5 ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՄԱՀԱՑՈՒ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 տարի առաջ՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, Մոսկվայում կասկածելի հանգամանքներում մահացավ «Մարտի 1»-ի գործով վկա, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Մինչ օրս առեղծված է մնում նրա մահը: Բանն այն է, որ 2019 թվականին կասկածելի հանգամանքներում մահանում էին «Մարտի 1»-ի գործով անցնող անձիք:

 

Աշոտ Կարապետյանի մահվանից երկու ամիս առաջ էլ հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն էր։ Հարությունյանը եւս «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ, ու մինչ օրս նրա մահը եւս մնում է առեղծված:

Ռուսական լրատվամիջոցների

արձագանքը

2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում մահացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ ոստիկանության նախկին պաշտոնյայի մահը վրա է հասել Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետեւանքով:

Ըստ տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մորեղբայրը։

Ռուսաստանում երկու մարդկանց մահվան առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ աշխատանքային պահանջները չբավարարելու հատկանիշներով։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ գարեջրի գործարանը գազի ցանցին միանալու թույլտվություն չի ունեցել։

Ինչ ճանապարհ էր անցել

Կարապետյանը

49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում աշխատել է 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ զբաղեցրել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։ Հետընտրական արյունալի իրադարձություններից մեկ տարի անց պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ Կարապետյանը «Մարտի 1»-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշել էր, որ Աշոտ Կարապետյանը հետընտրական իրադարձություններին իր մասնակցությունն է ունեցել. – «2008թ. փետրվարի 29-ի միջոցառում կոչված «տեղանքի զննություն» օպերացիան եւ դրա ամբողջ գիշերվա ընթացակարգի հետ Աշոտ Կարապետյանն առնչություն ուներ, նա էր զանգել Արմեն Նիկողոսյանին, կանչել ոստիկանություն, այնուհետեւ ոստիկանությունում մենք գիտենք՝ ինչ իրավիճակ է եղել զենքերի հետ կապված այդ ժամանակ, օպերացիան իրագործելու վերաբերյալ: Ժողովրդի դեմ նախահարձակ լինելու հիմքեր ստեղծելու հանգամանքներին վերաբերող քննարկումներ են եղել։ Որպես ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա՝ նա եւս առնչվել է այն ամենին, ինչ որ առավոտվա գործողություններում առկա են եղել ոստիկանության բիրտ ուժի կիրառման ժամանակ», – ասել էր նա։

«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցչի գնահատմամբ, Կարապետյանը պիտի հարցաքննվեր։ Ըստ նրա՝ չի կարող ասել՝ Կարապետյանի մահը կապ ուներ այս իրադարձությունների հետ, թե ոչ. – «Չեմ էլ ուզում բացառել այն վարկածը, որ կարող է եւ կապ ունենալ, որովհետեւ զարմանալի զուգադիպությամբ բոլոր այն անձինք, ովքեր մարտի մեկի առանցքային գործողությունների կիզակետում եղել են, այս անձինք կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ մահանում եմ, եւ ինչ-որ բան նորմալ չեմ համարում այս ամենի մեջ»:

Ի դեպ, Աշոտ Կարապետյանը հանրության ուշադրություն կենտրոնում էր հայտնվել հատկապես ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանի գործի շրջանակներում: Վիրաբյանը հայտարարել էր, որ 2004-ին ընդդիմադիր ցույցերին մասնակցելու համար իրեն խոշտանգողների շարքում է եղել նաեւ Աշոտ Կարապետյանը, որն այն ժամանակ Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Կարապետյանի անունը շոշափվել էր նաեւ Եվրադատարանի 2012 թվականի վճռում, որով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել էր 31 հազար եվրոյի փոխհատուցում վճարել:

2016 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավելու օրերին Երեւանում մեկնարկած հանրահավաքներից հետո Կարապետյանը ենթարկվել էր կարգապահական տույժի, ապա ազատվել Երեւանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ օրերին ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, տասնյակ մարդիկ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:




Լրահոս