-Միջադեպից հետո շարունակե՞լ են օգտվել Ձեր ապրանքանիշից:
-Նման դեպք չեմ հիշում: