«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Արդարադատության նախարար, նախկինում գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանն օրերս ԱՄՆ-ում արժանացել է Anticorruption Champions Awards (Հակակոռուպցիոն չեմպիոն) մրցանակին: ԱՄՆ Պետքարտուղարության՝ թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք կիրառելու համար: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ինչո՞վ է արժանացել Գալյանն այս մրցանակին, եթե հայտնի է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով արդյունքները չնչին են` 4 տարում նրա ղեկավարությամբ «553 ուսումնասիրություն» է իրականացվել, դրանցից 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, եւ միայն 4 գործով կան առաջին ատյանի վճիռներ` հօգուտ ՀՀ-ի, որոնք դեռեւս օրինական ուժի մեջ չեն մտել, այսինքն՝ բողոքարկվել են։
Նա եւ իր աշխատակիցներն անցած 4 տարվա ընթացքում խոշորացույցի տակ ուսումնասիրել են հիմնականում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոններ զբաղեցրած եւ նրանց հետ փոխկապակցված մարդկանց ունեցվածքը՝ հասնելով ընդհուպ մինչեւ 90-ական թվականները եւ խախտելով մարդու բոլոր իրավունքներն ու պահանջելով ներկայացնել նրանց ունեցած ողջ գույքի հիմքերը, որոնք հաճախ օբյեկտիվ պատճառներով չեն պահպանվել։
Գալյանի եւ իր թիմի կողմից ուսումնասիրությունների հետեւանքով դատարաններում քննվող գործեր ունի նաեւ փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ արժանի՞ էր Գալյանը նման մրցանակի։ Փաստաբանը նախ շնորհավորեց Սրբուհի Գալյանին՝ մրցանակի համար, ապա նշեց․ «Իրականում, եթե լրիվ արդար ենք լինում եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ենք խոսում, պետք է գնահատվի, թե ընդհանրապես դատախազությունը գործող իշխանության ներկայացուցիչների դեմ, խոսքը վարչապետ, վարչապետի կին, նախարարներ…, քանի՞ գործ է հարուցել, խոսքը գնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական անդամների մասին, որոնց վերաբերյալ կոռուպցիոն դեպքերի քանակը բավականին շատ է, առնվազն ԶԼՄ-ներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բազմաթիվ դեպքեր, խնդիրներ է տեսել եւ բարձրաձայնել, գնումների ոլորտում բավականին խնդիրներ կան, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստը չի կարող գնահատվել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում՝ «լիազորությունների իրականացմամբ»»։
Ըստ Օրբելյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը մի հարց է, արդարադատության հաստատումը` այլ հարց, պետական բյուջեի կատարումը` մեկ այլ հարց․ «Պետք է պետական մարմիններին արգելել օրենքով նշել, թե ինչքան գումար է քրեական գործերով վերադարձվել, որովհետեւ դա ստացվում է ինքնանպատակ, դրանով իսկ կոռուպցիայի դեմ պայքարը չի ուժեղանում, կոռուպցիան չի պակասում լայն իմաստով․․․ երկու տարի առաջ մեկ անձից գնումով Հայաստանը պատմական ռեկորդներ էր խփում, իսկ դրանք լրջագույն կոռուպցիոն ռիսկեր են, հիմա կոռուպցիայի անվան տակ կարող ենք դնել, որ պարգեւավճարներ են բաժանվում, դրանք կոռուպցիայի դրսեւորումներ են։ Եթե անունը դնում են պարգեւավճար եւ դրանով են ստանում, դա դեռ չի նշանակում, որ դա եղավ իրավաչափ գործընթաց։ Տպավորություն կա երբեմն, որ ինչ-որ բան եթե թափանցիկ է արվում, դառնում է օրինական: Ինչ-որ պաշտոնյաներ եթե հանցագործություն են անում, ասում են՝ «հա, լավ եմ արել, SMS-ը ես եմ գրել»` ինքնախոստովանում է, բայց տպավորություն է, որ եթե գաղտնի չէ` ասում է, ուրեմն նորմալ է»։
Փաստաբանը հարց է բարձրացնում՝ գուցե կոռուպցիայի դեմ առաջամարտիկը կարող է եւ Գալյանն է, եթե մյուս մարմինները չեն․ «Եթե դատախազությունը չի քրեական գործերով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի` կանխարգելման գործառույթով, եթե ԱԺ-ի պատգամավորները կամ հանձնաժողովը չեն, որոնք իրականացնում են համապատասխան ներկայացուցչական գործառույթ, եթե դա արդարադատության համապատասխան ստորաբաժանումը չի, դատարանը չի, այլ դատախազի տեղակալն է, որն ապօրինի գույքի բռնագանձման վարույթներն է շահել, կարող է եւ ինքն է Հայաստանում: Եթե ինքն է, դա արդեն ինքնին խնդրահարույց է։ Ես հիմա չեմ էլ ուզում քննարկել դրա քաղաքական ենթատեքստը, չեմ ուզում քննարկման առարկա դարձնել տիկին Գալյանի ընտանիքի հետ կապված կոռուպցիոն պատմությունները, որոնք չեմ հետազոտել։ Եթե ինքն է առաջամարտիկը, ապա դա լա՞վ է, թե՞ չէ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: