Ինչպե՞ս Օսթինի սիրային կյանքն ազդեցություն ունեցավ իր ստեղծագործությունների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

18-րդ դարի վերջի Բրիտանական ազնվականությունը քննադատող անգլիացի վիպագիր Ջեյն Օսթինի հանրահայտ և սիրված «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը 200 տարվա պատմություն ունի։

Օսթինի ստեղծագործությունները հիմնականում միտված են բացահայտելու կանանց կախվածությունը ամուսնությունից` սոցիալական և տնտեսական ապահովություն ստանալու նպատակով։ Կարելի է ասել, որ վիպագիրն իր ձեռագրով շարժում է շատ կանանց սրտի և հոգու նուրբ թելերը՝ խոսելով իրենց խնդիրների, հոգսերի և կախվածությունների մասին։

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, վիպագրի ծննդյան օրն էր։ Կարելի է ասել, որ Օսթինը ծնվեց ձմռան մի ցուրտ օր, որ հետագայում իր գրչով ջերմացնի շատերի սրտերը։

ArmLur.am-ը ներկայացնում է Ջեյն Օսթինի հայտնի մտքերը և որոշ հետաքրքիր փաստեր վերջինիս կյանքից։

1795-96 թվականներին Սուրբ Ծնունդին Ջեյն Օսթինը հանդիպում է երիտասարդ իռլանդացի Թոմաս Լեֆրոյին։ Այդ ժամանակ երկուսն էլ 20 տարեկան էին և Օսթինն այնքան էր հիացած Թոմասով, որ քրոջը գրված նամակներում մշտապես անդրադառնում էր Թոմասին։

«Նա շատ կնամեծար, գեղեցիկ և հաճելի երիտասարդ է, վստահեցնում եմ քեզ»,- իր նամակներից մեկում գրել է Օսթինը:

Չնայած նրան, որ երկուսն էլ խենթի պես տարված էին իրարով և թվում էր, թե աշխարհն իրենց շուրջ է պտտվում՝ ամեն բան միգուցե գեղեցիկ ավարտ չունեցավ, քանի որ այս հարաբերությունները հենց այդ փուլում ավարտվեցին, քանի որ Թոմաս Լեֆրոյը ֆինանսական կախում ուներ իր ընտանիքից և նրա որոշումները ևս կախված էին ընտանիքի անդամներից։

1802 թվականին Օսթինն ամուսնության առաջարկ է ստանում Հարիս Բիգ Ուիթերից, ով նոր էր ուսումն ավարտել Օքսֆորդում: Սկզբում նա ընդունում է առաջարկությունը, քանի որ վերջինս մեծ ժառանգության տեր էր և այդպիսով էլ Օսթինը կարող էր օգնել իր ընտանիքին, սակայն առաջարկն ընդունելու հաջորդ առավոտյան հասկացել է իր սխալը և վերջնականորեն մերժել է Ուիթերի առաջարկը:

«Ցանկացած բան ավելի գերադասելի է, քան առանց սիրո ամուսնությունը»,-գրել է Ջեյն Օսթինն իր նամակներից մեկում։

Օսթինն այդպես էլ երբեք չամուսնացավ։

ArmLur.am-ը ներկայացնում է նաև Օսթինի հայտնի, հետաքրքիր մտքերը։

  • Մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել:
  • Հպարտությունը շատ տարածված թերություն է: Իմ ամբողջ կարդացածն ինձ համոզել է, որ հպարտությունն իրոք շատ տարածված է, ու մարդն իր բնույթով խիստ հակված է դրան: Մեր մեջ քչերը կան, ովքեր ինքանգոհ չեն ու չեն փայփայում այն միտքը, թե իրենք մյուսներից ավելի լավն են, լինի դա իրական թե մտացածին: Սնափառությունն ու հպարտությունը տարբեր բաներ են, թեև այդ բառերը հաճախ որպես հոմանիշներ են օգտագործվում: Մարդը կարող է հպարտ լինել` զերծ լինելով սնափառությունից: Հպարտությունն այն է, ինչ մենք ենք մեր մասին մտածում, իսկ սնափառությունը` ինչ որ կցանկանայինք` ուրիշները մեր մասին մտածեին:
  • Հեռավորությունը չնչին բան է երբ այն հաղթահարելու պատճառ ունես:
  • Չկա ավելի մոլորեցնող բան, քան կեղծ համեստությունը: Հաճախ դա պարզապես մարդկանց մտքերը հաշվի չառնելն է, իսկ որոշ դեպքերում` սքողված պարծենկոտությունը։
  • Ամենաիմաստուն և լավագույն մարդկանց, ավելի ճիշտ` նրանց ամենաիմաստուն և լավագույն արարքները կարող են որպես անմտություններ մատուցել այն մարդիկ, ում համար կյանքում առաջինը սրամտելն է:
  • Ոչ մեկը չի կարող իրոք կրթված համարվել, եթե սովորական շրջապատին էապես չի գերազանցում: Այդպիսի կոչման արժանի կինը պետք է հիմնավոր գիտելիքներ ունենա երաժշտությունից, երգեցողությունից, նկարչությունից, պարից, ժամանակակից լեզուներից: Այս ամենից բացի՝ պետք է վայելուչ կեցվածքի ու քայլվածքի, ձայնի հնչերանգի ու արտահայտչականության տիրապետի, այլապես այդ բառին միայն կիսով չափ արժանի կլինի:
  • Մենք բոլորս էլ սիրում ենք դասեր տալ, թեև սովորեցնում ենք բաներ, որոնք ինքներս էլ կարգին չգիտենք:
  • Մեջս մի համառություն կա, որը չի թողնում, որ ուրիշների կամքով վախի մատնվեմ: Ամեն անգամ, երբ մեկը փորձում է ինձ վախեցնել, խիզախությունը մեջս գլուխ է բարձրացնում:
  • Եթե դու լավ ես վերաբերվում քեզնից ինչ-որ բան պահանջողին, դա կարող է քեզ մղել, որ անվերապահորեն ենթարկվես նրա ասածին՝ անգամ չսպասելով, որ դրա համար որևէ հիմնավորում հնչի:
  • Ես չեմ կարող ոչ էլ հարկավոր է, որ մտքիցս դուրս մղեմ այնտեղ ներխուժած ցավոտ հիշողությունները: Ամբողջ կյանքումս եսասեր եմ եղել, գոնե այդպես ապրել եմ, թեև սկզբունքներս այլ են եղել: Երեխա ժամանակ ինձ սովորեցրել են, թե ինչն է ճիշտ, բայց չեն սովորեցրել բնավորությունս շտկել: Ինձ բարձր սկզբունքներով են դաստիարակել, բայց թույլ են տվել, որ դրանց հետեվելիս լինեմ հպարտ եվ մեծամիտ:
  • Միակ բանը, որի համար նրան մեղադրում էին, հպարտությունն էր. թերևս նա իրոք հպարտ էր, բայց եթե նույնիսկ այդպիսին չլիներ, դա հաստատ նրան կվերագրեին:
  • Շատերը նրա մեջ տեսնում են այն, ինչ ինքն է ցանկանում, որ տեսնեն:
  • Որքան փոփոխական են մարդու զգացմունքները. այժմ իր ցանկությունն է շարունակել մի ծանոթություն, որին նախկինում ամեն կերպ ուզում էր վերջակետ դնել…

Աննա Սրապիոնյան




Լրահոս