Երեւանի քաղաքապետարանը ամանորյա եռուզեռի եւ նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Տարբեր վարչական շրջաններ արդեն իսկ պատրաստվում են ամանորյա տոնական միջոցառումներին՝ դրանց հետ մեկտեղ ապահովելով տարբերվող եւ յուրօրինակ զարդարանքներով։
Հենց նման նախաձեռնության շրջանակում էլ Էրեբունի վարչական շրջանի ամանորյա ծառայությունների ձեռքբերումների համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 7 մլն հազար դրամ։
Երեւանի քաղաքապետարանը Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի ԱՁ-ի հետ պայմանագիր է կնքել Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի փողոցների տոնական լուսավորության ծառայությունների համար։
Պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի եղանակով։
Պայմանագրող սահմանվում է. «Ամանորյա տոներին ընդառաջ Էրեբունի վարչական շրջանի կենտրոնական փողոցները՝ Տիգրան Մեծ, Էրեբունի եւ Սասունցի Դավիթ, ձեւավորել տոնական լույսերով եւ լուսային դեկորներով։ Էրեբունի փողոցն ամբողջությամբ՝ երկու կողմերից, ամրացնել ամուր մետաղալարերով, որոնց վրա պետք է կախել լուսային դեկորներով շղթաներ։ Շղթային ամրացված դեկորների միջանկյալ հեռավորությունը պետք է լինի 2մ, սյունից սյուն։ Թափվող լույսերը պետք է ունենան սառցե բեկորների տեսք։ Շղթաները փողոցների վրա պետք է ամրացվեն հնարավորինս խիտ տարբերակով` բոլոր առկա սյուների վրա։ Էրեբունի արգելոց թանգարանի հարակից տարածքում տեղադրել 2025 թվականի պատկերով լուսային դեկոր՝ լեդ լույսերով, որի բարձրությունը՝ 2,5-3 մետր, երկարությունը՝ 5 մետր: Այն պետք է լինի երկաթե կոնստրուկցիայով, որն ամբողջությամբ պատված կլինի լեդ լույսերով։ Կայարանամերձ հրապարակում՝ դեպի գլխավոր տոնածառ տանող հատվածում, կառուցել 8 մետր երկարությամբ լուսային կամարի տեսքով ուղի, իսկ 2 մուտքերի մոտ կառուցել մետաղական կոնստրուկցիայով լուսային կամարներ։ Անհրաժեշտ է էրեբունի թանգարանի հարակից տարածքում եւ վարչական շրջանի տարբեր հատվածներում կատարողի կողմից տեղադրվեն մեծ խաղալիքների, նվերների տուփերի կամ հրեշտակների տեսքով լուսային դեկորներ՝ ընդհանուր 8 հատ»։ Ձեւավորումը ավարտելուց հետո՝ մատակարարը պետք է երեկոյան ժամին լուսանկարահանի եւ տեսանկարահանի ամբողջ ձեւավորումը, պատրաստի 1-2 րոպե տեւողությամբ տեսանյութ եւ տրամադրի պատվիրատուին։
Ըստ պայմանագրի՝ ամանորյա տոներից հետո պետք է կազմակերպել ամբողջ գույքի՝ լուսային շղթաների եւ դեկորների ապամոնտաժումը կատարողի կողմից եւ միջոցներով՝ պատվիրատուի սահմանած ժամկետներում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ 2 մլն դրամ Երեւանի քաղաքապետարանը հատկացրել էր Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա միջոցառումը կազմակերպելու համար, իսկ 5 մլն դրամ էլ հատկացվել էր Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառման համար, 15 մլն 939 հազար դրամ Արաբկիր վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՑՆՑՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել՝ Տավուշի մարզպետարանը տեղեկություններ ունի՞ , թե 2024 թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ մարզի հանրակրթական դպրոցների շենքերից քանի՞սն ունի հիմնանորոգման, քանի՞սը՝ վերանորոգման, քանի՞սը՝ մասնակի նորոգման կարիք, խնդրում ենք հայտնել այդ տեղեկատվությունը։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների հիմնանորոգման, վերանորոգման կամ մասնակի նորոգման խնդիրներով զբաղվում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի կողմից ստեղծված մասնագիտական խումբը, ինչի վերաբերյալ Տավուշի մարզպետի աշխատակազմը պարբերաբար տեղեկացվում է»։ Մարզպետի աշխատակազմը պարբերաբար տեղեկացվում է հիմնանորոգման, վերանորոգման կամ մասնակի նորոգման կարիք ունեցող, իր ենթակայության ներքո գործող մարզի հանրակրթական դպրոցների մասին, ինչո՞ւ այդ տեղեկատվությունը չեն տրամադրում։
ՄԱՐԶՊԵՏԸ ԽՆԴԻՐԸ ԳՑՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒՍԵՐԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե Տավուշի մարզում ներկայումս հակակարկտային քանի՞ կայան է գործում, 2018 թվականից հետո մարզում քանի՞ կայան է տեղադրվել, 2025 թվականին քանի՞ կայան է նախատեսվում տեղադրել։ Մարզպետարանից պատասխանել են. «Մարզում գործում են 14 հակակարկտային կայաններ (Նոյեմբերյան համայնքում)։ Հետագայում կայանների տեղադրման նպատակահարմարությունը կարող է որոշել համայնքն իր միջոցներով»:
Մարզում գործող բոլոր 14 կայանները տեղադրվել են մինչեւ 2018 թվականը, մարզի 4 համայնքներից 3-ում ՝ Դիլիջանում, Իջեւանում եւ Բերդում, հակակարկտային կայաններ չկան, մարզպետի պատասխանից դատելով՝ 2025 թվականին դրանք չեն նախատեսվում։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը հակակարկտային կայանների գնման, տեղադրման խնդիրը գցում է համայնքների ուսերին, մինչդեռ դա պետք է լիներ պետության խնդիրը։
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՊԱՏԸ՝ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ
Դիլիջանի համայնքապետարանի շենքից մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող Մատինովի աղբյուրը կա։ Այն կառուցել է Թիֆլիսի քաղաքապետ, հայազգի Ալեքսանդր Ստեփանյան-Մատինյանցը` Մատինովը։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն ու համայնքապետարանի պաշտոնյաներն ամեն օր անցնում են պատմական աղբյուրի մոտով, սակայն չեն նկատում, որ աղբյուրին կից պատի երեսպատման կարմիր քարերը թափվել են։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