Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրումը, որը իրական պատուհաս է շարքային քաղաքացիների համար, ստեղծել է մի շարք անախորժություններ։
Բանն այն է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման հետ կապված մե՛կ մի բան են ասում, մե՛կ այլ բան և այդպիսով քաղաքացիները, որոնք պետք է ներկայացնեն հայտարարագիր, հայտնվում են իրական խառնաշփոթի մեջ։
Այս համակարգն այնքան թերի և բարձիթողի վիճակում է, որ անգամ երկրի ղեկավարը դժվարացել է ինքն իր հայտարարագիրը ինքնուրույն լրացնել և այդ պատճառով էլ երեկ հավաքել էր մի ամբողջ համակարգի, որպեսզի լրացնեն հայտարարագիր։
Չնայած այն հանգամանքին, որ վարչապետի խոսքերով հայտարարագրի շնորհիվ կբացահայտվի կոռուպցիան և հայտարարագիր ներկայացնելու հաճույքը կզգան շատերը, ստացվել է այնպես, որ վարչապետն ինքն անձամբ է խճճվել։
Համակարգն այնքան խճճված ու թերի է, որ հայտարարագիր ներկայացնող մարդիկ չգիտեն, թե իրենց կատարած որ գործարքները, ստացած գումարներն են հայտարարագրելու։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե որ դեպքում է հայտարարագրվելու և հարկվելու գումարը։
Այսպիսով, եթե ընկերներով սրճարանում եք եղել և ստացված հաշիվը փակել է ձեզանից մեկը, իսկ մյուսները պետք է գումար փոխանցեն հաշիվը փակող ընկերոջը, ապա այդ փոխանցվող գումարները չեն հայտարարագրվելու և հարկվելու, եթե մինչև 300․000 դրամ են։
Եթե ձեր կատարած գործարքը 300․000 դրամից ավելի է, ապա այն պետք է հայտարարագրեք, սակայն այն չի հարկվելու։
Եթե արտերկրից գումարային տեսքով ստացել եք նվիրատվություն կամ փոխանցված գումարը անհատույց բնույթ է կրում և 300․000 դրամից ավելի չէ, ապա այն չի հայտարարագրվելու։ Եթե ստացված գումարը գերազանցի 300․000 դրամը, ապա այն պետք է հայտարարագրել, սակայն երկու դեպքերում էլ հետաքրքիրն այն է, որ ստացված գումարը հարկման ենթակա չէ։
Ստացվում է այնպես, որ հայտարարագրման ենթակա գումարի շեմը սահմանվել է մինչև 300․000 դրամը և մինչև 300․000 դրամ ստացված գումարները հայտարարագրման և հարկման ենթակա չեն։
Նշենք նաև, որ ոչ թե մեկ տարվա կտրվածքով արված փոխանցումների, այլ միանվագ կատարված գործարքների մասին է խոսքը։
Եթե համառոտ, ապա չեն հայտարարագրվելու անշարժ և շարժական գույքերը, ձեր կատարած ծախսերը, նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված 300․000 դրամից պակաս եկամուտները, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակ փոխանցումները, հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարած փոխանցումները, ԱՁ-ի եկամուտները։
Այս ամենից հետո պետք է հուսալ, որ կրկին բողոքի հսկայական ալիքից հետո ինչ-որ բան չի փոփոխվի հայտարարագրման և հարկման հետ կապված և այդպիսով էլ հասարակ քաղաքացին, որը հարկեր է վճարում և համարվում է հերոս, չի հայտնվի անելանելի իրավիճակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան