Առաջիկայում նոր բողոքի ակցիաներ են սպասվում․ «Գոյ» թատրոնը նորություններ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 8-ին լրացավ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 36-րդ տարեդարձը։ «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց բեմադրվեց նաև ներկայացում և այդ օրը նաև հայտարարվեց 1 ամիս տևած բողոքի նստացույցի ավարտի մասին։

Թեպետ 1 ամիս տևած բողոքի նստացույցն ավարտվեց, այս հանգամանքն ամենևին էլ չի նշանակում, որ պայքարը հանուն թատրոնի չի շարունակվելու, այլ հակառակը՝ ամեն բան նոր փուլ է մտնում, և սպասվում են այլ ակցիաներ։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի մարտի 22-ին տարածվեցին լուրերը «Գոյ» թատրոնի փակվելու վերաբերյալ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը դեռ այդ ժամանակվանից էլ նշել է, որ պատճառ կարող է հանդիսանալ իր քննադատությունները իշխանությունների հասցեին։

Անգամ թատրոնի խաղացանկում եղել են քաղաքական կոնտեքստով ներկայացումներ, քննադատություններ։ Դրանց վառ օրինակն են Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», Ալբեր Քամյուի «Օտարը», «Գարեգին Նդժեհ. իրական առասպել» պատմական հետազոտությունը և այլն, սակայն հարկ է նշել, որ թե՛ ներկայացումները, թե՛ բուն ստեղծագործությունները մեծ սեր և հարգանք են վայելում։

ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ։

-Պարո՛ն Արզումանյան, թատրոնի ծննդյան օրը հայտնել եք, որ նստացույցը դադարեցվել է, և փոփոխություն և զարգացումներ են սպասվում։ Ավելի հստակ՝ ինչի՞ մասին է խոսքը գնում։

-Նստացույցը դադարեցնելը մի քիչ լավ չի հնչում, որովհետև տագնապային է թվում։ Պարզապես այդ բողոքի ակցիան փոխարինում ենք այլ ակցիաներով, որովհետև մեր ուժերը կենտրոնացրել էինք նստացույցի վրա 1 ամիս շարունակ ու ինքը տվեց այն արդյունքը, ինչը տվեց։ Հիմա, քանի որ մեր հարգարժան ԿԳՄՍ նախարարությունը հաշվի չի նստում մեզ հետ, մեր պահանջի հետ, հիմա պետք են գործողություններ, որոնցով պետք է ստիպենք, որ կարողանանք հասնել արդյունքի։

Ի՞նչ է դա իրենից ենթադրում․ դա իրենից ենթադրում է հանրային ճնշում, իսկ հանրությանը բերել ու կենտրոնացնել մի գաղափարի շուրջ, դա մի քիչ աշխատանք է պահանջում ու այդտեղ նստելը մի տեսակ արդյունավետ չէր այդ ամենին բերելը, դրա համար հիմա մենք ունենք գործողությունների հստակ պլան, որոնցով պետք է փորձենք հանրությանը բերել այս դաշտ, որովհետև սա միայն մեր կռիվը չէ, «Գոյ» թատրոնում աշխատելու կռիվ չէ, սա մշակույթի մասին է խոսքը, իսկ մշակույթը բոլորինն է։ Դրա համար պետք է մարդկանց իրազեկենք, ապացուցենք այս պայքարի արդարացիությունը և փորձենք հանրային ճնշումով ստիպել բացել «Գոյ» թատրոնի դռները, մինչև աշխատենք, հասկանանք դատարանն ինչ է որոշում։

Քայլերից մի քանիսն ասեմ, հաճախակի լինելու են հանրային միջոցառումներ, որոնք իրենց մեջ կներառեն դասախոսություններ, ներկայացումներ։ Ներկայացումներ ասվածը ավանդական ներկայացումները չեն, ինչը, որ գիտենք։ Սրանք բողոքի ներկայացումներ են լինելու իրենց բովանդակությամբ, որոնք որ չպետք է թվան, որ մենք հարմարվում են նույնիսկ փողոցում խաղալու համար։ Սրանք ասելիքով ներկայացումներ են, հրապարակային տխուր ներկայացումներ են։ Կունենանք մասնավոր հանդիպումներ։ Արդեն մենք կայցելենք մեր գործընկերներին, այլ թատրոններ, անկախ արվեստագետների։ Կփորձենք բացատրել, պարզաբանել, որպեսզի այս մարդիկ հասկանան ինչ է ընդհանրապես տեղի ունենում։

-1 ամիս տևած նստացույցն ի՞նչ տվեց։

-Մոտ 6 ամիս տևում էին բանակցություններ, որոնք արդյունք չտվեցին, հանրության մոտ կարծիք էր ձևավորվել, որ ամեն բան հարթվել է կամ «Գոյ» թատրոնը նահանջել է, այլևս չի պայքարում արդարության համար։ Նստացույցը տվեց այն, որ ևս մեկ անգամ մարդկանց մոտ այդ իրազեկում էր, հարցի վրա կենտրոնացում էր։ Տվեց նաև նորից նախարարության և այլ պետական մարմինների մոտ սթափություն, որ «Գոյ» թատրոնը վճռական է տրամադրված այս ամեն ինչին, այնպես չէ, որ մենք խոսեցինք ու «փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ» ու մենք էլ համաձայնեցինք։ Այնպես չի, որ ոչինչ չի տվել։ Ճիշտ է՝ պահանջով էինք նստել, բայց այդ պահանջը դեռ շարունակվում է։

-Դուք նաև նշել եք, որ նստացույցը հնարավոր է տեղափոխվի ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Որքանո՞վ եք իրատեսական համարում։

-Հիմա կարող է կոնկրետ ԿԳՄՍ-ի մոտ չլինի, մեր հետագա գործողությունների մեջ ներառված է։ Կարող է և որոշակի ժամանակով, այլ ոչ թե անժամկետ, որոշակի ժամանակային հատվածով ոչ միայն ԿԳՄՍ-ի, այլ նաև հնարավոր է, որ լինի ՄԻՊ-ի գրասենյակի մոտ, դատարանի մոտ։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է լինեն ակցիաներ նստացույցի տեսքով՝ 2-3 օրով։

-Ի՞նչ կտան այդ նստացույցերը։

-Դրանք բնականաբար գործողություններ են, որոնք պետք է արվեն։ Էլի եմ ասում, սրանք ոչ միայն «Գոյ» թատրոնում, այլ հանրության ինչ-որ զանգվածում և մշակույթի ինչ-որ այլ գործիչների ներգրավվելով պետք է արվի։ Ընդամենը հանրային ճնշում է պետք գործադրել, որ ունենանք արդյունք։ Հարցն ընդամնեը պետք է պահել խոշորացույցի տակ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս