Վերջին օրերին ներքաղաքական դաշում ամենաշատ քննարկվող թեման «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության ներսում տեղի ունեցող իրարանցումն է:
Նախ, Հովիկ Աղազարյանի շուրջ իրադարձություններ ծավալվեցին սեւ ամպեր կուտակվեցին ՔՊ-ական արդեն նախկին պատգամավորի գլխին: Նիկոլ Փաշինյանը դիմեց պատգամավորին հորդորելով վայր դնել
պատգամավորական մանդատը, ինչը սակայն մերժվեց, ինչից հետո նա հեռացվեց ՔՊ-ից։
Հաջորդը թիրախում հայտնվեց Հակոբ Ասլանյանը, որը եւս իր ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին պաշտպանելու համար հեռացվեց ՔՊ-ից:
Այս թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:
-Պարո՛ն Սուրենյանց, արդեն հստակ է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք փորձում են հակառակվել Նիկոլ Փաշինյանին, խիստ պատժվում են նրանց մասին տեղեկություններ են հանրայնացվում, խիստ վարկաբեկվում են, ապա կուսակցությունից եւ խմբակցությունից հեռացվում են: Քաղաքական ի՞նչ գնահատական կտաք սրան, ի՞նչ է անում իշխանությունը:
-Դասական ավտորիտարիզմ, նույնիսկ ես կասեի պերսոնիզացված ավտորիտարիզմ, երբ մեկ մարդու կամքը վեր է թե՛ օրենքից, թե՛ քաղաքական տրամաբանությունից: Ունենք Ձեր նշած իրավիճակը. ով որեւէ հարցում հակադրվում է, պատասխանատվության է ենթարկվում, եթե նույնիսկ հակադրությունը շատ ռացիոնալ է:
Օրինակ՝ Սահմանադրության 94-րդ հոդվածը արգելում էր, որ նա պատգամավորին դիմի մանդատը վայր դնելու խնդրանքով: Նման դեպքում, փաստորեն, Հովիկ Աղազարյանի հետ ոչինչ էլ չէր պատահի, նա կուսակցությունից չէր հեռացվի, նրա մասին այդ գռեհիկ նյութերը չէին տարածվի:
-Ի դեպ, անդրադառնալով նրան, որ պատգամավորի հեռախոսը առգրավել են եւ նամակագրությունը տվել են Նիկոլ Փաշինյանին ու 71 պատգամավորների եւ տեսել, թե ինչ կա այնտեղ: Ինչպե՞ ս եք սրան վերաբերվում:
-Նախ ես վստահ եմ, որ նամակագրությունը չեն տվել: Երկար տարիներ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին ես վստահ եմ, որ հենց հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է: Ըստ էության, տարբերությունը շատ մեծ չէ, թե ինչ են տվել, սակայն գործ ունենք ավտորիտարիզմի շատ գռեհիկ դրսեւորման հետ: Ես Հովիկ Աղազարյանին կամ որեւէ մեկին չեմ պաշտպանում, քանի որ բոլոր այն մարդիկ, որոնք համաձայնել են պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին սատարել, իրենց հարցում ես շատ որոշակի եւ Ձեզ համար կանխատեսելի վերաբերմունք ունեմ: Նրանք պաշտպանության ենթակա չեն, սակայն ես պաշտպանում եմ իմ երկրի Սահմանադրությունն ու քաղաքական տրամաբանությունը եւ բարոյականության նորմերը:
Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը