Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը «Խոսնակ Լրատվական» – ի սոցցանցային հրապարակումների դեմ «Մտքի ուժը» գիտակրթական ՀԿ ներկայացուցիչ Արամայիս Աղաբեկյանի բողոքի վերաբերյալ

Ա. ՓԱՍՏԵՐ

1. 2024-ի նոյեմբերի 24-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել «Մտքի ուժը» գիտակրթական ՀԿ ներկայացուցիչ Արամայիս Աղաբեկյանը՝ բողոքելով «Խոսնակ Լրատվական» կայքի ֆեյսբուքյան էջի մի շարք հրապարակումների դեմ։ Ըստ դիմումատուի՝ ալիքը ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով արցախցիների դեմ ատելության խոսք է քարոզում եւ նպաստում է ներազգային թշնամանքի հրահրմանը։ Որպես օրինակ ներկայացված 4 նյութերը ֆեյսբուքյան ռիլեր (կարճ տեսահոլովակներ) են, որոնցից երեքում ներկայացված են հայտնի հանրային գործիչների հարցազրույցներից կտրված հատվածներ։ Դրանք ուղեկցվում են տեսանյութի վրա ավելացված ենթագրերով («Արցախցիները Արցախը թալանել են, հիմա անցել են Հայաստանին», «Հայաստանում տաքուկ ապրածը արցախցուն չի հասկանա», «Արցախցիք հիմա էլ Հայաստանն են յուրացնում»), մեկ այլ նյութում ինչ-որ միջոցառման ժամանակ ենթադրյալ հաղորդավարը ճառ է ասում («Արցախցիները դեռ կենացով են փրկում Արցախը»)։

2. Դիտորդ մարմնի համակագրողը փորձել է կապ հաստատել Xosnak.am-ի խմբագրության հետ։ Պարզվել է, որ կայքում բացակայում է «Մեր մասին» բաժինը, չկան տեղեկություններ խմբագրի կամ բովանդակություն ստեղծողների, լրատվամիջոցի գործունեության հասցեի կամ կապի այլ միջոցների մասին։ «Խոսնակ Լրատվական»-ի ֆեյսբուքյան էջի միակ հեռախոսահամարը չի պատասխանել, անպատասխան է մնացել նաեւ էջում նշված էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակը։

Բ. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք Հոդված 11․

1. Նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկում պետք է ներառի`
1) լրատվության միջոցի անվանումը.
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը։

II. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի եւ սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս։

2.4. Հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ եւ արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները։
3.4.1․ Սոցիալական ցանցերում չտարածել հայտարարություն կամ կատարել գրառումներ, որոնք կարող են ընկալվել որպես ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական հայացքների կամ այլ հիմքով խտրականության դրսեւորում: Սա վերաբերում է նաեւ տեղադրվող լուսանկարին եւ տեսանյութին։
3.4.6․ Մոդերացնել լրատվամիջոցի սոցցանցային էջերի մեկնաբանությունների հրապարակումը՝ հնարավորինս հեռացնելով ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները:
5.1. Խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով։
5.2. Որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը։
6.1. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից։
6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։
6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։
6.4. Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության:

III. Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ լուսաբանումների ուղեցույց

…Ցանկացած խումբ՝ ազգային, տարածաշրջանային, կրոնական, գենդերային եւ այլն, միայն արտաքուստ է միասնական։ Այդ խմբերում միշտ կան մարդիկ, որոնք չեն կիսում մեծամասնության կամ առաջնորդող, հանրությանը հայտնի շերտի տեսակետները: Հետեւաբար, պետք է խուսափել ընդհանրացումներից։ Աշխատեք լրատվական նյութի մեջ չզետեղել այնպիսի տեսանյութեր/լուսանկարներ, որոնք կծառայեն արցախցիների (կամ բռնի տեղահանության ենթարկված որեւէ խմբի) մասին կարծրատիպերի խորացմանը:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ

5․3․ Ինքնակարգավորման նախաձեռնության (ԻՆ) անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում: Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում ԻՆ ոչ անդամների
հրապարակումների վերաբերյալ բողոքների քննությունից հետո ընդունել եւ հրապարակել փորձագիտական կարծիք կամ հայտարարություն:

Գ. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, խտրականության կամ ատելության խոսքի տարածումը կանխարգելելու անհրաժեշտության բերումով, քննության է առել ԻՆ անդամ չհանդիսացող «Խոսնակ Լրատվական»-ի դեմ «Մտքի ուժը» գիտակրթական ՀԿ ներկայացուցիչ Արամայիս Աղաբեկյանի բերած բողոքը եւ, ուսումնասիրելով բողոքում մեջբերված կարճ տեսանյութերը (ռիլերը), պարզել է, որ

