ՀԱՐՑ. Եթե մեկ օրացուցային տարվա ընթացքում ֆիզիկական անձը վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը, նույն տարում ձեռք բերել նորը եւ կրկին վաճառել, այդ դեպքում հարկային պարտավորություն առաջանո՞ւմ է թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Այս դեպքում բնակարանի օտարման երկրորդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման (ԱԱՀ-ի շեմը տվյալ դեպքում չի կիրառվում):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ-որ առումով անշարժ գույքի բազմակի վաճառքի դեպքում ԱԱՀ-ի կիրառումը տրամաբանական է: Բնակարանն, ի վերջո, թաշկինակ չէ, որ մարդը շարունակաբար վաճառի ու նորը գնի: Նման դեպքերի համար կարելի է ասել, որ կա՛մ քաղաքացին անշարժ գույքի առք ու վաճառքով է զբաղվում, կա՛մ էլ այնքան գումար ունի, որ այն բարձի տակ չպահելու նպատակով մեկը մյուսի հետեւից տներ է ձեռք բերում: