«Հրապարակ» թերթ-ը գրում է. «ՀՀ կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաեւ օբյեկտները կարեւորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2073-Ն որոշումը: Այսինքն, կազմել է այն շենքերի ցանկը, որը պետությունը հարկ է համարում պահպանել` ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից:
Վերջին անգամ այդ ցանկը հաստատվել էր դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2004-ին։ Մենք համեմատեցինք նախորդ ու ներկայիս ցանկերը եւ ուշագրավ բաներ հայտնաբերեցինք: Մեծ թվով պետական շինություններ այս կառավարությունը դուրս է բերել պահպանվող օբյեկտների ցանկից, եւ նոր ցանկը չափազանց խոսուն է: Նոր որոշմամբ, օրինակ, ՆԳՆ ոստիկանության կողմից պահպանվող օբյեկտների ցանկից դուրս են բերվել պետական թանգարանները, մարզադպրոցները եւ այլն։ Այս շենքերն այսուհետ կարող են պահպանվել, եթե շենքերում տեղակայված կառույցները մասնավոր պահնորդական ընկերությունների հետ պայմանագրեր կնքեն, դրա դիմաց իրենց միջոցներից վճարեն։ Ստացվում է, որ պետական բյուջեից այլեւս գումար չի ծախսվելու այդ կառույցների պահպանության վրա, փոխարենը` գումար է ծախսվելու, օրինակ, Անվտանգության խորհրդի, դատախազության, Քննչական կոմիտեի, Սահմանադրական դատարանի, պետական որոշ այլ կառույցների անվտանգությունն ապահովելու համար: Երեւի աշխատել է այն տրամաբանությունը, որ ոստիկանությունն ավելի «լուրջ» անելիքներ ունի` հակաիշխանական ցույցերի ժամանակ կամ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական պաշտպանության համար։
Հին որոշման համաձայն, այս շենքերի պահպանությունն իրականացնում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն։ Պարզ ասած՝ եթե կառավարության շենքի ներսը հսկում է ՊՊԾ-ն, մյուսները ոստիկանությունն էր պահպանում։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կա՛մ մասնավոր ընկերությունները, կա՛մ տվյալ կառույցները պետք է պահակներ գտնեն՝ իրենց շենքերի անվտանգությունն ապահովելու համար։
Նախորդ ու ներկայիս ցանկերի համեմատությունից պարզեցինք, որ այս իշխանություններն այլեւս նպատակահարմար չեն համարում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Ազգային ֆիլմադարանի, Ռուսական արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պահպանությունը: Այդ բոլոր շենքերը հանվել են պետական պահպանության օբյեկտների ցանկից։ Դրանց փոխարեն ուրիշ շենքեր են ավելացել: Օրինակ, պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկում է հայտնվել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Այստեղ է նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանի հանրային ռադիոընկերությունը։ Եթե հեռուստաընկերությունների դեպքում ինչ-որ տեղ հասկանալի է, ապա ինչո՞վ է նման պատվի արժանացել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը։
Ստացվում է՝ պետությունը բախտի քմահաճույքին է թողնում ազգային, պետական արժեք ներկայացնող շենքերը, դրանցում գտնվող նյութական ու ազգային արժեքները, եւ կամայական ցուցակ է կազմվել։ Պատմաբան Վահե Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես հասկանում եմ, որ այս փուլում սրբորեն պահպանվում են ու փայփայվում միայն այն հաստատությունները, որոնք մեծ արժեք ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, խոսքը կառավարական շենքերի, ամառանոցի, ինչու չէ՝ նաեւ Ձեր նշած հայտնի ՊՈԱԿ-ի մասին է, բայց, ի վերջո, պետք է հասկանալ` եթե այս արեւի տակ ուզում ենք տեղ ունենալ իբրեւ քաղաքակրթություն, ապա թուրքերի օրինակով մենք էլ պետք է ամեն գնով փրկենք մեր ազգային ունեցվածքը, մինչեւ որ ՀՀ իշխանությունը դառնա իրապես հայկական»:
Մենք տեղեկացանք, որ ցանկը հաստատելու համար տեւական քննարկումներ են եղել, եւ որոշ պետական կառույցներ դեմ են եղել այս փոփոխությանը, առարկություններ են ներկայացրել։ «Այն մարմինների համար, որոնց օբյեկտների ոստիկանական պետական պահպանությունը դադարեցվելու է, նախատեսվել է ողջամիտ ժամկետ՝ մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, անհրաժեշտության դեպքում մասնավոր պահնորդական կազմակերպությունների հետ պահպանության պայմանագրեր կնքելու համար»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ըստ ՆԳՆ-ի, պահպանվող կառույցներն ընտրվել են հետեւյալ չափորոշիչներով՝ «մարդկային եւ արժեքների կուտակում, օբյեկտի տեխնիկական առանցքային հանգույց կամ ռազմավարական խոցելիության հավանական մակարդակ»՝ տեռորիստական ակտի տեսանկյունից։ ՆԳՆ-ն առաջարկում է պահպանության համար մրցույթներ անցկացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների միջեւ եւ, առհասարակ` քննարկել օբյեկտը պահպանելու նպատակահարմարության հարցը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: