ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում պատերազմը կրկին ակտիվ փուլ է մտել: Իսլամիստները, որոնք, մեծամասամբ, ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից, գրավել են Հալեպի նահանգի մեծ մասը եւ առաջ են շարժվել դեպի մայրաքաղաք Դամասկոս: Համասից հյուսիս ռուսական օդուժը եւ սիրիական բանակը հարվածներ են հասցրել զինյալներին, որից հետո բանակի եւ ահաբեկիչների միջեւ մարտեր են սկսվել:

 

Մարտական գործողություններին արդեն առերեւույթ մասնակցություն ունի թուրքական կողմը՝ մարտի մեջ մտցնելով թուրքական Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ-ները: Թուրքական ներկայությունը ապացուցող փաստերն այնքան շատ են, որ նույնիսկ անիմաստ է հերքել: Հալեպի բերդի վրա ծածանվող Թուրքիայի դրոշներից մինչեւ հագուկապ, զինամթերք եւ աշխատավարձ «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորմանը, Թուրքիայի պետական դրոշ եւ Էդողանի նկար՝ «Ֆաջ ալ Հյուրիյա» խմբավորման շտաբում:

Կառավարական բանակին աջակցելու նպատակով Սիրիա են ժամանել իրաքյան դիմադրության 20 հազար մարտիկներ եւ իրանամետ զինված խմբավորումներ:

Վերջին չորս օրերին ակտիվ քարոզչություն է ընթանում նաեւ թուրքական մամուլում: Հեռուստաեթերում հստակ ցուցադրվում է Օսմանյան կայսրության 1899 թվականի քարտեզը, որում Հալեպի նահանգը  հին օսմանյան Հալեպի վիլայեթն է: Թուրքիայի ապագայի քարտեզն այսօր տարածվում է ո՛չ միայն թուրքական մամուլում, այլեւ թուրք գործիչների անձնական էջերում: Այդ հրապարակումները հիշեցնում են Քեմալ Աթաթուրքի «Ազգային ուխտը», որի համաձայն՝ Հալեպը պիտի դառնա Թուրքիայի 82-րդ նահանգը: Վերոնշյալ քարտեզներում, ընդ որում, Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ մտնում է Թուրքիայի տարածքի մեջ՝ Արցախը թողնելով Ադրբեջանին:

Իսկ ի՞նչ է կատարվում Հալեպում

Ահաբեկիչները հայտնել էին, որ քաղաք մտնելիս քրիստոնյաներին, հայերին եւ, առհասարակ, խաղաղ բնակչությանը ձեռք չեն տալու եւ միասին Սուրբ Ծնունդ են նշելու: Սակայն հայտարարություններից 24 ժամ էլ չանցած հայտնի դարձավ հայ բժշկի մահվան մասին, ով դիպուկահարի կրակոցից ստացած վնասվածքից հետո հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել էր:

Քիչ թվով հայերի հաջողվել է դուրս գալ Հալեպից եւ անցնել Դամասկոս, սակայն հայերի մեծ մասն այս պահին Հալեպում է: Առաջնորդարանը զգուշացրել է հնարավորության դեպքում դուրս չգալ տնից՝ խուսափելով քաղաքում շրջող զինյալների հետ առերեսվելուց:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելություն իրականացնող մասնագիտական խմբին, ապա խումբը նոյեմբերի 29-ին ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը եւ անվտանգ դուրս բերվել Հալեպից:

Միաժամանակ Հալեպից Դամասկոս է մեկնել ՀՀ գլխավոր հյուպատոսը՝ այդ մասին առանց տեղեկացնելու համայնքին: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հյուպատոսը աշխատանքային այցով մեկնել է Դամասկոսում գտնվող ՀՀ դեսպանություն եւ չի կարողացել վերադառնալ:

Առաջիկա օրերը որոշիչ են ոչ միայն Սիրիայի համար, այլեւ տարածաշրջանի, տարածաշրջանում թուրքական ազդեցության եւ Թուրքիա պետության փաստացի հաստատման տեսանկյունից, ինչը կարող է ամբողջությամբ փոխել պատկերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ու ճակատագրական լինել բոլորիս համար:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՎՈՐ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ, եղել հայրենի Իջեւան քաղաքում։ Նա դրանից հետո քննադատական հայտարարություններ է արել ճանապարհների  եզրին գործող ավտոլվացման կետերի, գետ թափվող փրփրաջրերի, ճանապարհի եզրին կուտակված զանազան աղբի, շինանյութերի  եւ այլնի մասին։ Տավուշի մարզպետարանի աղբյուրը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի ճանապարհների եզրերին տիրող  վատթար իրավիճակի վերաբերյալ նախատել է իր դասընկեր, իր հարսանիքի քավոր, իր որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին։ Այդ հանդիմանությունից հետո մարզպետ Ղալումյանը գործի է անցել.  նա նոյեմբերի 26-ին դիմել է բնակիչներին, խնդրել եւ հորդորել է հանրային տարածքներից հեռացնել բնակիչների կողմից կուտակած շինարարական նյութերը, շինաղբը եւ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները, որոնք խոչընդոտում են հետիոտնի եւ տրանսպորտային միջոցների երթեւեկությանը։ Մարզպետարանը զգուշացրել  է. «Տեղեկացնում ենք, որ նշված գործողությունները չկատարելու դեպքում` Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցառումներ»։  Դրանից հետո` նոյեմբերի 27-ին, մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է աղբահանության, սանիտարական մաքրման եւ ծառայությունների մատուցման որակի բարելավման նպատակով հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողովի մեջ ընդգրկվել են մարզպետարանի պաշտոնյաներ եւ մարզի համայնքների Իջեւանի, Նոյեմբերյան, Բերդի եւ Դիլիջանի կոմունալ ծառայությունների ղեկավարները( իրենց համաձայնությամբ)։ Այդ հանձնաժողովը պետք է իրականացնի մարզով անցնող միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների եզրերին ու բնակավայրերի ներսում կուտակված աղբի, շինարարական աղբի, տեսանելի տարածքներում կուտակված հին ու անարդյունավետ գույք հանդիսացող տրանսպորտային միջոցների կմախքների ու դրանց տարբեր մասերի, չորացած ու թափված փայտանյութի, ինչպես նաեւ այլ տեսակի աղբը հավաքելու, դրանց տեղափոխումն ու տեղադրումն աղբավայրերում կազմակերպելու գործընթացներ եւ կատարված աշխատանքների մասին պարբերաբար զեկուցի Տավուշի մարզպետին։

 




Լրահոս