ՈՐՏԵՂ ՍԽԱԼՎԵՑ ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին ընդամենը օրեր առաջ ՔՊ-ականները 3 պատերազմի մասնակից հերոս էին համարում, մի լավ քարկոծություններից հետո հեռացվեց խմբակցությունից։

 

Իսկ ինչից սկսվեց ամեն բան։

Դեկտեմբերի 11-ին Հակոբ Ասլանյանը, ինչպես ինքն է բնորոշում, էմոցիոնալ ու տաք գլխով հայտարարեց, որ մեկ ամսով դադարեցնում է անդամակցությունը ՔՊ խմբակցությանը։

Իսկ պատճառը իր գործընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն էին։ Պատգամավորը պահանջում էր ՔՊ խմբակցությանը պատգամավորների խումբ կազմել, որոնք կուսումնասիրեն ու նոր որոշում կկայացնեն Հովիկ Աղազարյանի վերաբերյալ։

Պատգամավորի այս հայտարարությունից հետո 3 պատերազմների մասնակից Հակոբ Ասլանյանն ընդամենը ժամերի ընթացքում ՔՊ-ի համար վերածվեց դավաճանի եւ դասալիքի։

Այնուհետեւ, ՔՊ-ի սառը ցնցուղից հետո Հակոբ Ասլանյանը փոշմանում է ու մեղայական հրապարակում իր ֆեյսբուքյան էջում, որ իր հայտարարությունը սխալմունք է եղել։

Համացանցից օգտվելու հմտություններ չունեցող Հակոբ Ասլանյանը, սակայն, ավելի է խճճում իրավիճակը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում նա հրապարակում է իր մեղայականի screenshot-ները եւ մատնում, որ փոշմանելու տեքստը իր հոգեզավակ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն է գրել։

ՔՊ-ականները ավելի են գրգռվում այս մատնությունից ու ուշ երեկոյան հրատապ նիստ են անում ու հեռացնում Հակոբ Ասլանյանին խմբակցությունից. ինչպես պարզաբանում են ՔՊ-ից՝ լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաեւ կուսակցության որդեգրած արժեքների եւ քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով։

Հարկ է հիշել նաեւ, որ անգամ պատերազմում պարտությունից ու կորուստներից հետո Հակոբ Ասլանյանը անձնուրաց պաշտպանում էր ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, ինչի համար շատ դեպքերում հանրության կողմից քննադատվում էր։

Բայց, արի ու տես, որ ընդամենը օրեր առաջ 3 պատերազմի մասնակից ու հոգով-սրտով ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը այսօր տհաճ ձեւով վարկաբեկվում է հենց իր թիմակիցների կողմից։

ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԸ» ԱԶԱՏՎԵՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ

Կառավարությունն իր երեկա՝ դեկտեմբերի 12-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Այս ընկերության կողմից մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 171 ավտոբուսներով՝ Երեւանի տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

Նախատեսվում է ներկրել Zhongtong մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ եւ 38 կանգնած ուղեւորների տեղափոխման հնարավորությամբ թվով 171 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 67 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով եւ ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը եւս 8-ով, միաժամանակ՝ ուղեւորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 20.4 մլն ուղեւորով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6.3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 1433 աշխատատեղ 391 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչեւ 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչեւ 1878-ի՝ 407 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 945 մլն դրամ:

 

 




Լրահոս