Վերջին շրջանում քաղաքում իրականացվում են ստորագրահավաքներ՝ տրանսպորտի թանկացման դեմ: Սա այն հարցն է, որն այս պահին ամենաշատն է հուզում քաղաքացիների մի ստվար հատվածի՝ հաշվի առնելով, որ այն անմիջականորեն ազդելու է քաղաքացիների առօրյա ծախսերի եւ բյուջեի վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ նոր ներդրված տրանսպորտային վճարման համակարգի, քաղաքում տրանսպորտային կոլապսի եւ քաղաքի ոչ հարմարավետ պլանավորման մասին է զրուցել: Անդրադարձ է կատարվել նաեւ այդ գործընթացներում մարդկային ռեսուրսի պակասին: Հարցազրույցի ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
-Պարո՛ն Մնացականյան, մեր թեման կրկին Երեւանն է: Այսօր ցանկանում եմ՝ անդրադառնանք մի խնդրի, որը քաղաքացիների շրջանում արդեն իսկ անհանգստության պատճառ է դարձել, սակայն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Խոսքը տրանսպորտային համակարգից օգտվելու համար սահմանված նոր գնացուցակի մասին է: Ըստ Ձեզ՝ այս նոր փոփոխությունը, որի համաձայն տրանսպորտի գինը թանկանում է 3-ից 4 անգամ, արդարացվա՞ծ է՝ հաշվի առնելով մեր տրանսպորտային համակարգը: Ի՞նչ կարող եք ասել:
-Եթե թույլ կտաք, ես գների վերաբերյալ շատ չեմ խոսի: Եթե հետեւել եք մեր գործունեությանը, ապա նկատած կլինեք, որ վերջին երկու տարիներին մեր հիմնական նախագծերից մեկն այն էր, որ Երեւանը կարող է եւ պետք է ունենա անվճար տրանսպորտ: Քանի որ ինքս ջատագովն եմ անվճար տրանսպորտի, ես կցանկանամ, որ երեւանցիներն իմանան, որ դա հնարավոր է, եւ շատ չէի ուզենա մանրանալ այս խճճված վերջին իրադարձությունների մեջ: Նույնիսկ քաղաքապետարանը չի կարողանում քաղաքացիներին, անգամ ավագանու անդամներին բացատրել, թե գնի սանդղակը բարձրացնելու համար ինչ ալգորիթմներով են առաջնորդվում: Վտանգավորն այն է, որ այսօրվա տրանսպորտային, այսպես ասած, բարեփոխումներով զբաղվում են մասնագետ չհանդիսացող մարդիկ: Այսինքն՝ ո՛չ քաղաքապետը, ո՛չ փոխքաղաքապետը, ո՛չ էլ տրանսպորտի վարչության պետը մասնագետներ չեն, հետեւաբար այդ բուրգի տարբեր մարդիկ չեն տիրապետում տրանսպորտային համակարգի կազմակերպմանը՝ թե՛ գիտելիք չունեն, թե՛ տեղեկություն: Ես դեմ եմ տրանսպորտի թանկացմանը: Ասում եմ, որ առնվազն որոշ ժամանակով Երեւանում տրանսպորտը կարող է եւ պետք է լինի անվճար: Հնարավորության դեպքում՝ մշտապես:
-Քաղաքապետարանը նշում է, որ թանկացումն ուղղված է համակարգի բարելավմանը, սակայն կանգառներում խցանումները նույնն են, ինչ «անհույս գազելների» ժամանակ:
-Հետեւություններ անելու համար պետք է վերլուծական միտք, գիտելիք եւ տվյալներ: Քաղաքապետարանն այսօր չունի տվյալներ եւ պայքարում է հետեւանքի հետ:
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐԼԱՐՎԱԾ Է
Թբիլիսիում գրեթե մեկ շաբաթ տեւող ընդդիմության անհնազանդ ցույցերը գիշերը ոստիկանական ուժերի կողմից ուժի կիրառմամբ ցրվել են։
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայից հեռացվել են ցուցարարները, որոնք ամբողջ գիշեր քարերով եւ այլ առարկաներով հարվածում էին ոստիկաններին, հատուկ ջոկատայիններին եւ խորհրդարանի շենքին։ Ցուցարարները կրակում էին նրանց ուղղությամբ պիրոտեխնիկայով՝ հրավառության ճայթուկներով, բարիկադներ էին տեղադրում եւ կրակ վառում, եւ ի պատասխան ցուցարարների՝ Վրաստանի իշխանությունը նրանց նկատմամբ կիրառեց ջրցանների շիթեր եւ արցունքաբեր գազ։
Հիշեցնենք, որ իրավիճակը սրվեց եւ բողոքի ալիքը սկսվեց Վրաստանի իշխանությունների կողմից նոյեմբերի 28-ին ընդունված որոշումից հետո՝ «Օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչեւ 2028 թվականը»։
Միաժամանակ իշխանությունները բացատրել են, որ շարունակելու են աշխատել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ, քանի որ դրանից է կախված ԵՄ անդամակցության պատրաստակամությունը։
Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ, կիրակի՝ ժամը 19:00-ին սկսված բողոքի ակցիան ավարտվել է երկուշաբթի՝ ժամը 07:00-ի սահմաններում։ Ոստիկանությունը ողջ գիշեր անցկացրել է գործողություններ՝ ցուցարարներին դուրս մղելով խորհրդարանի շենքի հարակից տարածքից։
Հենց այս պողոտայում ամբողջ գիշեր ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումները շարունակվել են։
Հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ: Ուժայինները Թբիլիսիի կենտրոնում ապամոնտաժել են բարիկադները։
Վրաստանի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի չորս օրվա ընթացքում երկրի ՆԳՆ տվյալներով տուժել է 113 ոստիկան: Նրանցից 4-ը հիվանդանոցում են։ Կիրակի՝ երեկոյան Ռուսթավելի պողոտայում Խորհրդարանի շենքի առաջ տեղի ունեցող ցույցերին զուգահեռ ցուցարարները շրջափակել էին նաեւ Հանրային հեռարձակողի շենքը։
Այստեղ ընդդիմության կողմնակիցները դժգոհ են հեռուստաալիքի կողմից երկրում ընթացող հանրահավաքների լուսաբանումից, պահանջում են ուղիղ եթեր տրամադրել, հանդիպել ղեկավարության հետ եւ պահանջում էին նրանց հրաժարականը: Արդյունքում, բացի Ռուսթավելու պողոտայից, մասամբ փակվել է նաեւ Հերոսների հրապարակը։
Հանրային հեռարձակողի ղեկավարությունը վերջերս հայտարարություն է տարածել, որում խոսվում է լրագրողների եւ այլ աշխատակիցների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին։
Խորհրդարանի եւ Հանրային հեռարձակող խորհրդի շենքերի առաջ տեղի ունեցող ցույցը լուսադեմին դադարեցվել էր։
Այս պահին Ռուսթավելի պողոտայում մեքենաների երթեւեկությունը վերականգնված է։