Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեեւ հրապարակեց իր կողմից հանձնված թմրանյութի թեստի արդյունքները՝ հայտարարելով, թե թմրամոլ չէ, բայց մասնագետները պնդում են, որ արյան եւ մազի միջոցով արված հետազոտությունները առավել հավատարժան են, քան մեզի թեստի տվյալները:
Եվ այսպես, հաստատելով «Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված բացահայտումը՝ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը հանրայնացրեց թմրանյութի թեստի իր արդյունքները: Նա, նոյեմբերի 12-ին կայացած ՔՊ վարչության նիստից հետո, մեզի թունաքիմիական հետազոտություն է անցել եւ հրապարակեց, որ 20 հետազոտություններից 1-ն է դրական եկել՝ բարբիտուարները, որոնք կան կատվախոտի թուրմի մեջ (ՉՈսպՐՖÿվՍՈ), կարվալոլի եւ այլն։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք միայն մեզի միջոցով արված հետազոտությունը արտացոլում է ողջ իրականությունը՝ մարդը թմրանյութ գտագործել է, թե ոչ: Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթին բացատրեց, որ տարբեր թեստեր գոյություն ունեն. «Հերոինի դեպքում՝ մի թեստ, կոկաինի դեպքում՝ մեկ այլ թեստ, բարբիտուարների դեպքում՝ մեկ ուրիշը, բայց գոյություն ունեն ավելի առաջատար՝ ավելի ապացուցողական մեթոդներ, որոնք իրականացվում են ավելի լրջագույն միջոցներով։ Թեստեր կարող են բոլորը ձեռք բերել եւ հետազոտել։ Թեստերով հետազոտում են միայն մարդու մեզը։ Իսկ, օրինակ, քննչական մարմինները, նախաքննական մարմինները իրենց որոշումներով մեզ մոտ հետազոտությունների են նշանակում մարդկանց, որոնց կասկածում են թմրամիջոց օգտագործելու համար, եւ այդ դեպքում վաղեմության ժամկետի պատճառով մեզնից պահանջում են, օրինակ, մազի մեջ հայտնաբերել ինչ-որ բան», – «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասնեց Նազինյանը։ Հետաքրքրվեցինք՝ ո՞ր մեթոդի միջոցով է հնարավոր մարդու օրգանիզմում ճշգրտորեն հայտնաբերել թմրանյութի հետքեր, մեզի՞, մազի՞, թե՞ արյան միջոցով, ինչին ի պատասխան՝ Նազինյանը ասաց. «Արյան միջոցով հնարավոր է, բայց արյան միջոցով չի արվում։ Ինչո՞ւ, որովհետեւ մեզով կամ մազով հնարավոր է անել։ Արյունով ստուգելը հնացած է, բայց էլի արվում է, – ասաց «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը։
Այսինքն՝ քննչական մարմինները համարում են, որ ամեն դեպքում արյան եւ մազի միջոցով հնարավոր է առավել ճշգրիտ ստուգել՝ մարդն օգտագործե՞լ է թմրանյութ, թե՞ ոչ, քանի որ արյան, մազի մեջ թմրանյութը ավելի երկար է մնում, քան մեզի, որտեղից շուտ է մաքրվում: Այնպես որ, Կարեն Սարուխանյանը, թերեւս, պետք է կրկնի թմրանյութի հետազոտությունը:
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձեւը. ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, որն ամիսներ շարունակ հայտարարում է, թե պատրաստ է, բայց զեկույցն այդպես էլ չի հանրայնացվում։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: Իսկ նոյեմբերի 11-ին էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր՝ «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է։ Հանրությունը դեռ տեղյակ չէ, թե զեկույցի որ մասը փակ կլինի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի»,- նշեց Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ ԱԺ նախագահը մինչ օրս 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկելու օրակարգով ԱԺ փակ նիստ հրավիրելու դիմում չի ստացել Անդրանիկ Քոչարյանից. նա ձգձգում է եւ չի ուղարկում դիմումը: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել եւ բոլոր ժամկետները պահպանել, չի կարողանում Անդրանիկ Քոչարյանին բերել օրինականության դաշտ: Քոչարյանը «օրենքից վեր» է:
Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից դուրս եկած եւ երկար ժամանակ անգործ մնացած Արծրուն Հովհաննիսյանը տեղավորվել էր ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ էր տալիս, նա կատարում էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մեկ տարի է, ինչ Արծրուն Հովհաննիսյանը դադարեցրել է աշխատանքն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում: Ինչպես ինքը նշեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, վերադարձել է ծառայության ՀՀ ՊՆ-ում, իսկ թե որ ոլորտում՝ չմանրամասնեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են պտտվում, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ հաջորդ անդամը, որը կլքի կառույցը, Երանուհի Թումանյանցն է։ «Ժողովուրդ» օրաթերթը անձամբ Երանուհի Թումանյանցին հարց ուղղեց՝ կգնա նա Կարեն Անդրեասյանի հետեւից, թե ոչ: Դատավորը լսեց հարցը, բազմանշանակ ժպտաց ու չպատասխանելով՝ հեռացավ: Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ ու իր հետ ԲԴԽ բերեց իր մտերիմներին: Մասնավորապես՝ իր սանիկ դատավոր Քրիստինե Մկոյանին ու արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցին: Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը համատեղ աշխատել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում, որից հետո Երանուհի Թումանյանցն Անդրեասյանի հետ տեղափոխվել է «AM» իրավաբանական գրասենյակ, ապա արդարադատության նախարարություն, ներկայումս էլ ԲԴԽ-ում է: Եվ ահա, նոյեմբերի 18-ին Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց՝ նշելով՝ «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության եւ այս թունավոր պաշտոնում` իբրեւ ամենաերկարը դիմացած»: Նրա հետեւից ԲԴԽ-ում դեռ «դիմանում» են հավատարիմ կադրերը: