Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին  ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին:Հանրապետության ղեկավարը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով: Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի մասնակիցներինՎեհափա՛ռ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,Ձե՛րդ Սրբություն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ,Մեծարգո՛ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադ,Կրոնական հարանվանությունների մեծարգո՛ ղեկավարներ,Հարգելի՛ հյուրեր,Ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել և բարի գալուստ մաղթել ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի հարգարժան մասնակիցներին, Վեհափառ Հայրապետի և մեր երկրի բոլոր հյուրերին:Խորհրդանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում բիբլիական լեռան` մեր երկրի և ժողովրդի խորհրդանիշը հանդիսացող Մասիսների ստորոտում: Այստեղ է իջել Նոյը` դուրս ելնելով իր տապանից, և վերսկսել մարդկության պատմությունը: Մենք հպարտ ենք, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկիրը քրիստոնեության տարածման հնագույն օջախներից մեկն է աշխարհում: Ավելի քան տասնյոթ դար առաջ հայ ժողովուրդն Աստվածաշնչի պատվիրանները որոշեց ընդմիշտ դարձնել սեփական արժեհամակարգի խարիսխը:Այդ ամբողջ շրջանում մեր ժողովրդի ինքնության դրոշակակիրն ու պահապանն է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Մեր պատմության տարբեր հատվածներում այն երբեմն ստիպված է եղել ստանձնել պետական ատյանների դերը: Այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված էր իր պետականությունից, մեր Եկեղեցին հանդիսացավ հայոց մշակույթի և կրթության կարևորագույն կազմակերպիչը` վառ պահելով ինքնիշխան լինելու և սեփական ազատ պետությունը վերստեղծելու վեհ գաղափարը:Հայոց եկեղեցին իրականության մեջ մշտապես եղել է նաև հավատքը և համամարդկային արժեքները սերնդեսերունդ փոխանցողը և հայկական ինքնության պահպանման աննկուն ջատագովը: Վստահ եմ` ասածս նույնքան ճիշտ է նաև այստեղ ներկայացված յուրաքանչյուր կրոնական համայնքի համար: Հոգևոր վերելքը պետք է իրականություն դառնա յուրաքանչյուրիս հայրենիքում:Հարգելի՛ ներկաներ,Ձեր սերնդի հոգևոր դասը առանձնահատուկ առաքելություն է ունեցել: Հոգևոր ծառայության անցնելու որոշումը դուք կայացրել եք պետության կողմից վարվող անբարենպաստ քաղաքական պայմաններում: Բայց, այնուամենայնիվ, դուք հետևել եք սրտի կոչին և հաղթահարել այդ անհարկի ճնշումները:Այժմ իրողություններն այլ են, և ամեն մարդ կարող է ազատ դավանել իր կրոնը: Այստեղ ներկա են ԱՊՀ տարածքում գործող քրիստոնեական, մահմեդական, մովսիսական և բուդդայական ավանդական միավորումների առաջնորդները: Սա յուրօրինակ հավաքական ուժ է, որը խորհրդանշում է տարբեր կրոնների խաղաղ համակեցության հզորությունը, նրանց հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը միմյանց հանդեպ:Արդի աշխարհում հաճախ են արծարծվում այս թեմաները: Բայց այդ քննարկումների ժամանակ երբեմն մոռացվում է, որ ,հանդուրժելե նշանակում է համակերպվել մի բանի գոյության հետ, որն այնքան էլ հաճելի չէ: Իսկ դա կարող է լինել մեր բոլորի ցանկացածի նվազագույն շեմը միայն: Մենք պետք է առաջին հերթին կարևորենք փոխադարձ շփումները, այլ ոչ թե մեկուսացումը: Մենք պետք է կարևորենք փոխադարձ ըմբռնումը, այլ ոչ թե, այսպես ասած, ,օտարիե հանդեպ կասկածամտությունը: Մենք պարտավոր ենք անցնել հանդուրժողականությունից անդին` դեպի փոխադարձ խորը հարգանք խորհրդանշող ավելի բարձր մակարդակը:Այս գագաթնաժողովը գալիս է ապացուցելու, որ արդի աշխարհի խնդիրները լուծելու միակ ճիշտ ուղին ընդհանուր մարտահրավերների առջև բոլորիս ուժերի համախմբումն է, մարդկանց համերաշխության ամրապնդումն է` անկախ նրանց ազգային պատկանելությունից և կրոնական համոզմունքներից: Այսօր աշխարհին անհրաժեշտ է խաղաղություն, և ոչ երկպառակություն: Այս ճանապարհին հարկ է ոչ թե անտեսել ու ստորադասել, այլ խրախուսել ու ամրապնդել մարդկանց հոգևոր արմատները: Այն արմատները, որոնք մարդկանց մեջ սերմանում են միմյանց հանդեպ սեր, բարություն, հարգանք և ներողամտություն, նպաստում են համաձայնություն և խաղաղություն հաստատելուն:Հարգելի՛ բարեկամներ,Հայ ժողովուրդը կայացրել է իր պատմական ու անշրջելի որոշումը` զարգանալ իր հարևանների, բարեկամների և համայն մարդկության հետ առավելագույն համագործակցության ուղով: Մենք գտնում ենք, որ հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումների, բանակցությունների և համագործակցության, և ոչ թե սպառնալիքների ու լարման մեծացման միջոցով: Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջինը մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը, անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ կստանանք համարժեք պատասխան: Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը, ինչ խոսք, հուսահատեցնող կարող է լինել:Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին: Այն լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որևէ բարիք չի բերելու ո՛չ մեր հարևան ժողովրդին, և ո՛չ էլ մեզ:Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն և սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, և դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել ևս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային և հոգևոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները:Այս կարևորագույն լսարանի առջև Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը:Խոսքիս այս հատվածն ամփոփելով` ողջունում եմ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ իրականացվող երկխոսությունը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև: Շնորհակալ եմ այդ ջանքերի համար, որոնք նպաստում են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը:Օգտվելով առիթից` շնորհավորում եմ Նորին Սրբություն Կիրիլ պատրիարքին իր ծննդյան վաթսունհինգերորդ տարեդարձի կապակցությամբ, որը լրացավ բոլորովին վերջերս: Ձե՛րդ Սրբություն, մաղթում եմ Ձեզ  արևշատություն, ուժ, կորով` հանուն մեր հավատակից եղբայրների և քույրերի հոգևոր վերելքի:Հարգելի՛ հյուրեր,Ես հավատում եմ, որ բարոյականությունը և հավատքը փոխկապակցված են: Կարծում եմ, որ առանց հավատքի, առանց հոգևոր տեսլականի մարդ չի կարող ամբողջովին բացահայտել իրեն, լիարժեքորեն առաջ շարժվել, զարգանալ և կատարելագործվել: Արդի աշխարհի բարդ ու փոթորկոտ միջավայրում դուք փարոս եք ծառայում հազարավոր հավատացյալների համար, ովքեր զգում են ձեր իմաստության և վսեմության կարիքը: Ձեր համագործակցությունը և միասնությունը էական նշանակություն ունի ձեր հետևորդների համար: Վստահ եմ` գագաթնաժողովի ընթացքում քննարկելու եք նաև այդ հարցերը:Այս միջոցառման բոլոր մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք և առարկայական արդյունքներ ԱՊՀ տարածքի և համամարդկային կարևորություն ներկայացնող խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիներ փնտրելու գործում:Աստվա՛ծ պահապան բոլորիս:Շնորհակալ եմ:




Լրահոս