➢ Կարճ տեսանյութերն, ըստ էության, այլ լրատվամիջոցների ստեղծած վիդեոկոնտենտից կտրված մեջբերումներ են՝ ուղեկցված կարճ տեքստային մեկնաբանություններով (1. «Արցախցիները Արցախը թալանել են, հիմա անցել են Հայաստանին», 2. «Հայաստանում տաքուկ ապրածը արցախցուն չի հասկանա», 3. «Արցախցիք հիմա էլ Հայաստանն են յուրացնում», 4. «Արցախցիները դեռ կենացով են փրկում Արցախը»:
➢ Թվարկվածներից առաջինը Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված հարցազրույցից կտրված մեջբերում է, որում քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը, խոսելով ՀՀում հաստատված արցախցի որոշ պատգամավորների մասին, ասում է, թե նրանք ՀՀ իշխանություններին աշխատավարձերի պահանջներ են ներկայացնում՝ այն դեպքում, երբ իրենք Արցախից դուրս գալուց առաջ պետական գույքը վաճառել են հանուն իրենց անձնական եկամտի եւ այլն։ Լրագրողի ճշտող
հարցին՝ «ո՞վ է դա արել», հյուրը պատասխանում է՝ «պատգամավորները»։ Մինչդեռ բողոքում քննվող կարճ տեսանյութում այդ մասը չկա, եւ հատկապես՝ ուղեկցող տեքստից դիտողը տպավորություն է ստանում, թե խոսքը բոլոր արցախցիների մասին է։ Կարճ տեսանյութի տակ արցախցիների մասին բազմաթիվ բացասական, ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ կան։
➢ «Հայաստանում տաքուկ ապրածը արցախցուն չի հասկանա» արտահայտությունը յութուբյան «ՓոդՔաթ» հաղորդման ժամանակ արել է հայաստանցի դերասանուհի Անաիս Սարդարյանը։ Համատեքստից կտրած տեքստային ուղեկցումը տպավորություն է ստեղծում, թե արցախցիները հանդիմանում են հայաստանցիներին՝ իրենց ցավերը չհասկանալու համար։ Ի հաստատումն այս ընկալման՝ կարճ տեսանյութի տակ արցախցիների մասին բազմաթիվ բացասական, ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ կան։

➢ Երրորդ ռիլը՝ «Արցախցիք հիմա էլ Հայաստանն են յուրացնում.

Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, արցախցին փախավ կռվից» տեքստի ուղեկցությամբ, հատված է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցից։ Անհասկանալի է, թե որտեղից է «Խոսնակ Լրատվական»-ը վերցրել կարճ տեսանյութին ուղեկցող տեքստը, քանի որ Բաբայանն իր խոսքում նման բան չի ասում։
➢ Չորրորդ տեսանյութն ինչ-որ միջոցառումից մեջբերում է, որտեղ հավանաբար միջոցառումը վարողը կամ հրավիրյալ դերասանը ճառ է արտասանում Արցախի մասին, իսկ տեսանյութը վերնագրված է՝ «Արցախցիները դեռ կենացով են փրկում Արցախը»։

Հանրագումարի բերելով վերոնշյալը՝ Դիտորդ մարմինն արձանագրում է, որ լրատվամիջոցը կոպտորեն խախտել է բարեխիղճ լրագրության ընդունված պատկերացումները, եւ բողոքում ներկայացված նյութերը հակասության մեջ են մտնում Էթիկայի կանոնագրի մի շարք կետերի հետ, քանի որ՝
ա) տեսանյութերին ուղեկցող տեքստերը չեն բխում նյութի բովանդակությունից, մեջբերումներն օգտագործվել են համատեքստից դուրս (Կանոնագիր, կետ 1.6.),
բ) չի հարգվել կարճ տեսանյութերում օգտագործված բովանդակությունն ստեղծողերի հեղինակային իրավունքը, մեջբերումներ կատարելիս չեն նշվել աղբյուրները (կետ 2.4.),
գ) տարածված տեսանյութերը կարող են ընկալվել որպես արցախցիների նկատմամբ խտրականության դրսեւորում (3.4.1․),
դ) չեն մոդերացվել լրատվամիջոցի սոցցանցային էջի մեկնաբանությունները․ չեն հեռացվել ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները (3.4.6․),
ե) տեսանյութերում մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունք կա` նրանց աշխարհագրական պատկանելության եւ սոցիալական կարգավիճակի պատճառով (5.1.),
զ) տեսանյութերը թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, աշխարհագրական հայտանիշներով խտրականություն եւ ատելության խոսք են տարածում (5.2.): Փաստորեն՝ «Խոսնակ Լրատվական»-ը խախտել է նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը՝ չտեղադրելով այնպիսի կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով հնարավոր լինի հետադարձ կապ հաստատել խմբագրության հետ։ Սրանով, միաժամանակ, խախտվել է հանրության առջեւ հաշվետու լինելու համընդհանուր էթիկական սկզբունքը։




Լրահոս