ՈՒՐԱՆԻ ՓՆՏՐՏՈՒՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներին թվում էր, որ անցած տարվանից վտանգն անցել է, եւ իրենք կարող են հանգիստ ապրել իրենց տներում: Բանն այն է, որ կառավարությունը, ի դեմս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, հայտարարել էր, որ ուրանի հետազոտման աշխատանքներն ավարտվել են, անհրաժեշտ պաշարներ չեն հայտնաբերվել: Բայց մոտ մեկ ամիս առաջ նորից սկսվեցին որոնողական աշխատանքները:
Չորս օր առաջ տեխնիկա է բերվել, եւ ամեն օր հորատումներ են իրականացվում: Երկրաբանահետախուզական եւ որոնողական աշխատանքներն իրականացնող «Աբվան» ընկերության տնօրեն Յուրիկ Գեւորգյանը, սակայն, կարծում է, որ բնակիչների անհանգստությունները հիմնավոր չեն: «Մենք պայմանագիր ունենք «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» հետ եւ մեր գործն ենք անում, կուսումնասիրենք եւ կհեռանանք, ուրան դեռ չի հայտնաբերվել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ հակաուրանյան պայքարը նախաձեռնել էին Կապանի «Ազատամարտ» կոմիտեն եւ Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամը: Դեռեւս անցած տարի հանրահավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, միաժամանակ հավաքվեց մոտ 14 հազար ստորագրություն, որոնք ուղարկվեցին երկրի բարձրաստիճան իշխանավորներին: Դրանից հետո հայտարարվեց, որ ուրանի պաշարներ չկան: Սակայն այսօր սյունեցիները համոզված են, որ հայրենի կառավարությունը խաբել է իրենց: «Այդ դեպքում ինչո՞վ են բացատրում, որ նորից եկել են, տեխնիկա են բերել, գիշեր-ցերեկ փորում, փորում են»,-հարցնում են լեռնաձորցիները:
Ի դեպ, անցած տարիներին ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների համար Լեռնաձոր բերված հորատող մեքենան հրկիզվել էր: Այս օրերին աշխատակիցները մեքենայի հրկիզման մեջ մեղադրեցին հակաուրանյան շարժումը սկսած ՀԿ-ների ներկայացուցիչներին, եւ նույնիսկ քրեական գործ հարուցվեց, բայց այդպես էլ մեղավորներ չհայտնաբերվեցին: Իսկ լեռնաձորցիները մինչեւ օրս էլ պնդում են, որ մեքենան կայծակից ինքնահրդեհվել էր:
Այս օրերին Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանն արդեն սկսել է պայքարը, սակայն դեռեւս առաջարկում է քաղաքակիրթ ձեւը: Ըստ այդմ, նա բոլոր հայերին, որոնք մտահոգ են երկրի ապագայով, հորդորել է վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-ի պատին գրել. «Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում. մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը»:

Ա. ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս