ԻՆՉՈՒ Է ՀԵՏԱՁԳՎԵԼ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքում Էկոպարեկային ծառայության մեկնարկը հետաձգվել է, քանի որ մարզում լայն թափով վարչական շենքեր են նորոգում եւ վերանորոգում Ծառայության համար։ Սովետական միության Անտառային տնտեսությունը 30 տարի անց դարձել է Էկոպարեկային ծառայություն, որը պետական բյուջեի վրա, կարծես, թանկ է նստում։

«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար։

«Ազատության» հետ զրույցում ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն ասել էր, որ էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը:

Էկոպարեկային ծառայությունը ծախսել է 58 մլն 504 հազար դրամ Սյունիքի մարզային վարչության Գորիս քաղաքի տեղամասի վարչական շենքի,  Զանգեզուրի տեղամասի վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման համար, իսկ 3-րդ 9 մլն 120 հազար դրամն էլ հատկացվել է Երեւանում Էկոպարեկային ծառայության վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման աշխատանքների համար։

Այս գումարով Նիկոլ Փաշինյանը կարող էր գրեթե 4 անգամ Սեւանի շուրջ հեծանվավազք կազմակերպել։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած Սարիկ Մինասյանը, ով անկուսակցական է, Նիկոլ Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել: Նշենք, որ կուսակցության անդամակցությունը որոշում է ՔՊ վարչությունը: Մեր տեղեկություններով՝ ՔՊ primaries-ին մասնակցած բայց չհաղթած, մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի ազգականը, նշանակվելու է փոխքաղաքապետ: Վերջինս 2023 թվականին եւս զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը:

 

 

 

 

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինեն։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին համայնքի ավագանին նիստ է հրավիրել՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով, սակայն 3 խմբակցությունները՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը, թեկնածու չեն առաջադրել, ավագանին իր կազմից համայնքապետ չի ընտրել։ Օրենքի համաձայն, եթե 14 օրվա ընթացքում ավագանին քաղաքապետ չընտրի, ապա կլուծարվի, եւ նոր ընտրություններ կլինեն՝ ինչպես Գյումրիում։ Իշխանությունները մտադիր են հենց այս ճանապարհով էլ գնալ. համայնքապետ չեն առաջադրի, որպեսզի նոր ընտրություններ լինեն։ Ի տարբերություն Գյումրու, սակայն, այստեղ խոչընդոտներ չկան: ԺՊ նշանակելու անհրաժեշտություն չկա, քանի որ կա համայնքապետի տեղակալ՝ Կարապետ Արթենյանը, ով օրենքով պետք է կազմակերպի ընտրությունները։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել: Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երեւանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության վայրում էր եղել եւ այս թեմային մասնակից էր նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը մինչ օրս ղեկավար չունի: Հիշեցնենք, որ Փարաքարում համայնքապետի ընտրության ոդիսականը վաղուց է սկսվել, երբ  ՔՊ-ն «զոռբայությամբ» ու ճնշումների միջոցով Փարաքարում խլեց իշխանությունը ու իր թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին «դարձրեց» քաղաքապետ: Այսպիսով՝ դեռ այս տարվա մայիսի 21-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու  եւ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։ Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, սակայն ՔՊ-ի ճնշումների ներքո ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը ընտրեց ՔՊ թեկնածուին։ Ինչպես «Ապրելու երկիր»-ն էր հայտարարել՝ Երիցյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, իսկ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ընտրվեց համայնքի ղեկավար:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը 700 հազար դրամ ընդհանուր արժեքով ձեռք է բերել 100 շապիկ։ 50 շապիկն արժեցել է 6500 դրամ, իսկ մյուս 50 շապիկը՝ 7500 դրամ։ Թե շապիկներն ինչի համար են գնվել, պայմանագրում այդ մասին ոչինչ նշված չէ։ Վարչապետի աշխատակազմին զուգահեռ ներքին գործերի նախարարությունը գնել է 10 հատ կանացի շարֆ, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 10 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ 100 հազար դրամ գումար է ծախսվել։ Հարցական է, թե նման ճոխ գնումներն ում համար են։

 




Լրահոս