«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել է Սիրիայում կատարվող վերջին զարգացումներից, հայկական կողմի անելիքներից:
-Պարո՛ն Մարտիրոսյան, կարծես աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ են ընթանում, նոր բաժանումներ են լինում, եւ հատկապես բուռն զարգացումներ են տեղի ունենում Մերձավոր Արեւելքում: Ընդամենը մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին, հայտնի դարձավ, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հայտնվել է զինյալ խմբավորումների վերահսկողության տակ: Այս իրադարձությունները ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի եւ, հատկապես, Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ այս ամենի անմիջական մասնակիցը հարեւան Թուրքիան է:
-Այս զարգացումները մեզ վրա շատ վատ անդրադարձ են ունենալու: Նման իրադարձությունների պարագայում գոյություն ունի Դոմինոյի էֆֆեկտ, որի դեպքում, եթե նախաձեռնող կողմը կապ ունի Դոմինոյի մեկ այլ, թեկուզ այդ պահին հեռավոր թվացող օղակի հետ, ապա էֆֆեկտն անպայմանորեն հասնում է նաեւ այդ օղակին: Այսինքն, եթե այլ պարագայում կարող է փլուզման գործընթացը ինչ որ պահի կանգ առնել, ապա այս դեպքում այն անպայման կհասնի վերոնշյալ օղակին: Սա հենց այդ պարագան է, քանի որ, ինչպես արդեն նշեցիք, Թուրքիան է կանգնած այս հեղաշրջում-հեղափոխության ետեւում, իսկ սա հենց ռազմական զինված հեղափոխություն է, որովհետեւ համակարգ է փոխվում Սիրիայում, եւ ո՛չ ոք չի խոսում այդ մասին: Այս հեղաշրջման հետեւում կանգնած է Թուրքիան եւ հաջորդիվ նաեւ այլ քայլեր է անելու՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ հատկապես Հարավային Կովկասում:
Թուրքական դիվանագիտությունը հերթական անգամ ցույց տվեց իր բարձր որակը, աշխատանքի հետեւողականության հարցում ունեցած կամքի արդյունքում հաջողության հասնելու բացառիկ տաղանդը, որը դարերի ընթացքում բազմիցս դրսեւորվել է:
Սիրիայում տեղի է ունեցել իսլամիստական հեղափոխություն, որտեղ աշխարհիկ եւ հանդուրժող (քրիստոնյաներին շատ մոտ իսլամական կրոնական ճյուղի, որին Իսլամի տարբեր ճյուղեր կրոնի մաս էլ չեն համարում) ալաուիների իշխանությունը, ի դեմս Ասադի ընտանիքի, փլուզված է: Ի դեպ, Սիրիան համայնքային պետություն էր, բայց հենց Ասադների, ու հատկապես Բաշար ալ Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի ջանքերով, բռնությամբ եւ ճնշումներով ստեղծել էր մի իրավիճակ, որ էթնոդավանաբանական տարբերությունները տաբու էին քննարկման համար: Այս իրավիճակը սկսեց փլուզվել պատերազմի սկզբում. իրավիճակը շատ խոր պատմություն ունի եւ պարզապես Ասադի բռնատիրության դեմ ապստամբություն չէր, սա պարզ է: Պատմության ընթացքում մի քանի անգամ սուննի մեծամասնության ծայրահեղականության կողմից տեղի են ունեցել ալաուիների ցեղասպանություններ եւ սուննիները, որոնք մեծամասնություն են ոչ միայն Սիրիայում, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում, առհասարակ եւ աշխարհում, իրենց ծայրահեղական հատվածի շրջանում չէին կարողանում հանդուրժել փոքրամասնություն հանդիսացող ալաուիների իշխանությունը: Խնդիրը հենց սրա մեջ էր: Ասադը, այո՛, բռնակալ էր, իր հայրը նույնպես բռնակալ էր, սակայն սրանք այն բռնակալներն են՝ առանց որոնց երկիրը ընկնում է քաոսի մեջ եւ վերածվում մի տարածքի, որտեղ անհանդուրժողականության մակարդակը սարսափելի բարձր է: Ինչ վերաբերում է ռեժիմին, ապա այն անհանդուրժող էր միայն կրոնական ծայրահեղականության նկատմամբ:
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված Թագուհի Թովմասյանը երեկ իր սոցցանցի էջում գրել է.
«1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ եւ կազմակերպություններ, իսկ այսօր նաեւ ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Եվ հատկապես այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, կարեւոր է հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իրավական դաշտի, այլեւ քաղաքական եւ բարոյական պարտավորություն է:
Հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման խոստումներին հակառակ` կոպտագույնս ոտնահարվում են դրանք:
- Տարբեր մասնագետներ ահազանգում են, որ դատական համակարգը իշխանությունների կողմից ճնշումների եւ քաղաքական միջամտությունների է ենթարկվում, ինչը հաստատվեց նաեւ ՍՄՍ-ների միջոցով ազատումների շքերթով: Չնայած որոշ բարեփոխումներին՝ դատավորների որոշումների վրա ազդեցություն գործելու դեպքերը մնում են մտահոգիչ։ Դատական անկախությունը հենասյուն է մարդու իրավունքների պաշտպանության համար, որը խախուտ է:
- Հայաստանում լրագրողները եւ լրատվամիջոցները շարունակում են ճնշումների ենթարկվել. ծեծ, բռնություն, հավատարմագրումից զրկում, վիրավորանքներ… Խոսքի ազատությունը լրջագույնս վտանգված է: ԱԺ նախագահի 25-ից ավելի հայցերն ապացուցում են, որ բարձրագույն իշխանությունը չի հանդուրժում ազատ խոսքը:
- Պատգամավորի անձնական տվյալների եւ, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների շրջանառությունը իշխող խմբակցության մեջ լրջագույնս խախտում է անձնական կյանքի իրավունքը: Ծայրահեղ անընդունելի է Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը:
- …Կարող եք ցանկը շարունակել ինքներդ, որը, վստահ եմ, շատ երկար է …»։