Հայաստանում հեպատիտ վիրուսները աճում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում ամեն տասնմեկերորդ մարդ վարակված է հեպատիտ B-ով և C-ով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս հիվանդությունները մեծ տարածում ունեն: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լյարդաբան, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը հայտնեց, որ Հեպատիտ վիրուսների կանխարգելման լավագույն ճանապարհը իրազեկվածությունն է:

«Ամբողջ աշխարհում վիրուսային հեպատիտներով վարակված է վեց հարյուր միլիոն մարդ, որոնցից երկու հարյուր միլիոնը՝  հեպատիտ C-ով, չորս հարյուր միլիոնը ՝  հեպատիտ B-ով:

Աշխարհում ամեն տասնմեկերորդ մարդ վարակված է հեպատիտ B-ով և C-ով: Ընդ որում հետպատիտ C-ն աճի տեմպեր է գրանցում և առաջիկա տասնամյակում դրանով հիվանդացության դեպքերը կավելանան երկու-երեք անգամով:

Լյարդի ցիրոզից, լյարդային անբավարարությունից ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են մահանում: Վիրուսային հեպատիտ B-ն համարվում է կառավարելի, սակայն անբուժելի հիվանդություն, մինչդեռ հեպատիտ C-են՝  համարվում է բուժելի, որքան էլ դրա դեմ վակցինա գոյություն չունենա»,- ասաց նա:

Բժշկի խոսքով, մեծ ինֆեկցում է նկատվում հատկապես 20 – 40 տարեկանների շրջանում:

«Հիվանդությունը փոխանցվում է բժշկական գործիքների, կոսմետիկ պրոցեդուրաների, արյան փոխներակման և սեռական ճանապարհով: Ինչ վերաբերում է հեպատիտ C-ով հիվանդությանը, ապա այն ևս աճման միտումներ է գրանցում: Եթե այս հիվանդությունը սեռական ճանապարհով անցնում է երեքից տասը տոկոսով, ապա հեպատիտ B-ի տարածումը սեռական ուղիով մոտ հիսուն տոկոս է: Ընդ որում, սրանք երկուսն էլ արյունածին հիվանդություններ են»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:

Մասնագետը տեղեկացրեց, որ Հայաստանը երկու վիրուսների առումով գտնվում է միջանկյալ դիրքերում:

«Միաժամանակ հեպատիտային վիրուսներով վարակվածների աճ է նկատվում: Այժմ հետազոտություններ ենք անցկացնում աղետի գոտում, ուր Սպիտակի երկրաշարժի տարում բազմաթիվ մարդկանց արյան փոխներարկումներ են կատարվել: Այնպես որ, հիվանդների թվաքանակի մասին ստույգ տեղեկություններ կունենանք մոտ մեկ տարի հետո»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Հասմիկ Ղազինյանը բոլոր ծնողներին հորդորեց չհրաժարվել ծննդատանը կատարվող համապատասխան պատվաստումից, որը մինչև ինննսուն տոկոսով նվազեցնում են երեխայի՝ մինչև հինգ տարեկանը հեպատիտ վիրուսներով վարակվելուց:

«Եթե ընտանիքում հեպատիտ B -ով հիվանդ կա, ապա բոլոր անդամները պետք է պարտադիր վակցինացիա անցնեն»,- ասաց նա:

Անի Ղազարյան




Լրահոս