Սիրելի կանանց անունները՝ կատուների անուններ․ ովքե՞ր են եղել Դերենիկ Դեմիրճյանի սիրելիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրողներից յուրաքանչյուրը հայտնի է ինչ-որ բանով։ Օրինակ՝ Հովհաննես Թումանյանն, ում անվանում էին «Ամենայն հայոց որբերի հայրիկ», փրկել է եղեռնից փրկված 13 որբերի, որոնց մեջ է եղել Լուսնթագը՝ Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը։

Հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Դերենիկ Դեմիրճյանը թերևս հայտնի է այն հանգամանքով, որ մեծագույն սեր է ունեցել կատուների նկատմամբ։

Այսօր Դերենիկ Դեմիրճյանի հիշատակի օրն է։

ArmLur.am-ը ներկայացնում է որոշ փաստեր գրողի կյանքից և վերջինիս մտքերից։

Ինչպես արդեն վերը նշեցինք՝ Դեմիրճյանը մեծագույն սիրով էր սիրում կատուներին և իր տանը պահում էր տասնյակ կատուների և չնայած այն փաստին, որ տանը պահում էր կատուներ, միաժամանակ հոգ էր տանում դրսում ապրող կատուների մասին։ Հետաքրքիրն այն է, որ Դեմիրճյանն իր կատուներին անվանում էր իր սիրած կանանց անուններով, օրինակ՝ Էլեոնորա, Շարլոտա, Մարան, Օֆելյա։ Դերենիկ Դեմիրճյանի սիրելի կատուներից էր Շարլոտան և ամեն անգամ, երբ սատկում էր Դեմիրճյանի սիրելի կատուներից մեկը, ապա այդ դեպքը դառնում էր ողբերգություն։

Դերենիկ Դեմիրճյանը հաճախել է ջութակի դասերի և Ժնևում ուսանելու տարիներին ձեռք է բերել մի հին ջութակ՝ իտալական «Կրեմոնա» արտադրության։ Հետաքրքիրն ու նույն ժամանակ ցավալին այն է, որ 1921 թվականին, երբ Դեմիրճյանն ուզում էր տեղափոխվել Հայաստանի Թիֆլիս, վերջինիս չեն թույլատրել իր հետ տեղափոխել ջութակը։ Գրողին օգնության է հասել սիրելի Եղիշե Չարենցն, ով արվեստի բաժնի վարիչ է եղել։ Չարենցը տեղեկանք է տրամադրել այն մասին, որ ջութակը պատկանում է Դեմիրճյանին։

Եղիշե Չարենցը միայն ջութակի համար չէ, որ օգնության ձեռք է մեկնել Դեմիրճյանին։ Երբ Դերենիկ Դեմիրճյանի առաջին կինը՝ Մարիամը, ամուսնության 10 տարուց հետո մահացել է, ինչը մեծագույն հարված է հասցրել գրողին, ավելի ուշ հանդիպել է մի ռուս կնոջ, ում անունը Մարիա է եղել։ Մարիա անունով ռուս կինը, սակայն, ամուսնացած էր և ուներ երեխա։ Չնայած նրան, որ կինն ամուսնացած է եղել, Դեմիրճյանն այնպես է սիրահարվում Մարիային, որ փախցնում է նրան, ինչում էլ իրեն օգնում է երիտասարդ Եղիշե Չարենցը։ Մարիան և Դերենիկ Դեմիրճյանն ամուսնանում են, քանի որ Դեմիրճյանը կարծում էր, որ այդ սերն աստվածատուր սեր է և ապրում են իրենց կյանքի մնացյալ օրերն իրար հետ։

ArmLur.am-ը ներկայացնում է նաև գրողի հետաքրքիր, սիրված և հայտնի մտքերից։

․ Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելն իր տեղը զիջում է հուշերով ապրելուն։

․ Բախտ ասածը ոսկե ձու ածող մի կույր հավ է, որը երբեմն իր ձվերն ածում է անարժանների բռի մեջ։

․ Ինչքան թռչում ես դեպի ապագան, այնքան ընդլայնվում է հորիզոնը դեպի անցյալը, և խորանում է կյանքը։

․ Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի է սաստկանում նրա թափը, և ամենից ավելի ներքևին գտնվողին ավելի ուժգին է հարվածում։

․ Մի ժողովրդի պատմությունը նրա անկետան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը։ Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը։ Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից։

․ Ո՛չ ժամանակն է կրկնվում, ո՛չ գաղափարները, ո՛չ արվեստը: Բայց մի բան կարող է կրկնվել. դա վերաբերմունքն է դեպի արվեստը և ստեղծագործությունը։

․ Դրախտն ու դժոխքը մեր ջահելությունն ու ծերությունն են։ Ուրիշ գաղտնիք չկա։

․ Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր: Այլևս դու այս ամեն բանի մասին մեզ մի հարցնի, որովհետև ոչ թե մարդու հետ է մեր հավատի ուխտը, որ խաբվենք իբրև երեխաներ, այլ անխզելի է Աստծո հետ, որ չի կարելի քանդել և հեռու նետել ո՛չ այժմ և ո՛չ ապա, և ո՛չ հավիտյանս, և ո՛չ հավիտենից հավիտյանս:

․ Մեր նախնիները մեզ կտակեցին հայրենիք և ազգ: Արյամբ պաշտպանեցին նրանք մեր ազատության հայրենիքը և մեզ հրաման թողին անբասիր պահել այդ սրբությունները: Պաշտպանե՛նք մեզ կտակած գանձերը: Մեռնենք՝ չտանք թշնամուն ոչինչ:

Աննա Սրապիոնյան




Լրահոս