«Հրապարակ» թերթ-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ է բերել, որը եւս խնդրահարույց է։ Դեռ նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման եւ 24-ժամյա տեսահսկման իր նախագիծը։ Մինչ այդ` կոշտ քննադատության պայմաններում, հունիսին նախագիծն ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատվել էր ՔՊ-ի կողմից։ Օրենքով՝ մասնավոր ընկերությունները պարտավորվում էին շինությունների մոտ տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, իսկ տեսագրությունները պահել առնվազն 15 օր:
Հիմա մի քանի օր է՝ Հայկ Սարգսյանն է շրջանառության մեջ դրել համանման նախագիծ, որով ոչ թե ուղիղ ոստիկանությանը, այլ ՏԻՄ-երին, համայնքներին են տալիս այդ լիազորությունը՝ պարտավորեցնելով, որ համայնքի ղեկավարը ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հասանելիություն տրամադրի համայնքի մուտքերը եւ ելքերը, համայնքային ենթակայության կազմակերպությունների շինությունները դրսի կողմից, ինչպես նաեւ՝ տվյալ ՏԻՄ կառավարման եւ (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին: Նախագծի հիմնավորումը նույնն է՝ «մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության եւ այլ հակահասարակական վարքագծի դրսեւորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի»»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: